Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն այսօր նախագահական նստավայրում էին։ Նրանք Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեցին։
Դիանա Գրիգորյանը ստացավ «Մովսես Խորենացի» մեդալ՝ հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: Պարգևատրումից հետո Tert.am Life-ը զրուցել է նրանց հետ:
Դիանան ասաց, որ «Մովսես Խորենացի» մեդալն իրեն՝ որպես ստեղծագործող մարդու, պարտավորեցնում է էլ ավելի խոնարհաբար ծառայել հայ հեռուստադիտողին:
«Այս գնահատանքը յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար ոգեշնչման աղբյուր է, ինչի համար ես իրապես շատ շնարհակալ եմ»,- ասաց Դիանան:
Նազենի Հովհաննիսյանը պարգևատրվեց «Երախտագիտության» մեդալով մշակույթի բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։ Մեզ հետ զրույցում Նազենին նշեց, որ ամեն տարի ինքն իր գործընկերներից շատ է ուրախացել, երբ նրանք նման մրցանակներ են ստացել:
«Ինձ համար իսկապես կարևոր էր, որ այդ կերպ գնահատում էին իմ գործըներներին, բայց ես չէի էլ կարող պատկերացնել, թե որքան կհուզվեմ, որքան կոգևորվեմ երախտագիտություն բառը կրող մեդալից: Սա ինձ համար շատ կարևոր էր»,- նշեց Նազենին:
Աղբյուրը՝ life.tert.am