Երեկ՝ մարտի 27-ին, կայացած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվել է միանգամից երկու ստեղծագործողի` Ավո Խալաթյանին «Ռեւիզոր» ներկայացման համար եւ Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:
Life.panorama.am-ը Հայաստանում թատերական միակ մրցանակաբաշխությունում տարվա լավագույն դերասան ճանաչվելու մասին զրուցել է դերասան Ավո Խալաթյանի հետ:
Դերասանը խոստովանեց, որ այս կոչմանն արժանանալը իր համար շատ անսպասելի է եղել, նա անգամ ներկա չի եղել մրցանակաբաշխությանը:
«Այս մրցանակաբաշխությունը Օսկարի գաղտնիություն ուներ: Ես բացարձակ չէի սպասում, որ տարվա լավագույն դերասանի տիտղոսին ես կարժանանամ, ավելին՝ երեկ անգամ քաղաքում չէի եւ ցավոք, չէի մասնակցում այդ մրցանակաբաշխությանը: Իմ մրցանակի մասին հեռախոսով եմ իմացել, որից շատ ուրախացա, իսկապես շատ անսպասելի էր»,- նշեց դերասանը:
Ավո Խալաթյանը ընդգծեց՝ սա միայն իր հաղթանակը չէ:
«Ես շատ անկեղծորեն պետք է ասեմ, որ այս հաղթանակը միայն իմը չէ, սա մի ամբողջ թատերախմբի աշխատաք էր, որն արդեն որերրորդ անգամ իրականացնում ենք Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ: Ինձ համար շատ հաճել էր «Ռովիզոր» ներկայացման ստեղծման, ապա բեմադրման պրոցեսը, իսկ այս գնահատականն արդեն եռապատկեց ոգեւորությունս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի այն դերասաններին, ովքեր իրենց լուման ունեն այս գործի ստեղծման մեջ: Իհարկե, առանձնահատուկ շնորհակալ եմ Հակոբ Ղազանչյանին, ով գնահատեց մեր աշխատանքը եւ մրցանակի արժանացրեց ինձ եւ կոլեգաներիս»,- ընդգծեց նա:
Մեր զրուցակիցը նկատեց, որ կոչումներն ու մրցանակաները դերասանին էլ ավելի են ոգեւորում.
«Այս թեմայի շուրջ դերասանները իրենց ներքին խոհանոցում հաճախ են կատակում, բայց, իրականում, յուրաքանչյուր գնահատական ոգեւերող ու պարտավորեցնող է: Ի վերջո, դրանք գնում են ոսկե պատմոթյուն, իսկ քո անունը պատմության մեջ տեսնելը, անշուշտ, շատ հաճելի է»,- հավելեց Ավո Խալաթյանը:
Անդրադառնալով թատրոնի այսօրվա խնդիրներին՝ դերասանը նշեց.
«Գիտեք, եթե տարիներ առաջ դահլճները կիսադատարկ էին, եւ շատ ժամանակ մտավախություն էինք ունենում, որ ներկայացումից ժամեր առաջ այն հանենք հենց հանդիսատեսի սակավության պատճառով, բայց, իհարկե, շարունակում էինք խաղալ, ապա հիմա այդ խնդիրը չկա եւ փառք Աստծո: Մենք շատ ուրախ ենք մեր հանդիսատեսի առատության համար, որովհետեւ դերասանին բեմում ոգեշնչում է միայն եւ միայն հանդիսատեսը: Ինչ վերաբերվում է այսօրվա խնդիրներին, դրանք իսկապես շատ են: Այսօր ժամանակակից ներկայացումներ բեմադրելու պակաս ունենք, հանդիսատեսը տեսարժան ներկայացումներ է ուզում տեսնել, իսկ դրանց համար հարկավոր են դեկորներ, հագուստներ, որոնց համար էլ ֆինանսական ներդրումներ են պետք: Արդյունքում, կարեւոր հանգամանքների պակասից դերասանների խաղն էլ կաղում է: Այսօր մեր թատրոններում միակ խնդիրը ֆինանսի պակասն է, որը հույս ունեմ ապագայում կլուծվի»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am