Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանը վերջերս ավելի երկար ժամանակ անցկացրեց հայրենիքում: Այս ընթացքը երգչուհին օգտագործել է նաև Երևանի կենտրոնում ֆոտոշարք իրականացնելու համար: Արևիկը Tert.am Life-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքն ու զրուցել աշխատանքային նորության մասին:
Երգչուհին ասաց, որ իր առաջարկով ֆոտոշարքն իրականացրել են Կասկադում: Լուսանկարիչը Աստղիկ Միրակյանն է, ում հետ նա համագործակցել է առաջին անգամ:
«Ծանոթացել էի նրա պորտֆոլիոյին և հավանել աշխատանքները: Նոր մարդու հետ աշխատելիս փոքր-ինչ հուզվում էի, բայց ընթացքը լավ անցավ և շատ արագ ստացանք այն, ինչ ուզում էինք: Ֆոտոշարքին շատ երկար չէինք նախապատրաստվել: Ցանկանում էի ունենալ լուսանկարներ , որոնցում հանդես կգամ այնպիսին, ինչպիսին կամ»,-ասաց Արևիկը և ավելացրեց, որ իր ոճի և կերպարի հեղինակն ինքն է:
Արևիկի խոսքով, թեմատիկ ֆոտոշարքերի սիրահար չէ՝ նախընտրում է լուսանկարվել սեփական կերպարով և փոխանցել այդ պահին իր զգացածը. «Լուսանկարվելիս չեմ սպասում, որ ինձնից համապատասխան տրամադրություն կամ հայացք պահանջեն: Ես միշտ ներկայանում եմ այնպես, ինչպես ինքս եմ զգում: Ինքս եմ որոշում տվյալ պահին ինչ հայացք կամ դեմքի արտահայտություն ընդունել ֆոտոխցիկի առաջ, իհարկե լուսանկարիչը որոշակիորեն ուղղորդում է»:
Երգչուհին կարևորեց լուսանկարչի պրոֆեսիոնալիզմը, որպեսզի նկարահանման ընթացքն արդյունավետ լինի և ֆոտոշարքը ստացված համարվի։ «Ես թե՛ տեսախցիկի, թե՛ ֆոտոխցիկի առաջ ինձ վստահ եմ զգում և կարողանում եմ լիարժեք փոխանցել էմոցիաներս այն ժամանակ, երբ դիմացինս պրոֆեսիոնալ է լինում և ի սկզբանե գիտի՝ ինչ եմ ցանկանում ստանալ, հակառակ դեպքում՝ սկսում եմ բարդութավորվել»,– նկատեց նա:
Անդրադառնալով ստեղծագործական կյանքին՝ երգչուհին հիշեցրեց, որ պատրաստվում է նոր երգ ու տեսահոլովակ ներկայացնել, թեև հստակ ժամկետներ նշել դժվարացավ: «Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ: Շատ բան դեռ չենք հասցրել անել, քանի որ աշխատանքային պրոցեսը համընկավ հայրիկիս մոտ անսպասելի առաջացած առողջական խնդրի հետ: Երկար ժամանակ դադար տվեցի, փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է: Մեկ ամիս է՝ նա արդեն տանն է, մեզ հետ: Կարծում եմ՝ մեր ներկայությունն էլ նրան ոգևորում և ուժ է տալիս: Արդեն աշխատանքներս վերսկսել եմ: Կարելի է ասել, երգը դեռ հում վիճակում է, բայց համոզված եմ, որ շատ գեղեցիկ աշխատանք է լինելու, քանի որ փորձում եմ համագործակցել շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ»,- եզրափակեց Արևիկը:
Աղբյուրը՝ life.tert.am