Արևիկ Ալավերդյանն` ընտանիքով ԱՄՆ մեկնելու պատճառի և հիշարժան օրերի մասին

Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանն ընտանիքի հետ միասին գտնվում է ԱՄՆ-ում:

«Ես ու ամուսինս վաղուց էինք ցանկանում Միացյալ նահանգներ մեկնել: Ուզում էինք անպայման երեխայի հետ ճանապարհորդել: Դրա համար ամուսինս որոշեց, որ մեր որդու տարեդարձի կապակցությամբ բոլորիս նվեր մատուցի` ճանապարհորդություն դեպի ԱՄՆ»,- պատմեց Արևիկը:
Նրանք արդեն մի քանի օր է, ինչ Միացյալ նահանգներում են: Արևիկի խոսքով` օրերն անմոռանալի են անցնում:
«Այստեղ ես և ամուսինս շատ հարազատներ և ընկերներ ունենք: Եղբայրս ընտանիքով բնակվում է ԱՄՆ-ում, ում գրեթե տասը տարի չէի տեսել: Իսկապես հրաշալի ժամանակ ենք անցկացնում, հագեցած օրեր են, հիասքանչ եղանակ: Փորձում ենք հնարավորինս շատ տեսարժան վայրերում լինել»,- հավելեց նա:

Արևիկ Ալավերդյանը ժպիտով խոստովանեց, որ ԱՄՆ-ում իրեն օտար երկրում չի զգում, քանի որ շուրջբոլորը հայեր են:

«Իրոք որ, այստեղ ասես փոքր Հայաստանը լինի: Դեռ շատ վայրեր ունենք այցելելու»,- նկատեց նա, իսկ հարցին, թե համաձա՞յն է այն մտքին, որ ԱՄՆ-ն երազանքների երկիր է, պատասխանեց.
«Սա երազանքների երկիր է, թե ոչ, կհասկանամ հետ վերադառնալուց հետո միայն, բայց Փարիզից հետո դժվար է, որևէ այլ երկրով ու քաղաքով տպավորվել»:
Ի դեպ` բացի հանգստից Արևիկը կհասցնի աշխատել նաև տեղի տաղանդավոր լուսանկարիչներից մեկի հետ, որին, սակայն, չցանկացավ դեռևս բացահայտել:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է փոքրիկ Դավիթը արձագանքում նոր միջավայրին, Արևիկը նշեց.

«Ժամային տարբերությանը ես հեշտ հարմարվեցի, իսկ այ Դավիթը` ոչ այնքան: Հիմա գնալով սովորում է նոր միջավայրին, գլխավորը իրեն շատ լավ է զգում և ուրախ է: Երկար ճանապարհն էլ պատվով հաղթահարեց, տեղ հասնելուն պես նրան ասացի` «Դու իմ հերոս տղան ես»»:
Ամանորը Արևիկն իր ընտանիքով ԱՄՆ-ում է նշել.
«Քանի որ այստեղ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին են նշում, այդ օրը մենք հարազատներով հավաքվեցինք ու մի լավ ուրախացանք: Նույնը և Ամանորին տեղի ունեցավ: Նոր տարին իմ ամենասիրելի ընտանեկան տոնն է, ուստի այն նախընտրում եմ նշել տանը`ընտանեկան միջավայրում»,- ավարտեց երգչուհին:
Աղբյուրը՝ life.panorama.am