«Իմ ընտանիքը և ես վերջին ժամանակներս մեծ սթրեսի և տանջալի անհանգստության վիճակում ենք». Բրիթնի Սփիրս

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հոգեբուժական կլինիկայից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ եւ իր ստեղծագործության երկրպագուներին խոստացել է շուտով բեմ վերադառնալ։

«Ամեն ինչ լավ է: Իմ ընտանիքը եւ ես վերջին ժամանակներս մեծ սթրեսի եւ տանջալի անհանգստության վիճակում ենք, ուստի ինձ մի փոքր ժամանակ է հարկավոր վիճակս շտկելու համար: Մի անհանգստացեք, ես շատ շուտով կվերադառնամ»,-խոստացել է նա իր ուղերձում, որը տեսագրվել եւ զետեղվել է Instagram-ում:

«Լուրեր են տարածվել իմ ընտանիքի եւ իմ թիմի նկատմամբ հաշվեհարդարների սպառնալիքների մասին, ամեն տեսակ անհեթեթություններ են դուրս տալիս: Ես փորձում եմ ժամանակ գտնել մենակ մնալու համար, սակայն վիճակս ավելի ու ավելի ծանրանում տեղի ունեցողի պատճառով: Մի հավատացեք այն ամենին, ինչ որ կարդում եւ լսում եք»,-գրել է Սփիրսը:

TMZ ինտերնետ-ռեսուրսին հաջողվել է ապրիլի 24-ին տեսանյութ նկարահանել, թե ինչպես Է երգչուհին պահապանների ուղեկցությամբ խանութ մտնում, այնուհետեւ նստում է ավտոմեքենա եւ հեռանում: Ապրիլի սկզբին Սփիրսը պառկել էր հոգեկան խանգարում ունեցողների համար նախատեսված կլինիկա: Ինչպես հայտնել է TMZ-ն, երգչուհին մասնագետների օգնության կարիք է ունեցել, քանի որ ծանր է տանում հոր լուրջ հիվանդությունը, որը մի քանի շաբաթվա ընթացքում երկու անգամ վիրահատության է ենթարկվել: Հունվարին Սփիրսը Twitter-ում գրել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է համերգներ տալ այն պատճառով, որ իր հայրը «հոսպիտալացվել է եւ հազիվ է փրկվել մահից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: