Ծնվել է Նարբեի և Աստղիկի երկրորդ երեխան. ծնողներն անվան հետաքրքիր ընտրություն են արել

Այսօր լույս աշխարհ է եկել Նարբեի ու Աստղիկի երկրորդ երեխան։ Հայրիկը փոքրիկի ծննդից հետո առաջին տպավորությունների մասին պատմել է Tert.am Life–ին ու տրամադրել նրա առաջին լուսանկարը։

Զույգի երկրորդ երեխան աղջիկ է, որին ծնողները տվել են Շուշի անունը։ «Աստղն առաջարկեց, անվան այդ տարբերակը, ինչին միանգամից համաձայնեցի։ Մոնթեի կողքին այլ անուն ընտրել հնարավոր չէր»,– ասաց Նարբեն։

Զույգի առաջնեկի` Մոնթեի ծննդից չորսուկես տարի անց Նարբեն ասում է, որ բոլորովին այլ զգացողություններ ունի։

«Այն ժամանակ բոլորովին այլ զգացողություններ ունեի։ Կարելի է ասել, չէի գիտակցում` ինչ է կատարվում։ Հիմա ամեն բան այլ է։ Ես նորից սիրահարվեցի Աստղիս, ինչպես ամեն առավոտյան, երբ արթնանում ու տեսնում եմ իրեն։ Շնորհակալ եմ իրեն` ինձ այս հրաշքը պարգևելու համար»,– ասաց դերասանը։

Նարբեն արդեն հանդիպել է դստերը, կնոջը դեռ չի տեսել, բայց խոսել է նրա հետ, ասում է` իրեն հրաշալի է զգում։

Առաջնեկի դեպքում Նարբեն ցանկանում էր որդի ունենալ, այս անգամ նրանց ընտանիքում սպասված էր աղջիկ երեխան։ Դստեր ծնունդը ծնողներին շատ է ոգևորել։ Փոքրիկ Մոնթեն ևս շատ է ուրախացել և անհամբեր սպասում է քույրիկի հետ առաջին հանդիպմանը։

«Առավոտյան տղաս ինձ ասաց, որ անհամբեր սպասում է քույրիկի հետ հանդիպմանը։ Հիմա մանկապարտեզում է։ Երևի վաղն արդեն կհանդիպի քույրիկին»,– ասաց հայրիկը։