«Այն, ինչն ինձ ներվում էր 24 տարեկանում, հիմա արդեն ինքս ինձ չեմ ներում». Սոս Ջանիբեկյան

BRAVO.am-ը դերասան Սոս Ջանիբեկյանի հետ, ում շուտով էկրանին կտեսնենք «Քաոս» ֆիլմում Միքայելի կերպարով, զրուցել է սպասված ֆիլմի, առաջիկա ծրագրերի ու նախկինում մարմնավորած, իր կարծիքով, չստացված դերի մասին:

-«Քաոս» ֆիլմում նկարահանվելու առաջարկն ինչպե՞ս եք ընդունել եւ մինչ որոշում կայացնելը մտածմունքներ, տարակուսանք եղե՞լ է: 
– Վերջին շրջանում իմ մտածմունքները շատացել են, որովհետեւ այն, ինչն ինձ ներվում էր 18, 22, 24 տարեկանում, հիմա արդեն ինքս ինձ չեմ ներում… երբ հայտնվում եմ թեկուզ անորակ հեռուստանովելում, կամ բազմասերիանոց ֆիլմում, կամ էլ հենց գեղարվեստական ժապավենում: Ներկայումս դա է պատճառը, որ առաջարկներին շատ ուշադիր, ավելի նրբանկատ եմ մոտենում: Վերջերս իմ կյանքում ունեցա փորձ նկարվելու բազմասերիանոց հեռուստաֆիլմում, որն անգամ ինքս չկարողացա նայել, եւ ուզում եմ, որ ոչ ոք դա չնայի՝ այդպիսի զգացողություն առաջացրեց:

– Եթե գաղտնիք չէ, ո՞ր ֆիլմի մասին է խոսքը:
-Խոսքը «Հետհաշվարկ»-ի մասին է, որտեղ ես անընդհատ փսլնքոտ եմ, արցունքոտ, պատերի տակ լացում եմ… Իհարկե, շատ մեծ հարգանքով եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր աշխատել են այդ ֆիլմում, եւ գնահատում եմ նրանց աշխատանքը: Չգիտեմ, գուցե սցենարիստն ինձ այդպիսին է պատկերացրել, բայց ես ինձ այդպիսին չեմ կարողանում այդ ֆիլմում նայել:

– Ինչպե՞ս աշխատեցիք «Քաոս»-ում Ձեր մարմնավորած կերպարի վրա: 
– «Քաոս»-ում նկարահանվելու առաջարկը շատ հետաքրքիր ստացվեց. ես վաղուց գիտեի, որ մայրս այդ ստեղծագործության հիման վրա 16 մասից բաղկացած հեռուստաֆիլմի սցենար է գրում, եւ հետո ֆիլմի պրոդյուսերներն էլ իմ ընկերներն էին, ու ամբողջ ընթացքին ծանոթ էի: Շատ մեծ դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, թե ովքեր են անում մոնտաժը՝ Մանվել Հովսեփյան եւ Վազգեն Ղազարյան: Վերջնական առաջարկն, իհարկե, եղավ, երբ բոլորով հավաքվեցինք մեր տանը, քննարկեցինք… Այդտեղ էր նաեւ Մարգարիտա Գրիգորյանը, ֆիլմի պրոդյուսերներն ու ռեժիսոր Հայկ Կբեյանը: Ցանկություն ունեի հստակ պատկերացում կազմել նկարահանման մասին, հագուստների, եւ ոչ միայն. ինչպե՞ս է ռեժիսորն ինձ տեսնում այդ կերպարում, մայրս ի՞նչ է կարծում՝ կարո՞ղ եմ այդ կերպարը մարմնավորել, թե ոչ:

Գիտեք, Հայաստանում երեք բան կա, որ շատ են ուզում՝ արագ, էժան, որակով: Այդ երեքն իրար հետ շատ անհամադրելի են, բայց համեմատական տանելով այսօրվա շուկային, այսօրվա հեռուստատեսային արտադրությանը, վստահ կարող եմ ասել, որ այս նախագծի հեղինակները, պրոդյուսերական եւ, այսպես ասած, արտադրող անձնակազմը փորձել են ամեն ինչ անել, որ լինի մակարդակ, լինեն էսթետիկ կադրեր, որ բոլորը էսթետիկ հագնված լինեն, եւ նկարահանվի դերասանական լավ կազմ՝ որակյալ տեխնիկայով:

