«Շատ խնդիրներ մնացել են հետեւում, եւ հիմա կարող եմ մտածել անձնականիս մասին». Արտակ Վարդանյան

Լրագրող, հաղորդավար Արտակ Վարդանյանը BRAVO.am-ի հետ նոր զրույցում պատմել է մասնագիտական գործունեության, ոճային կերպարի ու, վերջապես, անձնականում ակնկալվող փոփոխության մասին:

– Այսօր եթերում եք առավոտյան ծրագրով. հե՞շտ էր հարմարվել գրաֆիկային փոփոխությանը:
– Ես հարմարվում եմ ցանկացած գրաֆիկի, քանի որ շատ եմ սիրում իմ աշխատանքն ու չեմ հասկանում մարդկանց, ովքեր առավոտյան արթնանալու խնդիր են ունենում: Կարծում եմ՝ մարդն ամեն ինչ կարող է ուղղել: Սկսեցի շուտ քնել, հրաշալի արթնանալ. մեկ վայրկյանում արթնանում եմ (ծիծաղում է,-հեղ.), ու լավ տրամադրությամբ գնում աշխատանքի: Շատ ուրախ եմ, որ հիմա ունեմ կյանքի այս ռիթմը:

-Դուք սկսել եք Ձեր գործունեությունը որպես լրագրող-մեկնաբան, բայց տեւական ժամանակ է ներկայանում եք որպես հաղորդավար. սա այն է, ինչ իսկապես հիմա ցանկանում եք անե՞լ, թե չունեք այլընտրանք:
-Ես չունեմ այլընտրանք, քանի որ հիմա չկա լրագրողական այն հաղորդումը, որին ես կցանկանայի մասնակից լինել, ռեպորտաժներ պատրաստել, բայց հուսով եմ՝ մոտ ապագայում կլինի նման հաղորդում, ու մարդիկ «դեժավյու» կապրեն. դա կլինի իմ երջանկությունը: Դեռեւս այսքանով կարող եմ բացել գաղտնիքը: Քանի որ հիմա ժամանցային ֆորմատով եմ ներկայանում, փորձում եմ լրագրողական որոշ հմտություններ օգտագործել նաեւ այս ձեւաչափում:

-Մի առիթով նշել եք, որ նրանք, ովքեր ունեն վարժ խոսք, արդեն իսկ դասվում են լավ հաղորդավարների շարքին: Մի՞թե մեր եթերում չափանիշը միայն դա է:
-Այո, ցավոք, հիմա սահուն խոսք ունեցող մեկը համարվում է լավ հաղորդավար, բայց հաղորդավարի գործառույթը իրականում շատ բարդ է՝ հաղորդման ընթացքում «մեսիջներ» փոխանցել, զրույցը հասցնել ինչ-որ կետի,այլ ոչ թե տալ հարցեր ու լսել դրանց պատասխանները:

Կարծում եմ՝ պիտի գա մի ժամանակ, երբ հեռուստաեթերում սերնդափոխությունը շատ ակտիվ կլինի. երիտասարդները կբերեն իրենց նոր գաղափարները, իսկ ավագ սերունդը կփոխանցի իր փորձը:

-Միշտ փորձում եք հետաքրքիր ոճով ներկայանալ հեռուստադիտողին: Աշխատո՞ւմ եք որեւէ դիզայների հետ:
-Ինքս եմ հետեւում նորաձեւության տենդենցներին, նաեւ սիրում եմ խորհուրդներ հարցնել իմ հայ դիզայներ ընկերներից: Կարծրատիպ կա, որ լրագրողները ոճային չեն. հաճախ ասուլիսներին մենք տեսնում ենք անփույթ մազերով, ոչ կոկիկ լրագրողների, իհարկե, խոսքս բոլորին չի վերաբերվում, քանի որ նրանց կողքին կան շատ խնամված, ոճային մարդիկ, ովքեր միանգամից առանձնանում են: Իհարկե, ոճային լինելը պետք է չդառնա լրագրողների գերխնդիրը, բայց կարծում եմ՝ կարելի է լինել կոկիկ, գույների մեջ ու հետաքրքիր:-Ի՞նչ նպատակներ ունեք այսօր:
– Վերջապես ուզում եմ մտածել անձնականիս մասին: Ես շատ դժվարություններ եմ հաղթահարել, զրոյից ստեցծել եմ իմ կենցաղը եւ միշտ ժամանակ եւ հնարավորություն չեմ ունեցել սրա համար: Շատ դժվարություններ ու խնդիրներ մնացել են հետեւում, հիմա կարող եմ ինձ թույլ տալ մտածել նաեւ անձնականիս մասին, քանի որ կարծում եմ՝ կարող ես սիրահարվել միայն այն ժամանակ, երբ հոգեպես հանգիստ ես:

Աղբյուրը՝ bravo.am