«Հիմա ամեն ինչ այլ է». Անչոկը նորություն ունի

Երկարատեւ էկրանային դադարից հետո երգչուհի Անչոկը նոր տեսահոլովակ է ներկայացրել: «Ուրիշին»՝ այսպես է կոչվում Անչոկին հատուկ ոճով գրված երգը, որի հեղինակն է Րաֆֆի Ալթունյանը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Անչոկը պատմել է երգի, ապա տեսահոլովակի ստեղծման պատմությունը:

«Րաֆֆիի հետ ոչ միայն լավ գործընկերներ, այլեւ ընկերներ ենք, ուստի մեր համագործակցությունը բավականին հարթ կայացավ, ավելին՝ այն դեռ շարունակություն կունենա: Նա ինձ ցույց տվեց երկու երգ, ու ես որոշեցի, որ երկուսն էլ ինքս կներկայացնեմ, բայց՝ հերթով»,- նշեց երգչուհին ու շարունակեց.

«Երգի առաջին իսկ նոտաներից այն սիրեցի, ձայնագրվեցի ու որոշեցի, որ այն պարտադիր տեսահոլովակ պետք է ունենա: Սկզբում որոշեցինք, որ հոլովակը Երեւանում նկարահանենք, բայց հետո ճիշտ համարեցինք, որ այն նկարահանենք Մոսկվայում՝ մեր ընկերների օգնությամբ»:

«Ուրիշին» տեսահոլովակը ռեժիսոր չունի, բոլոր հարցերով զբաղվել են Անչոկը, Րաֆֆին եւ իրենց ընկերները: Անչոկի գաղափարն է եղել կոնկրետ սյուժե չներկայացնել.

«Ես չցանկացա, որ տեսահոլովակը սյուժետային գիծ ունենար, կարծում եմ՝ այսպես ավելի ճիշտ է, երբ միայն զգացմունքներ ես ցույց տալիս եւ չես ծանրաբեռնում ճոխ ատրիբուտներով: Ի դեպ՝ տեսահոլովակում Րաֆֆիի ներկայությունը եւս իմ գաղափարն էր, նա շատ գեղեցիկ է նվագում եւ ըստ իս՝ նրա ներկայությունը նաեւ շատ համահունչ է տեսահոլովակին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Երգչուհին նշեց, որ տեսահոլովակը մեկ օր է, ինչ հասանելի է համացանցում, բայց արդեն իսկ մեծ թվով դրական արձագանքներ է լսել, որոնցից ոգեւորվելով՝ Անչոկը որոշել է եւս մեկ աշխատանք ներկայացնել:

«Հավանաբար առաջիկա մի քանի ամիսների ընթացքում եւս մեկ տեսահոլովակ կներկայացնեմ, որի հեղինակը դարձյալ Րաֆֆին է: Հիմա այդ երգի ձայնագրման աշխատանքներով եմ զբաղված, այնպես որ սա միայն մեկնարկն է առաջիկա ակտիվ գործունեությանս համար: Թեեւ ուզում եմ շեշտել, որ երբեք չեմ դադարել աշխատել, պարզապես հեռուստաընկերություններով տեսահոլովակների քիչ ցուցադրության պատճառով մի տեսակ ոգեւորությունս էր պակասել, բայց հիմա ամեն ինչ այլ է, առաջիկայում շատ ակտիվ գործունեություն կծավալեմ»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը՝ life.panorama.am