Ինձնից երկու տարի պահանջվեց, մինչև կայացրի այդ որրոշումը. Անահիտ Շահբազյան

Ապրիլի 2-ին երգչուհի Անահիտ Շահբազյանը ներկայցրեց իր նոր՝ «Որդիս» տեսահոլովակը, որը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Անդրանիկ Զոhրաբյանին:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ այս երգը Անդրանիկ Զոհրաբյանի ծնողների խնդրանքով դեռ ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո է գրել Թամար Ստամբոլցյանը: Հենց հեղինակն էլ առաջարկել է Անահիտին կատարել այն, բայց երկար ժամանակ երգչուհին տատանվել է՝ մտածելով արդյոք կարող է նման մեծ պատասխանատվություն կրել իր ուսերին: Արդյունքում Անահիտից շուրջ երկու տարի է պահանջվել, որ հավաքի ուժերն ու այն ներկայացնի:

«Երգը լսելուց հետո շատ տանջանքներ եմ ունեցել՝ մտածում էի՝ արդյոք կարող եմ այն տեղ հասցնել, ճիշտ ներկայացնել: Ինձնից երկու տարի պահանջվեց, մինչեւ կայացրի այդ որոշումն ու հասկացա, որ ուզում եմ երգում ներկայացված մոր խոսքերը երգի տեսքով ես հայտնեմ: Սա Անդրանիկ Զոհրաբյանի ծնողների եւ արցախյան պատերազմում զոհված մյուս զինվորների ծնողների անունից եմ երգել: Սա ուղղակի ինքնանպատակ չէր՝ ունենալ նման բովադակությամբ երգ: Իրականում, ես կերազեի, որ պատերազմներ չլինեին ու երգիչներն էլ նման երգեր կատարելու կարիք չունենային: Սա խնդրանք էր եւ ես էլ մեծ պարտավորությամբ այն կատարել եմ: Անգամ կարող եմ ասել, որ եթե նման խնդրանք չլիներ, ես երեւի երբեք չէի մոտենա այս նուրբ թեմային»,- անկեցծացավ Անահիտ Շահբազյանը:

Տեսահոլովակում միայն էմոցիաներ է ցուցադրված: Անահիտը երբեմն խիստ, երբեմն էլ ցավից թուլացած մոր զգացողություններ է փորձել ներկայացնել: Իր խոսքով՝ հատուկ են որոշել տեսահոլովակը չծանրաբեռնել սյուժեով:

«Իհարկե, կարող էինք տեսահոլովակը կադրերով լցնել, բայց հասկացանք, որ դրանք ավելորդություններ էին ու մեր նպատակը սխալ ուղղությամբ կտաներ: Արդյունքում ռեժիսոր Վասիլ Շահբազյանի հետ միասին որոշեցինք ներկայացնել մինիմալիստական լուծումներով եւ միայն զգացողությունների վրա կառուցված տեսահոլովակ»,- նշեց Անահիտը՝ նկատելով, որ ողջ նկարահանումներ ընթացքում հուզվել է եւ դժվարությամբ է նկարահանվել:

«Ամեն տող երգելուց հետո իմ արցունքներն ուղղակի հորդում էին: Ես իսկապես չեմ կարող նկարագրել զգացողություններս ու ցավս մեր հերոսների համար: Սա ուղղակի հերթական տեսահոլովակի նկարահանում չէր, արցունքներս անկախ ինձնից հոսում էին, բաց փորձել ենք հնարավորինս դա ցույց չտալ տեսահոլովակում: Միայն մի դրվագում են երեւում արցունքներս, դա էլ կադրի պակասի պատճառով օգտագործեցինք: Մենք ուզում էինք ցույց տալ հերոսի մոր հերոս տեսակը»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը՝ life.panorama.am