Միհրան Ծառուկյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր երգի տեսահոլովակ, որը համատեղ աշխատանք է ամերիկահայ դիջեյ Ժիլբերի հետ: Հոլովակը նկարահանվել է ԱՄՆ-ում՝ «Ամենալավ փարթին» երգի հիման վրա, որի խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, իսկ երաժշտությունը՝ Ռիչարդ Մադլենյանը: Նոր համագործակցության եւ նկարահանման ընթացքի մասին BRAVO.am-ը զրուցել է DJ Jilber-ի եւ Միհրանի հետ, վերջինիս նաեւ հարցրել ենք, թե ինչպիսին է եղել անցնող տարին, ինչ անելիքներ ունի առաջիկայում եւ ինչպես է դիմավորելու 2019 թվականը:
Պարզվեց՝ նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները տեւել են մի քանի օր: Ինչպես Միհրանն ու դիջեյ Ժիլբերն են ասում, ընթացքը հետաքրքիր ու զվարճալի է եղել, տեսարաններն էլ հիմնականում տաղավարային նկարահանման արդյունք են: Նշենք, որ հոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է, ով փորձել է երգին համահունչ ուրախ, պարային եւ բարձր տրամադրություն հաղորդող պատմություն ներկայացնել: Տեսահոլովակը պատմում է մի դիջեյի մասին, որին երկար ջանքերից հետո հաջողվում է հանդես գալ սիրելի ակումբում:
«Մենչի հետ քննարկեցինք առաջարկը, ընդհանուր հայտարարի եկանք եւ հասկացանք, որ պիտի աշխատենք միասին: Մեկնեցի Լոս Անջելես, որպեսզի կարողանանք տեսահոլովակի նկարահանումներն ամբողջությամբ այնտեղ իրականացնել: Գնացի, նկարվեցի ու եկա:)»,- պատմել է երգիչը:
Ամերիկահայ դիջեյն էլ, խոսելով իր մասին, ասաց, որ ծնվել եւ մեծացել է ԱՄՆ-ում, իսկ դիջեյինգով սկսել է զբաղվել շատ վաղ տարիքում: Ժիլբերը պատմեց նաեւ, որ հայերեն գրել-կարդալ սովորել է իր ցանկությամբ, երբ հասկացել է, որ պետք է անպայման տիրապետի մայրենիին.«Հայրս նույնպես դիջեյ է, եւ կարելի է ասել՝ այդ շնորհը հենց նրանից է ինձ փոխանցվել: Արդեն տասը տարի է՝ պրոֆեսիոնալ դիջեյինգով եմ զբաղվում եւ հասցրել եմ իմ սեփական ձեռագիրն ունենալ, որը ճանաչելի է երաժշտասերների շրջանում»:
Սա միակ նորությունը չէ, որով առաջիկայում հանդես է գալու Միհրան Ծառուկյանը: Երգիչ-դերասանը նշեց, որ եկող տարի տեղի կունենա երեւանյան իր առաջին մենահամերգը, որին արդեն սկսել են լրջորեն պատրաստվել: Ընդգծեց՝ շատ կարեւոր առիթ է իր համար, եւ այդ օրվան սրտի թրթիռով ու մեծ անհամբերությամբ է սպասում: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա Միհրանը գոհ է անցնող տարվանից: Ասաց՝ ձեռքբերումների ու բազմաթիվ հաջողությունների տարի է եղել, եւ ցանկանում է, որ այդպես լինի նաեւ 2019-ին:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս նա Ամանորը դիմավորելու է աշխատանքային մթնոլորտում՝ համերգային կատարումներով հանդես գալով մի քանի վայրերում. «Հայաստանում եմ լինելու, պտտվելու եմ մի քանի քաղաքներում, այնուհետեւ գալու եմ տուն ու խելոք քնեմ (ծիծաղում է,- հեղ.): Ի դեպ, ուզում եմ նաեւ շնորհավորել մեր հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող բոլորն առողջ ու երջանիկ լինեն, եւ խաղաղություն լինի մեր երկրում»:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լ