Այն, ինչ մնաց կադրից դուրս. Սոֆի Մխեյանի «Տեսիլքի» հետաքրքիր նախապատմությունը

Ամեն անգամ նորովի ներկայանալը Սոֆի Մխեյանի գործունեության մի մասն է դարձել. երգչուհին 2018-ին նոր նախագիծ սկսեց, որի շրջանակում ամեն ամսվա վերջին օրը նոր երգ կամ տեսահոլովակ է ներկայացնում իր լսարանին։ Հունվարին՝ «Չեմ ուզում», փետրվարին՝ «Ռեհան», իսկ մարտի 31–ին իր համար առանձնահատուկ աշխատանք ներկայացրեց` նոր տեսահոլովակ, որի ռեժիսորը ինքը է, հերոսուհին՝ Նազենի Հովհաննիսյանը։

«Տեսիլք» կոչվող երգի երաժշտության հեղինակը Սոֆին ու Նիկ էգիբյանն են, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Նոր աշխատանքի փակագծերը Սոֆին որոշել էր շատ չբացել, սակայն  Tert.am Life–ի համար բացառություն է արել։

«Երբ երգը ծնվեց, անգամ նախագիծը չէի սկսել։ Ի սկզբանե վստահ էի, որ այն տեսահոլովակով եմ ներկայացնելու, բայց հատուկ չէի որոշել, որ ես պետք է լինեմ տեսահոլովակի ռեժիսորը։ Աշխատանքի հունն ինքնըստինքյան թելադրեց ամեն ինչ»,– ասաց երգչուհին, ով պրեմիերայից 1 օր առաջ դեռ չգիտեր` ինչպես է կոչվելու երգը։

«Մի կաթիլ սեր», «Իմ կես», «Առանց քեզ», «Իզուր է», «Ավերվում եմ». տարբերակները շատ էին, սակայն Սոֆին չէր ցանկանում տխուր շեշտադրում անել վերնագրում։ «Երգը շատ մեծ, ազնիվ սիրո մասին է։ Երգում որքան ջերմություն, այնքան էլ տխրություն կա, սակայն չէի ցանկանում տխրությունը շեշտել»,– ասաց Սոֆին, ով, ի վերջո, կանգ առավ «Տեսիլք» տարբերակի վրա։

Վերջին խոսքը, որ հնչում է Նազենի Հովհաննիսյանի մատուցմամբ, երգի նախնական տարբերակում Սոֆիի կողմից է ասվել. «Երբ մեկ տարի առաջ ծնվեց երաժշտությունը, խոսքերի համար դիմեցի Ավետին։ Իհարկե, իրեն ասել էի՝ ինքս ինչ եմ տեսել ու լսել այս ամենի մեջ, սակայն նա շատ երկար լռում էր, ասում էր` երաժշտությունը շատ հոգեհարազատ է, բայց չի հասկանում` ուր է ուզում գնալ։ Մոտ 2 ամիս անց Ավետը զանգահարեց ու ասաց, որ խոսքերը պատրաստ են։ Ինքս զգացել էի, որ երաժշտական հատվածից բացի, պետք է լինի նաև խոսք։ Ավետը հենց այդպես էլ գրել էր։ Ձայնագրվեցի, սակայն ամեն անգամ լսելիս, խոսքն ինձ շեղում էր։ Հասկանում էի, որ ես չեմ, որ պետք է ասեմ այդ խոսքը։ Երբ Նազենին լսեց երգի նախնական տարբերակը, շատ հավանեց, բայց խոսքի հետ կապված խորհուրդ տվեց նորից ձայնագրվել։ Հետո մոռացանք այդ մասին։ Ամիսներ անց արդեն հասկացա, որ ուզում եմ երգը ներկայացնել հանդիսատեսին, սկսեցի քննարկել՝ ով կնկարահանի տեսահոլովակը։ Տարբեր մտքեր ունեի, իսկ տեսահոլովակում միանշանակ տեսնում էի Նազենիին։ Երբ իրեն ասացի այդ մասին, քննարկում անգամ չունեցանք, ակամայից ասաց` կլինեմ տեսահոլովակիդ հերոսուհին, դու էլ նկարիր այն, թեկուզ հեռախոսով։ Իհարկե, սա այն տեսահոլովակը չէր, որ հեռախոսով պետք է նկարեի, ամեն դեպքում, երբ հասանք խոսքի հատվածին, հասկացա, որ Նազենիի խոսքը կամբողջացնի ստեղծագործությունը»,– պատմեց Սոֆին։

Տեսահոլովակը Սոֆիի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Նրա խոսքով՝ խնդիր չուներ ռեժիսորական ձիրք ցույց տալու, պարզապես, այս աշխատանքն ազնիվ պոռթկումների արդյունք է։ «Շատերն են բարձրաձայնում, որ ունեմ հետաքրքիր աչք ու կարողանում եմ տեսնել գեղեցիկը։ Սակայն այս անգամ չէի լուսանկարելու. ինձ համար շատ պատասխանատու էր  մոտենալ տեսախցիկին։ Կադրում ու կադրից դուրս համախմբել էի ընկերներիս, բայց կտրվել էի ընկերական միջավայրից։ Պատասխանատվության զգացումից այնքան լարված էի, որ Նազենին հումորով ասում էր` դու անտանելի ես որպես ռեժիսոր»,– ասաց երգչուհին։

Տեսահոլովակում շեշտադրված է հերոսուհու կերպարը, հերոսը ներկայացվում է որոշակի շղարշի տակ։ Սոֆին ասում է, որ ի սկզբանե այդպես էր պատկերացրել տեսահոլովակը։ «Շեշտադրված է կնոջ էմոցիան, ջերմությունը։ Փորձել ենք գաղտնիության մեջ հետաքրքրություն մտցնել։ Իհարկե, կա այդ տղամարդը, սերը, սակայն որոշակի շղարշով։ Ցանկացա, որ մինչև համբույրն ամեն ինչ ավարտվի. դրանից հետոն թողնենք էկրանից այն կողմ գտնվող յուրաքանչյուրի ցանկությանը»,– ասաց Սոֆին ու հավելեց, որ իր ներկայությունն էլ տեսահոլովակում ինքնանպատակ չպետք է լիներ, ուստի դրան հետաքրքիր լուծում գտան, երբ վերջում ասվեց «ստոպ», երևաց, որ ինքն է ռեժիսորը

Աղբյուրը՝ life.tert.am