Տեւական դադարից հետո Եվա Բաղդասարյանը կրկին վերադառնում է եթեր: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է սերիալային նոր դերի, անձնականի մասին, եւ ոչ միայն:
«Մոտ մեկ տարի առաջ ավարտվեց «Փոխնակ մայրը» սերիալը: Այս ընթացքում Մոսկվա` քրոջս մոտ էի մեկնել, վայելում էի հանգիստս ու նաեւ իմ այլ` ավելի եկամտաբեր գործերով էի զբաղված: Վերջերս նկարահանվել եմ «Կենտրոն» հեռուստաընկերության սկետչերում, որոնք դեռեւս եթերում չեն»,-նշել է նա:
Եվայի խոսքով` վերջին շրջանում շատ առաջարկներ է ստացել, որոնք մերժել է. «Զանգում եւ առաջարկում էին իրենց նախագծում նկարահանվել, սակայն երբ հանդիպում էինք, հասկանում էի, որ դերն իմը չէ, կամ էլ համբույրի, անկողնային տեսարաններ պետք է լինեին, եւ հրաժարվում էի»:
Դերասանուհին այժմ նկարահանվում է «Երեւի» սերիալում: Ինչպես նշել է, այս առաջարկին սպասում էր.«Ադելի դերում եմ: Դրական, հանգիստ, մեղմ աղջիկ է, նախորդ կերպարիցս շատ է տարբերվում: Բեն Ավետիսյանի հերոսի` Աբելի սիրելիի կերպարում եմ: Նրանք, սակայն, հանգամանքների բերումով միասին չեն»:
BRAVO.am-ի հարցին` չի վախենում, որ սերիալի ցուցադրությունից հետո իրեն եւ Բենին կսկսեն որպես սիրային զույգ ընկալել, Եվան պատասխանել է.«Հայկական իրականությունում միշտ էլ այդպես է լինում: Սա միայն սերիալ է, բայց, իհարկե, պետք է մեր խաղով կարողանանք համոզել հեռուստադիտողին»:
Դերասանուհին անձնականի մասին նախընտրում է չխոսել.«Այն փակ եմ պահում, քանի որ կյանքումս մեկ անգամ մեծ հիասթափություն եմ ունեցել: Չեմ ուզում շտապել, պետք է ճիշտ ընտրություն կատարել»:
Աղբյուրը՝ bravo.am