«Եթե ամուսինս չողջուներ որոշումս, ես գուցե չգայի». Շողեր Գրիգորյանը՝ «Քաոս»-ում նկարահանվելու և ամուսնու արձագանքի մասին

Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Քաոս» բազմասերիանոց հեռուստանովելը: Շիրվանզադեի վեպի գործողությունները 19-րդ դարից տեղափոխվել են մեր օրեր: Գլխավոր դերերում հանդես են գալիս Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շաքե Թուխմանյանը, Ստեփան Ղամբարյանը, Աննա Եգոյանը և Շողեր Գրիգորյանը։ Վերջինս BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է առաջարկն ընդունելու և իր կերպարի բարդությունների մասին:

«Առաջարկը ստացել եմ ռեժիսոր Հայկ Կբերյանից, ով ինձ առաջարկեց Մարտայի կերպարը: Այն, որ գեղարվեստական գործ է, ինձ շատ ոգևորեց, իսկ «Քաոսը» հայկական գրականության ամենաֆիլմային վեպն է ինձ համար: Իհարկե, ես ինձ պատկերացնում էի Շուշանիկի կերպարում, բայց Մարտայի կերպարն ինձ շատ հետաքրքրեց: Առաջին հայացքից բացասական կերպար է, բայց, ինչպես Ստանիսլավկսին է ասում, բացասական կերպար խաղալիս պետք է տեսնես նաև դրական գծերը, իսկ դրականի ժամանակ՝ բացասականները: Այդ առումով բարդ էր ինձ համար, քանի որ շատ հարցերում կերպարիս հետ համաձայն չէի: Իհարկե, արդյունքում գտա գծեր, որոնց շնորհիվ կերպարս ավելի կենդանացավ: Շատ սիրով եմ աշխատել, քանի որ աշխատանքային պրոցեսը ևս հետաքրքիր է ինձ համար»:

Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին մանրակրկիտ է ընտրում իր առաջարկները, քանի որ չի կարող ամեն առաջարկի դեպքում գալ Հայաստան. «Ես երկար էի մտածում՝ արժի արդյոք գնալ, արդյոք իմ կերպարով ես ասելիք ունեմ, որովհետև ես միշտ կարևորում եմ իմ ասելիքը: Որոշմանս համար չեմ ափսոսում, որովհետև կերպարս բավականին հետաքրքիր զարգացումներ է ունենալու, հետո էլ ինձ դուր է գալիս դասականին անդրադարձը․ իհարկե, միշտ չէ, որ էկրանավորումը հանդիսատեսի սրտով է լինում, որովհետև յուրաքանչյուր մարդ գիրքը կարդալիս իր ֆիլմն է նկարում մտքում»:

Շողերը նշում է, որ եթե Հայաստանում ապրեր, գուցե ավելի հաճախ երևար էկրաններին և զբաղված լիներ թատերական ներկայացումներում․ «Նկարահանումների ժամանակ ընտանիքս կիսվել էր երկու մասի․ ամուսինս մնացել էր Մոսկվայում, իսկ երեխաներս ինձ հետ Հայաստանում էին: Եթե ամուսինս չողջուներ որոշումս, ես գուցե չգայի, մանավանդ խանգարող հանգամանքներ շատ կային: Նա ինձ ասաց՝ գնա: Գուցե մեկ ուրիշն իմ փոխարեն չգար, բայց ես պատրաստ եմ լավ առաջարկի դեպքում համաձայնվել․ եթե մինչ օրս ռեժիսորները չէին հավատում, թող «Քաոսը» նրանց համար ապացույց լինի»:

Դերասանուհին նաև նշեց, որ պատրաստվում է Մոսկվայում կինոյի ոլորտում վերապատրաստում անցնել. «Այստեղ շատ են կարևորում, թե որ մասնագետի հետ ես համագործակցում, որ գործակալությունում ես վերապատրաստվել»: