«Եթե պլյուս մինուս անենք՝ կտեսնենք, որ պետությունը մեզ պարտք է մնում». Նունե Եսայան

Երգիչները որեւէ հիմնարկության չեն պատկանում, եւ երբ ծերանան կամ հանկարծ ինչ-որ առիթով չերգեն, պետությունն ինչպե՞ս է իրենց թոշակները տալու եւ ի՞նչ հաշվարկով: Անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից արված հայտարարությանը՝ ասաց երգչուհի Նունե Եսայանը: «Եթե իմանամ, որ ծերանալուց հետո պետությունը պահելու է ինձ՝ հարկ կվճարեմ»,-ասաց Նունե Եսայանը:

Օրերս Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ վերջին 25 տարիների ընթացքում օրենքով կա հարկային հայտարարագրերի ներկայացման եւ հարկերի վճարման պարտադիր պայման:

ՊԵԿ նախագահը նշել էր, որ մեր երգիչ, երգչուհիները, որոնք հայրենասիրական երգեր են կատարում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: «Բոլորս էլ գիտենք, որ նրանք օրինակ, հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նրանք պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն»,- ասել էր նա:

Անդրադառնալով Դավիթ Անանյանի կողմից հնչեցվածին, Նունե Եսայանն ասաց, որ երգիչները հսկայական գումարներ են ծախսում ամեն մի երգի վրա: Վերջինիս պնդմամբ՝ 2 հազար դոլարից ոչ պակաս արժեն մեկ երգի բառերը, երգի ձայնագրությունը եւս 2 հազար դոլարի է հասնում: «Օրանժիրովկայով ամեն ինչով մի երգ ձայնագրելը 7-ից 8 հազար է նստում մեր վրա, իսկ տեսահոլովակ նկարելը՝ 15 հազար դոլար: Եթե հաշվենք, թե երգիչը հարսանիքի մի երգ երգելուց ինչքան է ստանում եւ հաշվենք, թե ինչ է ծախսում այդ երգի վրա, պլյուս մինուս անենք՝ կտեսնենք, որ պետությունը մեզ պարտք է մնում»,-վստահեցրեց Նունե Եսայանը:

Վերջինս, սակայն, նշեց, որ այնուամենայինիվ, չի պատկերացնում, թե ինչպես է կազմակերպվելու հարսանիքներից եւ այլ միջոցառումներից ստացված գումարներից հարկի վճարումը. «Այսինքն, ես պետք է հարսանիքից չե՞կ ուզեմ, դա ո՞նց է լինելու, ինչպե՞ս են անելու, որ հարսանիքի տերը ինձ չեկ տա, որ ես ներկայացնեմ: Աբսուրդ է ու ծիծաղելի»:

Երգչուհին վստահեցնում է, որ տարիներ շարունակ բոլոր պետական միջոցառումներին իրենցից շատերն անվճար են մասնակցել, եւ իր մոտ հարց է առաջանում, թե ինչու է այդպես եւ ինչու հարկերը հիշատակելիս ոչ-ոք այդ մասին չի հիշատակում: «Եթե ամեն ինչ օրենքի դաշտ մտնի՝ մենք բոլորս էլ պատրաստ ենք օրենքով գործել, բայց այդ մասով այնքան դատարկ տեղեր կա: Պետք է բացերը լցնելով առաջ գնալ, մի օրվա կամ մի հրահանգի միջոցով այդ հարցը լուծել հնարավոր չէ, դա շատ բարդ գործընթաց է»,-ասաց նա:

Երգչուհին չցանակացավ հայտնել, թե մոտավորապես ինչքան է վճարվում հարսանիքներին կատարած մեկ երգի դիմաց, սակայն նշեց, որ գները չափազանց տարբեր կարող են լինել. «Եթե կորպորատիվ է՝ հարց է, թե ով է հրավիրում, ինչի է հրավիրում, եւ ինչքան կվերցնենք: Ենթադրենք, եթե ընկերս է՝ ձրի եմ գնում, եթե մեջտեղը ծանոթ կա, մի փոքր այլ գին է, շատ- շատ տարբեր են»:

Նունե Եսայանն ասաց, որ հազվադեպ է երգում հարսանքիների: Երգչուհին պարզաբանեց, որ դժվարանում է պատվերով այնպիսի երգեր կատարել, որոնք իր ոճում չեն. «Ես չեմ կարող երգել հարս ու փեսայի երգ, երեխայի երգ: Երգում եմ այն երգերը, որոնցով ես ասելիք կունենամ»:

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի այն հայտարարությանը, թե մինչեւ սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա, եւ շատերը պետք է հայտարարագրեր ներկայացնեն, Նունե Եսայանն ասաց. «Երբ ինչ-որ հիմնարկություն կստեղծեն, որ մենք գրանցվենք որպես երգիչ, այդ ժամանակ էլ մենք պետության հետ գործ կունենանք, իսկ հիմա մենք օդի մեջ ենք, ոչ մի տեղ չկանք: Նախկինում երգիչները տարբեր անսամբլների անդամներ էին, իսկ հիմա հարց է՝ ո՞վ ենք, կամ ու՞մ ենք պատկանում: Իրենք թող մեր ծախսերը հոգան, մենք էլ իրենց հարկեր տանք»:

Երգչուհին իր մտահոգությունը հայտնեց, որ մշակութային գործիչները լքված են: Նշեց, որ մշակույթի նախարարությունում հարց է բարձրացնելու, որ Ռուբեն Մաթեւոսյանին ծառայողական մեքենա տրամադրեն. «Դա այն նվազագույնն է, որ կարող են նրա համար անել, որովհետեւ երգարվեստի մեծերից որին մենք ունենք՝ մնացել է այդ մի գանձը, մնացածը չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ պայմաններում մահացան գնացին: Տարիներով ոչ-ոք իրենց դուռը չէր բացել, թե՛ Օֆելյա Համբարձումյանի, թե՛ Վլադիմիր Աբաջյանի… շատ կարող եմ թվարկել: Այդ մարդկանց պայմանները տեսնեիք, լաց կլինեիք, հիմա կգա մի օր, որ մենք էլ իրենց օրը կընկնենք: Օրինակ, ես ընդհանրապես աշխատանքային ստաժ չունեմ: Այսքան տարի լինես վաստակած երգիչ ու ամենաքիչ թոշա՞կը ստանաս»,- եզրափակեց Նունե Եսայանը:

Աղբյուրը՝ armtimes.com