Արդեն հայտնի է, որ մեկնարկել է AREV.TV ինտերնետային հեռուստաընկությունը, որն այսուհետ ինտերնետ տիրույթում կառաջարկի ալտերնատիվ տարբերակ: Այն հագեցած կլինի նմանը չունեցող ձեւաչափերում հաղորդումներով, որոնց շրջանակում կտեսնենք սիրված հեռուստադեմքերի: AREV.TV-ով հանդես կգա նաեւ հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը, ով արդեն երկար ժամանակ է՝ չի ներկայանում որեւէ հեռուստաընկերությամբ: AREV.TV-ում նա կվարի «ՌԱՖինադ» հաղորդումը. Սա իրենից ներկայացնում է էքսկլուզիվ հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ, միայն թե այդ հարցազրույցները խիստ տարբերովող են լինելու՝ խոսելու են ամեն ինչի մասին, ընդ որում՝ նստած, պառկած կամ ճաշելիս, կարեւոր չէ:
Life.panorama.am-ը նոր հաղորդման մասին զրուցել է Ռաֆայելի հետ: Նա պատմեց, որ մեծ սիրով է ընդգրկվել AREV.TV-ում:
«Հեռուստաընկերության հիմնադիրրների՝ Արմեն Գրիգորյանի եւ Ռուբեն Թումանյանի հետ հետ վաղուց եմ ծանոթ, նախաձեռնությունը՝ ունենալ նման ինտերնետ TV, նրանցն է: Նոր ծնվող գաղափարի հենց սկզբից էլ ստացել եմ մասնակցության առաջարկը: Այնպես չէ, որ զրոյից հեծանիվ ենք հնարել, սակայն Հայաստանում նմանատիպ, չէի ասի, թոք շոու, բայց անկեղծ զրույց չի եղել եւ նորություն է: Նման պրոյեկտներ կան ՌԴ-ում, ԱՄՆ-ում, որտեղ հայտնիները իրենց ցույց են տալիս այլ կերպ՝ ավելի իրական: Այն հարցերը, որոնք կհետաքրքրեն հեռուստադիտողին, ես փորձել եմ իմ միջոցով ուղղել հայտնիներին: Փորձում եմ բաց խոսակցություն, բաց զրույց տանել նրանց հետ»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա մանրամասնեց, որ երբ պետք է հյուրընկալեն հյուրին, նախապես «քրքրում» են սոցկայքերում հյուրի էջերը, նաեւ օգտվում են համացանցից, դիմում են ծանոթ-բարեկամներին մանրամասն ինֆորմացիա իմանալու համար հյուրի մասին: Ռաֆայելն անգամ օրինակ բերեց, որ մեկ անգամ իր հյուրը նույնիսկ հաճելիորեն զարմացել է, երբ խոսվել է 8 տարի առաջ տեղի ունեցածի մասին, որից տեղյակ է եղել մի քանի մարդ իր մտերիմներից:
«Դա ամենեւին էլ չի նշանակում, որ ես փորձում եմ կոմպրոմատ գտնել նրան անհարմար դրության մեջ գցելու համար կամ բացասական ազդեցություն ունենալ նրա վրա: Իմաստն այն է, որ որոշակի թեմաների, իրավիճակների շուրջ անկեղծ զրույց ունենանք: Օրինակ, երբ «Reincarnation» խմբի վոկալիստ ու կիթառահար Ռոլանդ Գասպարյանն էր իմ հյուրը, մենք անդրադարձանք նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական տեսահոլովակում իր հայտնվելուն, որի շուրջ հանրությունը բուռն արձագանքեց՝ ասելով, թե «ինքն էլ ծախվեց», մեր զրույցի շրջանակում նա ոչ թե փորձեց արդարացնել իրեն, այլ՝ ներկայացնել, թե ինչ է եղել իրականում, ինչպես եւ ինչու համաձայնեց նկարահանվել տեսահոլովակում: Ես չեմ տալիս ստանդարտ հարցեր, սա անկեղծ, բաց զրույց է»,- հավելեց Ռաֆայելը:
Իր խոսքով՝ կհյուրընկալվեն ոչ թե միայն հայտնիները, այլ այն մարդիկ, ովքեր հետաքրքիր են, անգամ, եթե շատ մեծ ճանաչում չունեն:
Խոսելով հաղորդման անվան մասին՝ Ռ. Ղազանչյանն ասաց, որ այն մի քանի իմաստ ունի.
«Անվան ընտրության ժամանակ նախ հիշել ենք ԽՍՀՄ տարիներին լայն տարածում ունացած «рафинированый сахар»-ը, դրա հետ ինչ-որ ընդհանրություններ տանելով՝ մտածեցինք այս անունը, բայց նաեւ «ՌԱՖինադի» անվան երկրորդ հատվածում կենտրոնացել ենք «ինադ» բառի վրա՝ ակնարկով, թե ես «ինադ» եմ ընկնում ու սուր հարցեր տալիս հյուրերին»,- պատմեց հաղորդավարը:
Ռաֆայելը շեշտեց.
«Պետք է ասեմ, որ միշտ չէ, որ ես համաձայնում եմ հյուրերի հետ, իրենք էլ՝ ինձ հետ: Օգտագործելով հոգեբանական գիտելիքներս՝ փորձում եմ մարդուն բերել այն դաշտ, որտեղ մարդը կարող է անկեղծ լինել եւ անակնալի չգալ իրեն ուղղված հարցերից: Անկախ նրանից, թե հյուրին հաճելի կլինի կամ տհաճ տրվող հարցը, ես փորձում եմ բարձրացնել այն՝ անկախ նրանից՝ նա ընկեր է, թե ծանոթ: Եթե այդ հարցը հեռուստադիտողին հետաքրքրում է, ես տալիս եմ, այսինքն՝ այնպես չէ, որ ես միշտ բարի եմ իմ հարցերով», – կեսկատակ-կեսլուրջ ասաց նա ու շարունակեց.
«Հաղորդման վերջում մենք կամ ֆինանսական, կամ տեխնիկական օգնություն ենք տալիս հյուրին կամ փորձում բարեգործական ինչ-որ բան անել: Մենք այս պրոյեկտը չենք անում ռեյտինգի համար, կամ որ բոլորը նայեն՝ մենք մեզ լավ զգան: Սա արվում է նրա համար, որ այն մարդիկ, ովքեր իրենց հետաքրքրությունը չեն բավարարում հեռուստատեսային հաղորդումներից, ունենան այլընտրանք»:
Զրույցի վերջում հետաքրքրվեցինք, թե Ռաֆայելը ի՞նչ կարծիք ունի հայկական հեռուստաընկերությունների այսօրվա աշխատելաոճի վերաբերյալ.
«Պետք է ասեմ, որ մեր հեռուստաընկերությունները վաղուց են տեղում դոփում: Եթե ինչ-որ մեկը մի բան է անում, մյուսը կամ թխում է, կամ ավելի վատ է անում: Իսկ առաջ կար մրցակցություն: Եթե չկա մրցակցություն, ապա չես փորձում ավելի լավ որակի գործունեություն ծավալել: Իսկ ինտերնետ ոլորտն այնպիսինն է, որ յուրաքանչյուր օր նոր կայքեր, նոր մարդիկ են հայտնվում եւ հնարավոր է, որ մեկ ուրիշը փորձի նմանատիպ բան անել եւ ստացվի ավելի լավը: Ես, բնականաբար, փորձելու եմ էլ ավելի լավն անել, նորություն մտնցնել կամ ֆորմատ փոխել»,- ավարտեց նա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am