Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ 2018»-ի մեծ բեմում Հայաստանը կներկայացնի երգիչ Սեւակ Խանաղյանը, քանի որ «Դեպի եվրատեսիլ» նախագծում ճանաչվեց հաղթող` ստանալով միջազգային ժյուրիի եւ հանրության քվեարկության առավելագույն միավորները: Սակայն կարծես թե «Դեպի եվրատեսիլ»-ի շուրջ ծավալված քննարկումներն ավելի բուռն էին, քան երգչի հաղթանակի նկատմամբ հանրության արձագանքը:
Life.panorama.am-ը «Եվրատեսիլ 2018»-ում Սեւակ Խանաղյանի հնարավորությունների, ինչպես նաեւ միջազգային ժյուրիի կողմից Մհերին ամենացածր միավոր տալու մասին զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ով մշտապես դեմ է եղել, որ «Եվրատեսիլ»-ին մեր երկրում մեծ նշանակություն տան:
«Մարդիկ ամեն ինչ թողել են ու ընկել են այդ հիմար մրցույթի հետեւից, ամոթ է»,- նշեց մեր զրուցակիցը:
Ա. Իսպիրյանը նկատեց, որ դեռ երկու ամիս առաջ է իր կարծքին ասել` նշելով, որ այս տարի հենց Սեւակ Խանաղյանին է տեսնում այդ մրցույթում` որպես հայաստանյան ներկայացուցիչ:
«Գիտեք, մեկ բան է, երբ արտիստի տեսահոլովակներն ու ձայնագրված երգերն ես նայում, մեկ այլ բան, երբ լսում են նրա կենդանի կատարումները: «Եվրատեսիլ»-ում պետք է կարողանաս հենց կենդանի երգել, իսկ Սեւակը դա կարող է հրաշալի անել: Նա արժանի մասնակից է, երգն էլ, այսպես ասած, «Եվրատեսիլ»-ի հագով կարված երգ է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սեւակի հնարավորությունները «Եվրատեսիլ 2018»-ում, պատասխանեց.
«Ես մշատապես սխալվել եմ իմ կանխատեսումներում: Ամեն տարի, երբ որեւէ մասնակցի եմ հավանել այդ մրցույթում, նա կամ շատ ցածր հորիզոնական է զբաղեցրել, կամ առհասարակ չի անցել եզրափակիչ: Ինձ համար մեր մասնակիցներից լավագույնը Գոռ Սուջյանն էր, ով հիանալի ձայն ունի, բայց նա էլ այդ մրցույթում բավականին ցածր տեղ գրավեց: Հետեւաբար Սեւակի հետ կապված կանխատեսումներ անել չեմ ուզում, միայն կրկնում եմ, որ նա շատ ուժեղ կատարող է: Վստահ եմ, որ այդ մրցույթում նա իր գործը պատվով կանի, իսկ հաջողությունը ոչ իրենից, ոչ իր երգելուց, ոչ էլ իր շոուից կախված չէ, սա քաղաքական երանգ ունեցող մրցույթ է, որտեղ միավորները ավելի շատ տալիս են երկրին, քան այդ երկրի մասնակցին»:
Անդրադառնալով «Դեպի եվրատեսիլ»-ում Մհերի սկանդալային պարտությանը` Արթուր Իսպիրյանը նկատեց.
«Մհերը շատ պրոֆեսիոնալ կատարող է: Նրան վաղուց եմ ճանաչում եւ երբեւէ չեմ տեսել, որ նա բեմում վատ ներկայանա: Նա հզոր ձայն ունի եւ ցանկացած երգ կենդանի հիանալի կատարում է: Իսկապես նա զիլ երգիչ է, ու չգիտեմ, թե ինչու է ժյուրին նրան ցածր միավոր տվել: Մհերը եւս կարող էր հանգիստ մասնակցեր «Եվրատեսիլ»-ին, նա էլ հաստատ Հայաստանին լավ միավոր կբերեր»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am