«Դեմ եմ, երբ հասարակության կարծիքը մերժում են, բայց չպետք է նեղացնես ինքդ քեզ»․ Լուիզա Ներսիսյանը` իր ոճի և նորաձևությանը հետևելու մասին

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանին հեռուստատեսային տարբեր նախագծերի շրջանակում հազիվ թե հանդիպեք նույն զգեստով։ Եթե եթերի համար դերասանուհին կերպարներն ընտրում է նախապես, առօրյայում ճիշտ հակառակն է։ Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան խոսել է նորաձևության հանդեպ իր վերաբերմունքի, հագուստ ընտրելու սկզբունքի և զգեստապահարանի մասին։

Նորաձևությանը կրնկակոխ հետևելուն դերասանուհին դեմ է, ինքն աշխատում է միտումներին ծանոթ լինել, բայց ընտրել միայն այն, ինչն իրեն հոգեհարազատ է, իր ոճին համապատասխան։

«Ես կողմ եմ, երբ գոյություն ունի հարմոնիա ներքինի և արտաքինի միջև։ Նորաձևությանը կուրորեն չեմ հետևում, միաժամանակ, դեմ եմ, երբ բոլորովին մերժում են նորաձևության տենդենցները։ Կան նաև ծայրահեղություններ` նորաձևությանը կրնկակոխ հետևողների հակառակ կողմը՝ մարդիկ, որոնք ասում են, թե հագնում են այն, ինչն իրենց հարմար է, ինչի մեջ իրենց լավ են զգում։ Կարծում եմ` սա նույնպես ճիշտ չէ»,- ասաց դերասանուհին` հավելելով, որ նորաձևությանը պետք է հետևել՝ հասկանալու այն սահմանը, որտեղ հնարավոր է համատեղել հարմարավետությունն ու նորաոճ լինելը։

Երբ խոսքը վերաբերում է հագուստին, ըստ դերասանուհու, հասարակության կարծիքն անտեսել պետք չէ։ «Կարևորում եմ հանրության կարծիքը, ըստ իս, ցանկացած ասպարեզում պետք է քեզ կարողանաս ճիշտ մատուցել քեզ։ Դեմ եմ, երբ հասարակությանն ամբողջությամբ մերժում են՝ տրվելով միայն սեփական էմոցիաներին, զգացմունքներին, պատկերացումներին, բայց այստեղ նույնպես կա մի նուրբ գիծ՝ դու պետք է հարմարվես հասարակությանը, բայց չնեղացնես նաև ինքդ քեզ` քո տեսակին։ Սա շատ հետաքրքիր ու կարևոր բան է»,- նշեց Լուիզան` հավելելով, որ իր տեսակետը վերաբերում է հատկապես հագուստին, նորաձևությանն ու սեփական ոճն ունենալուն։

«Այն, ինչ կրում ես և դուրս գալիս հասարակության մեջ, որոշակի պատասխանատվություն է պահանջում։ Այստեղ կարևոր է նաև հանգամանքը, որ դու հանրային մարդ ես, քեզ հետևում են բազմաթիվ մարդիկ»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով տարբեր նախագծերում իր կերպարներին՝ Լուիզա Ներսիսյանն ասաց․ «Այն նախագծերը, որոնցում աշխատում եմ, համագործակցում են մասնագետների հետ, նրանք էլ ապահովում են իմ էկրանային կերպարները, և դրանք, այո, չեն կրկնվում։ Այսինքին` ամեն ինչ անում ենք, որպեսզի չկրկնվեն, ամեն անգամ լինեմ նորովի` նոր զգեստով, նոր կերպարով։ Եվ, իսկապես, այդ հանգամանքը շատ եմ կարևորում»։

Անդրադառնալով առօրյա հագուստի ընտրությանը` Լուիզան նշեց, որ իրեն տրամադրության մարդ է համարում, ըստ տրամադրության էլ ընտրում է առօրյա հագուստը։

«Սովորաբար նախապես չեմ պլանավորում, թե ինչ պետք է հագնեմ հաջորդ օրը, կոպիտ ասած, կձախողվի` հաշվի առնելով փաստը, որ կարող եմ առավոտյան արթնանալ, ունենալ բոլորովին այլ տրամադրություն, նայել հայելու մեջ ու մտածել, որ այդ հագուստն ինձ չի սազում»,– ասաց նա։

 

 

 

Աղբյուրը՝  life.tert.am