Չեմ թողնում, որ իմ կյանք մուտք գործեն մարդիկ, որոնց պետք է մի կերպ հանդուրժեմ. Քրիստինե Պեպելյան

«Ժողովուրդ»-ը առաջիկայի պլանների, նոր մենահամերգի, շոու-բիզնեսում տիրող բարքերի եւ նոր սերնդի ներկայացուցիչների մասին զրուցել է երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ:

-Քրիստինե՛, Ձեր երկրպագուների համար ի՞նչ նոր երգ, տեսահոլովակ եք պատրաստում:

-Կարծում եմ` իմ նոր երգը, որը կոչվում է «Սիրե՞լ, թե՞ ատել», շուտով կունենա տեսահոլովակ: Երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը: Ես այն կատարել եմ Արամի մենահամերգի ժամանակ, շատ սիրուն, մեղեդային գործ է, հատուկ գրվել է ինձ համար: Հենց Արամն էլ կանի գործիքավորումը:

-Դուք համաձա՞յն եք այն մտքին, որ սիրուց ատելություն ընդամենը մեկ քայլ է:

-Ճիշտն ասած, չեմ կարող հստակ չափանիշներով խոսել, չգիտեմ: Միգուցե… Հնարավոր է:

-Առաջիկայում երկրպագուների հետ հանդիպումների առիթ կլինի՞:

-Դեռ նման բան չկա պլանավորած, բայց պետք է արդեն փորձեմ աշխատել մենահամերգիս ծրագրի վրա, հուսամ` եթե հասցնեմ, կկարողանամ այս տարի այն կյանքի կոչել:

-Դուք այն երգչուհիներից եք, որոնք հաճախ են հանդես գալիս դուետներով, էլի զուգերգ սպասե՞ նք:

-Ոչ, մի սպասեք, էլի (ծիծաղում է), վերջինը Էրիկի հետ զուգերգն էր, այն կոչվում է «Սիրո չորս եղանակ», թողեք` ես ինձ համար աշխատեմ: Թեպետ ասեմ, որ դուետների առաջարկներ միշտ էլ ստանում եմ:

-Իսկ արտերկրից համերգների հրավերներ ունե՞ք:

-Այո, առաջարկներ, իհարկե, կան, բայց քանի որ ես դասավանդում եմ կոնսերվատորիայում, ուսումնական տարվա ընթացքում երկար ժամանակով բացակայել արդեն չի ստացվում: Պետք է սաներիս ուղարկեմ արձակուրդ եւ նոր զբաղվեմ իմ անելիքներով. ծանր է գրաֆիկս:

-«Հայաստանի ձայնը-2» նախագծում եղել եք ժյուրիի կազմում: Մասնակիցների հետ կապը պահո՞ւմ եք:

-Մասնակիցներից ոմանք իմ ուսանողներն են, իհարկե, նրանց հետ կապը պահում եմ: Արամ Գինոսյանի հետ հանդես եկանք դուետով, Անահիտ Պետրոսյանն իմ ուսանողուհին է, Անահիտ Շահբազյանի հետ կոլեգաներ ենք եւ այդպես շարունակ:

-Իսկ երգարվեստի ներկայացուցիչների հետ նախկին սերտ հարաբերությունները պահպանվե՞լ են, թե՞ հանգամանքների բերումով հեռացել եք միմյանցից:

-Ես սիրում եմ մարդկանց հետ ընկերություն անել, բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ հիասթափություններ լինում են. կյանքն է այդպիսին: Տեսակներ կան, որոնք տարիներ շարունակ քայլում են իրար կողքով, տեսակներ կան, որ ոչ: Ես բաց եմ մարդկանց համար, համենայն դեպս հավատում եմ, որ անկեղծ ընկերություն գոյություն ունի, թեեւ իմ ընկերները քիչ են, շատ մտերիմները մի քանի հոգի են, որոնք, ի դեպ, մեր բնագավառի հետ կապ չունեն:

-Շոու-բիզնեսում տիրող «բարքերից» ո՞րն է Ձեզ խորթ:

-Երեւի այն, որ շատ դեպքերում մարդիկ այնտեղ են, որովհետեւ իրենց այդպես հարմար է. դա է ամենաանհասկանալին ինձ համար: Բայց ես ուրախ եմ, որ իմ կյանքում ունեմ կարգախոս` երբեք որեւէ մեկի հետ ստիպված չեմ շփվում, միշտ շփվում եմ մարդկանց հետ, որոնց հետ ուրախ է, որոնց հետ կարող եմ լավ հումորներ անել. այդպիսիք, իհարկե, քիչ են: Չեմ թողնում, որ իմ կյանք մուտք գործեն մարդիկ, որոնց պետք է մի կերպ հանդուրժեմ:

-Որպես հայկական շոու-բիզնեսի «հնաբնակ»` ի՞նչ կարծիք ունեք նոր սերնդի կատարողների մասին:

-Առաջին հայացքից մտահոգություններն ավելի շատ են, քան հիացմունքի առիթները: Իհարկե, կան այնպիսիք, որոնք հիացնում են, բայց, երբ, օրինակ, երգի պրեմիերա է լինում, շատ դեպքերում չեմ էլ ծանոթանում, որովհետեւ գիտեմ, որ դա պատվեր է, կամ ինչ-որ մեկին նվիրված նույնական մի գործ: Չի եղել մի բան, որ լսեմ, ու ասեմ` ինչ հետաքրքիր թեմա է, որ լսեմ, ու ինչ-որ բան փոխվի իմ կյանքում:

-Իսկ Ձեր սերնդի ներկայացուցիչները պատրա՞ստ են նրանց աջակցել:

-Այո, եթե նրանք ունենան դրա կարիքը: Նրանք, սովորաբար, ոչ ոքի չեն էլ դիմում, ես համոզված եմ: Շատերը բավական ինքնավստահ են, իրենց թվում է, որ անում են այն, ինչ պետք է, եւ հաշվի չեն նստում որեւէ մեկի կարծիքի հետ: Ես համոզված եմ, որ մեր սերնդից չի լինի մեկը, որը կմերժի իրենց:

-Եվ վերջին հարցը. 2018-ից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ժամանակի հետ հասկանում ես, որ կարեւորը մարդն է եւ այն զգացմունքները, որոնք կապված են մարդու հետ: Երեւի ամենամեծ ակնկալիքս այն է, որ հիասթափություններ, հատկապես հարազատ մարդկանցից, չլինեն:

Աղբյուրը՝ armlur.am