Բրեդ Փիթի ֆոնդին դատի են տվել տուժածներին կեղծ օգնություն տրամադրելու համար

Բրեդ Փիթի Make It Right Foundation ֆոնդին դատի են տվել տուժածներին կեղծ օգնություն տրամադրելու համար՝ հայտնում է ABC NEWS-ը:

54-ամյա դերասանի դեմ հայց են ներկայացրել Նոր Օրլեանի բնակիչները, ովքեր վնասներ էին կրել Կատրին փոթորկի պատճառով դեռեւս 2005 թվականին: Իրավաբան Ռոն Օսթինը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Բրեդ Փիթին ու նրա ֆոնդը, քանի որ նրանց կառուցած էկո-տները այլեւս պիտանի չեն ու բացասական ազդեցություն են ունենում բնակիչների առողջության վրա:

Նրա խոսքերով, տների բնակիչները գանգատվում են հիվանդություններից ու մշտական գլխացավերից, որոնց պատճառը անորակ նյութերն ու մատերիալներն են:

«Make It Right ֆոնդը բազմիցս խոստացել է գալ ու վերջապես ուղղել շինարարության բացթողումները, բայց մինչեւ այսօր ոչինչ արված չէ», – հայտարարել է Օսթինը:Բրեդը մի քանի միլիոն դոլար է հատկացրել ֆոնդին թերություններն ուղղելու համար, այդուհանդերձ գործը, միեւնույնն է, գնում է դեպի դատական ճանապարհով հանգուցալուծման:

Հիշեցնենք, որ Փիթը հիմնադրել է ֆոնդը 2006 թվականին դիզայներ Ուիլյամ Մաքդոնի հետ: Գործընկերները որոշել էին տներ կառուցել փոթորկից տուժած 109 ընտանիքների համար: Տների դիզայնը պրոֆեսիոնալ մասնագետների, հայտնի ճարտարապետների ձեռքի գործն է՝ ներառյալ Ֆրենք Գերիին: Այնուամենայնիվ, շինությունները շատ արագ դարձել են ապրելու համար ոչ պիտանի: