Հայրիկի հետքերով. Արսեն Սաֆարյանի դստեր քայլերը Երգի պետական թատրոնում և Արթուր Գրիգորիչի արձագանքը

Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը` 15–ամյա Էլենը, սովորում է Երգի պետական թատրոնում և գնում է հոր հետքերով։  Շուտով Էլենը լսարանին կներկայացնի Գրիգոր Կյոկչյանի և Հայկ Ղևոնդյանի «Մամ ջան» երգի «քավըր» տարբերակը։ Tert.am Life–ի հետ զրույցում Արսենը պատմել է, թե ինչպես արձագանքեց, երբ դուստրը որոշեց գնալ իր հետքերով։ Պարզվում է` երաժշտական գեներն իրենց ազդեցությունն ունեցել են. Արսենի որդին` Արթուրը, ևս երգում է։ Հայրիկն աջակցում է երեխաներին, միաժամանակ, հետևողական է, որպեսզի հոբբին բացասական չանդրադառնա նրանց կրթության վրա։

«Փոքր հասակից թե՛ Էլենին, թե՛ Արթուրին տրամադրել եմ, որ ես  կարող եմ աջակցել իրենց, սակայն իրենք չպետք է անտեսեն կրթությունը։ Դա է առաջնայինը, որովհետև երգիչն օրինակ է հասարակության համար և պետք է լինի կիրթ, կարողանա խոսել։ Երգչին չեն սիրում միայն  իր երգերի համար։ Աղջիկս հիմա սովորում է Ֆրանսիական քոլեջում, ավարտելուց հետո, անպայման, պետք է ընդունվի բուհ, զուգահեռ երգով էլ կզբաղվի։ 2 տարի առաջ դուստրս ասաց, որ ցանկանում է երգել, կինս էլ սատարեց նրան։ Ես չեմ սիրում, երբ ծնողներն են երեխաներին պարտադրում զբաղմունքներ։ Քանի որ դա իր ընտրությունն էր, որոշեցի իրեն ուղարկել Երգի պետական թատրոնի քոլեջ,– ասաց Արսենն ու հավելեց` Էլենը երգչուհի կդառնա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ –Երբ Էլենը մի քիչ էլ մեծանա և որոշի դառնալ երգչուհի, ես գիտեմ` ինչ է պետք անել։ 2-3 տարում անհատական պարապմունքներով կարող եմ իրեն պատրաստել որպես պրոֆեսիոնալ բեմի արտիստի։ Դա իրեն խոստացել եմ, սակայն այս փուլում կարևորում եմ բազային կրթությունը, լեզուների իմացությունը»։

Արսենի սերնդի համար շատ կարևոր էր Արթուր Գրիգորիչի կարծիքը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե երաժիշտն ինչ կարծիք է հայտնել Էլենի մասին։ «Շատ ուրախացավ և դրական վերաբերեց։ Էլենի մեջ տեսավ շատ բան, որ ժամանակին նույնիսկ իմ մեջ չէր տեսել։) Սկսեց Էլենին ընդգրկել մյուզիքլներում` իբրև  երգող դերասանուհի։ Չնայած Էլենը սիրուն բալիկ է (որպես պապա գլուխ գովեմ:)), սկսեցին իրեն տալ չար դերեր, որոնք «խարակտերի» առումով ավելի դժվար է ներկայացնել։ Դա ինձ ուրախացնում է, որովհետև խոսում է իր մեջ եղած  տաղանդի մասին։ Արթուր Գրիգորյանն իր մեջ զգացել է նույն բանը, ինչ ժամանակին իմ մեջ` ոչ թե ձայնի հզորություն, այլ մաքուր երգեցողություն։ Դա կամ ունենում ես, կամ ոչ, ձեռքբերովի չէ։ Դա կարևոր հատկություն է, որովհետև կարող ես լինել շատ կիրթ երաժիշտ, սակայն չունենաս մաքուր երգեցողություն, առանց որի չես կարող կենդանի երգել»,– նկատեց նա։

Անդրադառնալով դստեր կատարմամբ երգին, որը շուտով կլինի համացանցում, Արսենն ասաց, որ սա չի նշանակում, որ Էլենը սկսելու է 2-3 ամիսը մեկ նորությամբ հանդես գալ, պարզապես, օգնել է իրականացնել աղջկա ցանկությունը։ «Երբ ինձ ասաց, ընտրել է Գրիգոր Կյոկչյանի և Հայկ Ղևոնդյանի «Մամ ջան» երգը, առաջին հայացքից անհասկանալի էր երգի ընտրությունը։ Գուցե, նրանից էր, որ այս ստեղծագործությունը երգում են տղաներ, սակայն նա ասաց, որ կարող է երգել երրորդ դեմքով։ Ես դեմ չգնացի։ Իմ լավ ընկերոջը` Սերգեյին, խնդրեցի դաշնամուրով նվագակցել։ Շատ գեղեցիկ է ստացվել»,– պատմեց երգիչը:

Երկար տարիներ լինելով այս ասպարեզում` Արսենը տիրապետում է բոլոր նրբություններին, անցել է նաև հիասթափության ճանապարհով։ Թեև նա վերապահմամբ է վերաբերում, նույնիսկ «ոլորտ» ասվածին, չի պատրաստվում  դստերը հետ պահել այս ասպարեզից։  «Ինչ ոլորտ… գուցե բացասական  եմ արտահայտվում, սակայն ոլորտն այսօր անձնական առիթներն են` ծնունդ, կնունք, հարսանիք։ Ամեն դեպքում, որքան ուզում ես հեռու պահի, չի օգնի։ Պետք է ոչ թե հեռու պահել, այլ ճիշտ ուղղություն ցույց տալ։ Իր առավելությունն այն է, որ ես ավելի քան 20 տարի է, այս դաշտում եմ, տիրապետում եմ ինֆորմացիային և կարող եմ իրեն ճիշտ ուղղություն ցույց տալ իրեն։ Ես իր ճանապարհը, միայն այս դաշտում չեմ տեսնում, որովհետև այս դաշտը սահմանափակ է։ Ամենակարևորն այն է, որ նա երաժիշտ–երգչուհի լինի։ Ժամանակը  ցույց է տալիս, որ իրականում մնում են նրանք, ովքեր երաժիշտ–երգիչ են։ Չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց այս դեպքում շատ ավելի մեծ են շանսերը առանձնանալու և երգի միջոցով արտահայտելու իր անհատականությունը։ Եթե պետք է երգի, ռադիոյով լսեն, սակայն չհասկանան` Էլե՞նն է, Նարինե՞ն, թե՞ Վարդիթերը, ավելի լավ է, չերգի»,– շեշտեց Արսենը։

Հայրիկն օգնում է դստերը, սակայն Էլենի խնդիրը բարդանում է` պետք է ապացուցի, որ արժանի է լինելու այդ տեղում, ոչ թե հայտնվել է ծանոթի միջոցով։ Արսենն ուրախությամբ նշեց, որ մինչև օրս դստեր մասին դրական կարծիքներ են գրել. «Հուրախություն ինձ, կողքից իրեն նայում են որպես անհատականության։ Իհարկե, փաստ է, որ իմ աղջիկն է, սակայն  իր վիդեոները 5 անգամ ավելի շատ դիտումներ են ունենում, քան իմ երգերը։ Մեկնաբանություններում էլ գրում են` ապրես, արժանի ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում, ոչ թե` ծանոթով է հայտնվել այս դաշտում»։

Աղբյուրը՝ life.tert.am