Ինչպես տեղեկացրել ենք, երեկ տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում եզրափակիչ փուլի ուղեգիր ստացան 5 մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը, Ամալիյա Մարգարյանը, «Կամիլ» շոուն, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:
Մրցույթի արդյունքների, արձագանքների ու պայքարից դուրս մնալու մասին ArenaNews.am կայքի հետ զրույցում անկեղծացել է մասնակիցներից Տյոմը:
-Տյոմ, Ձեր վերջին հարցազրույցում, խոսելով «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլ անցնելու մասին, Ձեր շանսերը գնահատել էիք 70 տոկոս, այս արդյունքները Ձեզ համար որքանո՞վ էին սպասելի, և ի՞նչն էր պատճառը:
-Ինչպես բոլոր 10 մասնակիցներն, այնպես էլ ես, ցանկանում էինք անցնել հաջորդ փուլ, բայց այսպես ստացվեց: Իհարկե ոչ մեկին ոչ մեղադրում եմ, ոչ որևէ խնդիր եմ տեսնում սրա մեջ: Քանի որ տեղի ունեցավ և ժյուրիի քվեարկություն, և sms քվեարկություն, չեմ կարող ասել, թե որ քվեարկությունից եմ կաղացել, քանի դեռ քվեարկության պատկերը չկա: Քվեարկության արդյունքները կունենանք եզրափակիչ փուլից հետո:
-Ձեր կատարման մեջ կա՞ր մի բան, որը հիմա կփոխեիք, այլ կերպ կանեիք:
-Ճիշտն ասած՝ ոչ, ես իմ ուժերի սահմաններում արել եմ այն, ինչ կարող էի:
Անկեղծ՝ շատ ուրախ եմ այս փորձի համար, հանդիսատեսն ինձ տեսավ ոչ միայն երգելուց այլև նաև պարելուց: Ուրախ եմ, որ ունեցա այնպիսի մի կատարում, որն իմ անցած ճանապարհի մեջ նորություն էր:
Նշեմ, որ ի սկզբանե կարծիքները երգիս հետ կապված երկու մասին էին բաժանված, կեսը՝ բացասական, կեսը՝ դրական: Թեպետ դրանից ընդհանրապես չեմ նեղվում, մարդկանց հանդեպ չեմ չարանում, դա իրենց կարծիքն էր: Բայց երեկվանից, իրոք, ստացել եմ հազարավոր նամակներ, շատ-շատ, անգամ զարմացած եմ, որ այդքան գրում ու զանգում էին, մարդիկ կային անգամ, համարս չունեին զանգել էին, viber, whatsapp, ամեն կերպ կապվում էին ինձ հետ, անգամ չեմ հասցնում պատասխանել: Շատերը երգերը հավանեցին հատկապես կենդանի կատարումից հետո, եթե նախկինում երգը հավանողների թիվը 50/50 էր, հիմա 70/30, ինչի համար միայն շատ ուրախ եմ:
-Երկրորդ կիսաեզրափակչի 5-յակն այսպիսին պատկերացնու՞մ էիք:
-Անկեղծ ասեմ՝ ուժեղ մրցակցություն էր 20 երգիչների միջև էլ, կային ֆավորիտներ, և ես այդ ամենի միջով, ըստ իս, անցել եմ բաց ճակատով:
Հաջորդ փուլ անցան 3 ֆավորիտներն, ում անունները մարդիկ ի սկբանե տալիս էին: Անցել են նաև արտիստներ, ովքեր նոր են հայտնվել մեր ասպարեզում, բայց շատ տաղանդավոր են, օրինակ՝Ամալիյան, Մարիամը, ում համար շատ ուրախ եմ:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հանրային հեռուստաընկերությանը, որովհետև իսկապես շատ մեծ աշխատանք են արել: Եթե լրատվամիջոցներից կամ հանդիսատեսից ինչ-որ մեկը լիներ ետնաբեմում, կտեսներ թե ինչ հսկայական աշխատանք է տարվում:
«Դեպի Եվրատեսիլ»-ի անձնակազմին եմ ուզում շնորհակալություն հայտնել, իմ երգի հեղինակներ Գևորգ Գևորգյանին, Իննա Մկրտչյանին, խորեոգրաֆին, պարային խմբին ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ սատարել են:
Անկեղծ՝ ես երեկ գիշերվանից մինչև հիմա այդ ջերմությունը զգում եմ ու համոզված եմ, որ իմ հանդիսատեսն ինձ քվեարկել ու իմ կողքին է եղել:
-Մասնակիցներից ու՞մ եք սատարելու:
-Բոլորն էլ ընկերներս են, անուն չեմ ուզում նշել, բայց գիտեմ այն երկու անունները, ովքեր ինձ համար 2 ֆավորիտ են և ում համար կքվեարկեմ:
-Եվ վերջում՝ սպասե՞նք Ձեզ նոր մրցույթներում, թե ոչ:
Առաջիկայում նոր մրցույթների չեմ մասնակցի, ուզում եմ մի փոքր հանգստանալ մրցութային վիճակից, բայց ասեմ, որ երկար չի լինի բացակայությունս, չեմ թողնի, որ հանդիսատեսս ինձ շատ կարոտի:
Աղբյուրը՝ ArenaNews.am