Հայկ Մարությանը` «Սուպեր մամա 2»–ի ունեցած վնասի և նոր ֆիլմի մասին

«Կարգին փրոդաքշընը» շուտով կներկայացնի նոր ֆիլմ` «Ֆիլմ ֆիլմի մասին», որը կներկայացնի նրանց ներկայացրած ֆիլմերի ստեղծման պատմությունը։ Tert.am Life–ի հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց, որ իրենց թիմը ներկայացրել է արդեն 5 ֆիլմ։

«Այս ֆիլմը պատմելու է ոչ միայն «Սուպեր մամայի», այլև մեր մյուս ֆիլմերի ստեղծման պատմությունը։ «Ֆիլմ ֆիլմի մասին» ներկայացնելու գաղափար վաղուց ունեինք։ Դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, սակայն ժամանակը չէր ներում իրականացնել այն։ Որոշեցինք ամբողջացնել և մեր բոլոր ֆիլմերի մասին պատմող ֆիլմ ներկայացնել»,– ասաց Հայկը։

Դերասանից հետաքրքրվեցինք, ի վերջո, ի՞նչ չափի վնաս կրեց «Սուպեր մամա 2»–ը տարեսկզբին ապօրինաբար համացանցում հայտնվելու արդյունքում, ի՞նչ արդյունքներ ունեն կինոթատրոնից։ «Բնականաբար, վնասը մեծ էր։ 1-2 օրում 2 մլն մարդ էր դիտել ֆիլմը։ Շատ մարդիկ կարող էին  կինոթատրոնում դիտել այն»,– ասաց Հայկն ու հավելեց, որ ներկայացվող ֆիլմում կխոսվի նաև այդ վնասի ազդեցության մասին։

Հաշվի առնելով, որ «Ֆիլմ ֆիլմի մասին»–ը ներառելու է «Կարգին փրոդաքշընի» մյուս ֆիլմերը, Հայկից հետաքրքրվեցինք` արդյոք Մկրտիչ Արզումանյանը կամ իր մասնակցությամբ կադրից դուրս մնացած տեսանյութեր կլինեն ֆիլմում, քանի որ նա խաղացել է «Ալաբալանիցայում»։ Ի պատասխան` Հայկն ասաց, որ նախապես որևէ բան ասել չի կարող, իրենց ֆիլմերում շատ դերասաններ են ներգրավված` Գարիկ Պապոյանը, Լևոն Հարությունյանը և այլք, թե որ դերասանին կամ որ ֆիլմին ինչ չափով անդրադարձ կլինի, պարզ կլինի մոնտաժից հետո։

Հայկը հայտնեց, որ նախատեսում են ֆիլմը ներկայացնել մարտի վերջին։

Աղբյուրը՝ life.tert.am