Անահիտ Հարությունյան.«Անձնական կյանքիս կայունությունն ավելի առաջնային է, քան…»

Անահիտ Հարությունյանն իր ուժերն է փորձում դերասանական ասպարեզում: Առաջին ալիքի «Տանդեմ» հումորային նախագծում նա մարմնավորում է գինետան անտարբեր եւ խիստ մենեջերին`Աննային: Նկարահանումների եւ անձնական կյանքի մասին մոդելը պատմել է BRAVO.am-ին:

«Հերոսուհիս առաջին հայացքից ամենն արհամարհող, բայց իրականում ամեն ինչ նկատող, աշխատանքին լիովին նվիրված խիստ կին է: Սիթքոմում հանդես գալու առաջարկն անսպասելի է եղել: Մինչ այս սերիալում կամ այլ նախագծերում նկարահանվելու առաջարկները մերժել եմ: Այս անգամ համաձայնեցի, քանի որ պայմանները հավանեցի, կերպարս եւ այն, որ թեեւ դերասանական կրթություն չունեմ, լավ թիմի հետ պետք է աշխատեմ: Սիթքոմի վերաբերյալ բավական դրական արձագանքներ եմ ստացել, իսկ իմ կերպարին վերաբերող բացասական ոչինչ չեմ լսել»,- ասել է նա եւ հավելել, որ նկարահանման առաջին օրն, իհարկե, նորություն է եղել իր համար, նոր աշխարհի բացահայտում: Իսկ բացահայտումներն ու փորձն իր համար միշտ դրականի շարքին են դասվում:

Նկարահանման հրապարակում բարդ իրավիճակներում Անահիտը դեռ չի հայտնվել, այդպիսի դեպք չի կարող նշել, քանի որ, իր խոսքով, դերն այնքան էլ ծանրաբեռնված չէ:

«Միանշանակ համամիտ եմ այն մտքի հետ, որ նկարահանման հրապարակը թատրոնի բեմի նման մոգական ուժ ունի: Կերպարի մեջ մտնելը, նրանով ապրելը փոխում է էներգետիկան: Իսկ երբ դա անում են մի քանի հոգի միաժամանակ, բնականաբար, առաջանում է այդ յուրահատուկ զգացողությունը: Հաճելի է հետեւել խաղընկերներիս խաղին»,-ասել է նա:

Գործնական առաջարկի պայմաններից կախված` առաջիկայում հնարավոր է՝ սերիալներում կամ ֆիլմերում էլ հանդես գա: Մեր այն հարցին, թե արդյոք հրաժեշտ է տալիս մոդելի կարիերային, Անահիտը պատասխանել է, որ այս շրջանում ավելի տարված է անձնական կյանքով: Նկարահանումները, ֆոտոշարքերը մղվել են երկրորդ պլան: Կարծում է` անձնական կյանքի կայունությունն ավելի առաջնային է, քան պոդիումը:

Աղբյուրը՝ bravo.am