Հիմա մեծ հաճույքով եմ նայում աղջկաս ու զգում, որ նա միայն ինձ նման չէ, այլև՝ հորը. Նաիրա Մովսիսյան

Life.panorama.am-ի՝ «Երբ է կինը երջանիկ» շարքի զրուցակիցն է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:
Նաիրայի համար կնոջ երջանիկ լինելու զգացողությունը կախված է նրա անկախությունից:
«Կինը երջանիկ է, երբ ինչ-որ մի բանից, կամ ինչ-որ մեկից կախում չունի, երջանիկ է, երբ իրեն շրջապատող թանկ մարդիկ առողջ են: Կինը պետք է միայն երջանկությունից անքնություն ունենա, մնացած պարագաներում նա պետք է հանգիստ քնի»,- նշեց Նաիրան՝ ընդգծելով՝ երջանկությունը շատ հեշտ բան է.
«Երջանիկ լինելը շատ հեշտ է, եթե կարողանում ես ունեցածդ գնահատես: Շատերը սրտնեղում են, որ իրենց կենցաղային հոգսերն իրենք են հոգում, բայց դա դժբախտություն չէ: Կոնկրետ ես ինձ հիմա լիարժեք երջանիկ եմ համարում»,- նշեց նա:
Նաիրան ընդգծեց՝ անձնական կյանքը երջանկության համար շատ կարեւոր է, բայց, եթե կողքիդ տղամարդ չկա, ուրեմն դա չի նշանակում, որ դժբախտ ես:
«Տղամարդը լրացնում է կնոջը, կինն էլ՝ տղամարդուն, բայց չի նշանակում, որ եթե երկուսից մեկը բացակայում է, ուրեմն մարդը դժբախտ է: Երջանիկ կարող ես լինել բնությունով, երեխայով, եւ թեկուզ միայն նրա համար, որ դու ողջ ես, տեսնում ու քայլում ես»,- նկատեց դերասանուհին:
Կնոջ եւ տղամարդու սիրո եւ հարաբերությունների մասին խոսելիս՝ Նաիրան նշեց.
«Կնոջ ու տղամարդու սերը վեհ բան է, դրանից ծնվում է երեխա, ինչը կյանքի իմաստներից մեկն է: Սերն ամենակարեւորն է, բայց ցավով պետք է նշեմ, որ շատերը մահանում են՝ այդպես էլ չհասկանալով ու չզգալով իրական սերը: Սիրո մասին պատկերացումն ունենալը եւ սիրելը տարբեր բաներ են: Ես զգացել եմ այն իմ առաջին սիրո ժամանակ, երբ ես ընդամենը 15-16 տարեկան էի, բայց ինչպես ասում են՝ առաջին սերը միշտ կուտ է գնում: Հիմա ներքին մի բան ինձ հուշում է, որ ես դեռ ապրելու եմ այն խելառ սերը, որն ամենաիրականը կլինի»:
Նաիրան շեշտեց, երբ բաժանվում ես սիրելիցդ, պետք չէ հետո նրան ուրիշի մեջ փնտրել, պետք է կարողանաս ամեն մարդու ընդունել այնպիսին, ինչպիսին, որ նա կա: Դրան զուգահեռ, պետք է այնքան իմաստուն լինել, որ հանկարծ բաց չթողես կյանքիդ իրական սերը, ինչը, ըստ դերասանուհու, հաճախ է պատահում. Հետ ես նայում ու հասկանում՝ չես էլ նկատել, որ իրական սերն ես ապրել ու բաց թողել:
Նաիրան նկատեց, որ սիրելուց զատ պետք է կարողանալ նաեւ սովորել բաց թողնելու արվեստը.
«Գիտեք, պատահում է, երբ մարդիկ միասին են միայն նրա համար, որ իրենք հարմար են իրեր հետ իրենց զգում, բայց շատ կարեւոր է նաեւ կարողանալ բաց թողնել: Չէ որ բաց չթողելով՝ դու խանգարում ես դիմացինին մեկ ուրիշի հետ երջանիկ լինել»,- ասաց նա:
Երեխան սիրո պտուղն է, հարցին, թե Նաիրայի համար իր երեխան սիրո պտո՞ւղ է, պատասխանեց.
«Չնայած, որ ես հիմա ամուսնալուծված եմ, բայց իմ երեխան եղել է իմ կյանքի այդ շրջանի սիրո պտուղը: Այն օրերը, որ ապրել եմ նախկին ամուսնուս հետ, ես շատ երջանիկ եմ եղել եւ վստահ եմ, որ նույնն էլ նա: Եթե աղջիկս սիրո պտուղ չլիներ, շատ հեշտ կլիներ գնալ հիվանդանոց եւ ազատվել երեխայից, բայց ես երջանիկ եմ, որ երեխայիս հայրը հենց նախկին ամուսինս է: Հիմա մեծ հաճույքով եմ նայում աղջկաս ու զգում, որ նա միայն ինձ նման չէ, այլեւ՝ հորը: Երջանիկ եմ, որ երեխաս գեղեցիկ է եւ իմ, եւ հոր գեների շնորհիվ: Անգամ մտածում եմ, թե ով ուրիշ պետք է լիներ նրա հայրը, որ իմ աղջիկը հենց այսպիսին լիներ: Այնպես որ, ես փառք եմ տալիս Տիրոջը, եւ կապ չունի, որ կյանքս մի վայրկյանում փոխվեց եւ ես ինձ համար որպես տղամարդու` կողքիս այլեւս չցանկանա տեսնել աղջկաս հորը»:
Նաիրան զրույցի վերջում շեշտեց՝ պետք է գնահատել ունեցածը, բայց նաեւ շատ հետեւել մեծերի խոսքին.
«Եթե հայրդ կամ մայրդ իրենց ապրած կյանքի ու փորձի շնորհիվ խորհուրդ են տալիս, պետք է հիշել, որ նրանք երբեք չեն սխալվում: Ես ուզում եմ, որ մարդիկ միայն իրենց ծնողներին լսեն. ոչ ընկեր, ոչ բարեկամ քեզ չի կարող ճիշտ խորհուրդ տալ»,- ավարտեց նա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am