Սցենարի վրա էլ երկար աշխատեցին, որ լինի էլ ավելի հետաքրքիր: Մենք ու ֆիլմը ստեղծող անձնակազմը փորձել ենք ամեն ինչ անել՝ առավելագույնս ստանալու համար: Իհարկե, ամեն դեպքում, կա ժամանակի սղության խնդիր, որովհետեւ նկարահանում ենք ոչ թե գեղարվեստական ֆիլմ, որը պետք է ուղարկենք փառատոն, այլ բազմասերիանոց ֆիլմ: Բայց կինոյում մի լավ խոսք կա՝ «էկրանը ցույց կտա», եւ որքան էլ ես խոսեմ, ի վերջո, կլինի այն, ինչը կլինի էկրանին:

– Էկրանին տեսնելու ենք ժամանակակից «Քաոսը»:
-Դե, մեր մեծամեծերն արդեն խաղացել են՝ Սոս Սարգսյանը, Կարեն Ջանգիրովը, Բաբկեն Ներսիսյանը: Այդ ժամանակին բնորոշ թե՛ խոսքը, թե՛ ընդհանուր բնավորությունը, թե՛ պատմությունն, իհարկե, ներկայում մի փոքր ոչ իրական կլինեն հեռուստադիտողի համար՝ թեկուզ հենց միայն խոսքը:

– Ինչպիսի՞ն է ժամանակակից Միքայելը:
-Շատ երկար չեմ մտածել, շատ երկար չեմ խորացել ու չեմ փորձել անել բաներ, որոնք ինձնից դուրս են: Չնայած այն փաստի, որ մայրս (ֆիլմի սցենարիստ Անահիտ Աղասարյանը,-հեղ.) ստեղծագործությունը սցենար դարձնելիս բնականաբար ստիպված է եղել ձգել ու սարքել 16 սերիա, բայց, ամեն դեպքում, վստահ եմ, որ նա լավ դրամատուրգ ու սցենարիստ է. նրա հետ աշխատելիս ամեն ինչ այնքան հստակ ու գրագետ է, որ ես միայն խաղում եմ դրությունը, խաղում եմ այն, ինչը գրված է, ավել բան չեմ խաղում: Այն պատմությունը, որը մենք թղթից տալիս ենք էկրանին, փորձում եմ պատմել. ինչպիսին է Միքայելը եւ ինչպիսին կլիներ Միքայելը, եթե ես լինեի այդ դրության մեջ:

– Ի՞նչ կասեք եթերային դադարի մասին: 
– Դադարի հետ կապված ասեմ, որ մի քանի առաջարկ եղավ, որոնք մերժեցի. սպասում էի ավելի լավ առաջարկի՝ թե ֆինանսական, թե որակական, թե գեղարվեստական տեսանկյունից:

– «Քաոս» ֆիլմից բացի ուրիշ ի՞նչ նախագծերում կտեսնենք Ձեզ՝ գեղարվեստական նոր ֆիլմ, հեռուստասերիալ կամ գուցե այլ նոր ծրագիր:
– Նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորն է Արման Նշանյանը: «Կոմիտաս»: Ֆիլմը Կոմիտասի ստեղծագործական կյանքի ու մանկության մասին է պատմում: Խաղացել են շատ լավ դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, հենց ինքը՝ Արման Նշանյանը, Տաթեւիկ Հովակիմյանը: Շատ հաճելի էր Արման Նշանյանի հետ որպես ռեժիսոր եւ դերասան աշխատելը, չնայած՝ մենք նման փորձ թատրոնում արդեն ունեցել էինք «Կենտ զույգը» ներկայացման շրջանակում: Մի ֆիլմ էլ կա, որտեղ նկարահանվել եմ, եւ որը նույնպես էկրանին կլինի 2019-ին. Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները»: Նրա հետ արդեն երրորդ համագործակցությունն է, ինչի համար շատ ուրախ եմ: Պատերազմական դրամա է, բայց առանց պատերազմի: Առաջիկայում կան առաջարկներ, որոնց փակագծերը բացել չեմ ուզում, բայց կփորձեմ ոչ թե ճարահատյալ ընտրություն անել՝ ինքնադրսեւորվելու կամ գումար վաստակելու համար, այլ որ կարողանամ որակ ապահովել, լինեմ որակյալ նախագծում եւ գոհացնեմ հեռուստադիտողին:

Աղբյուրը՝ bravo.am