«TV–ի թագուհի է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Սամվել Գրիգորյանի

Tert.am Life–ը շարունակում է հայտնի տղամարդկանցից պարզել, թե ովքեր են շոու բիզնեսի ամենաոճային կանայք։ Այս անգամ զրուցել ենք երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի հետ։ Վերջինս նշեց, որ ոճային կանայք հիմա ավելի քիչ են, քան տարիներ առաջ։

«Հիմա հնարավորություններն ավելի շատ են, բայց մեր աղջիկները քիչ են աշխատում իրենց վրա, աշխատասիրությունն ավելի քիչ է»,– ասաց նա ու հավելեց, որ ոճային լինելու գլխավոր նախապայմաններից մեկը խնամված լինելն է։ Հենց այստեղ է թաքնված յուրաքանչյուր կնոջ գեղեցկության գաղտնիքը։

«Յուրաքանչյուր կին իր խնամքի միջոցով կարող է հասնել կատարելության։ Գոյություն չունեն տգեղ կանայք, գոյություն ունեն խնամված և ոչ խնամված, իրենց ոճը գտած և չգտած կանայք։ Յուրաքանչյուր կին, իրեն հետևելու դեպքում, կարող է դառնալ ամենագեղեցիկը։ Ոճային լինելու համար նախ պետք է հետևել, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Դիզայներները տարվա ընթացքում շատ հետաքրքիր առաջարկներ են անում։ Կարծում եմ` առաջին հերթին պետք է ընտրել կազմվածքին համապատասխան  հագուստ։ Կարևորում եմ նաև, որ հագուստը համապատասխանի մարդու տեսակին, ոճին»,– ասաց նա։

Ահա և Սամվելի եռյակը.

Սիրուշո – նա շատ լավ հետևում է նորաձևությանը, լիարժեք աշխատում է ոճի վրա։ Շատ եմ հավանում իրեն։ Կարծում եմ` լավագույնն  է։ Հետևում է լավ բրենդներին, ընտրում է այն, ինչն իրեն համապատասխանում է։

Մերի Հակոբյան – իրեն հավանում եմ նախ ոճային առումով, հետևում է նորաձևությանը։ Բացի այդ, ունի գեղեցիկ կազմվածք, գեղեցիկ արտաքին, միշտ հետևում է իրեն և ունի խնամված արտաքին։

Նազենի Հովհաննիսյան – Վերջին ժամանակներս հեռուստանախագծերի, հատկապես, «Հայաստանի ձայնի» ժամանակ նա ցույց տվեց բավականին շատ հետաքրքիր, իրարից տարբերվող կերպարներ և բոլոր ոճերում իսկապես փայլեց։ Ի վերջո, կարելի է ասել, TV–ի թագուհի։ Մարդ, որը լիարժեք տիրապետում է կանացի բոլոր գաղտնիքներին և իր մասնագիտությանը։

Աղբյուրը՝ life.tert.am