«Թշնամուս չեմ ցանկանա անցնել նման բանի միջով». Արեն Բայադյանը` Հրազդանի կիրճն ընկնելուց հետո վերականգնողական փուլի և աշխատանքի վերադառնալու մասին

Ամիսներ առաջ ռեժիսոր Արեն Բայադյանին գտել են Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց։ Նա վայր էր ընկել Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից։ Ռեժիսորն ուներ ողնաշարի և կողերի կոտրվածքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ Արենն արդեն տանն է և վերականգնողական փուլում է։ Դեպքից ամիսներ անց Արենը կրկին աշխատում է, ասում է` հիմա ավելի ակտիվ գրաֆիկով, քան նախկինում։ Tert.am Life–ի հետ զրույցում Արենը պատմել է այս փուլում ունեցած բարդությունների, դրանք հաղթահարելու և նոր աշխատանքների մասին։

Արենը նշեց, որ վիրահատությունից հետո վերականգնողական փուլ է անցնել, հիմա արդեն լիարժեք վերականգնվել է և վերադարձել աշխատանքի։ Վերականգնողական փուլը հեշտ չէր, սակայն  նա  չի դժգոհում։

«Բավականին մեծ աշխատանք արեցի այդ փուլը հաղթահարելու համար։ Կյանքում ոչ ոքի չեմ ցանկանա նման բանի միջով անցնել, անգամ, թշնամուս։ Շատ դժվար փուլ էր, որի մասին չէի ուզի խոսել։ Առողջության վերականգման հետ կապված այդ փուլերը, ցավերն ու ապրումները կարող են կոտրել մարդու հոգեկան աշխարհը, բայց ես դժվարություններին չէի նայում։ Պարզապես, պետք է գնահատես կյանքդ, գնաս դեպի նպատակդ։ Երբ նպատակ ունես, ուժ է մտնում քո մեջ։ Դժվարությունը, ցավը շատ մեծ էին, սակայն հիմա չեմ ուզում վատը հիշել։ Փառք Աստծո, որ ամեն ինչ այդպես հաղթահարվեց»,– ասաց ռեժիսորը ու հավելեց, որ այդ ամենը հաղթահարել իրեն օգնել են կինը, ընկերներն ու գործընկերները։

Դեպքն Արենին մտածելու, կյանքը վերագնահատելու հնարավորություն է տվել։ «Շատ բան է փոխվում։ Բնականաբար, դա ունենում է իր ազդեցությունը։ Աշխարհայացքդ է փոխվում, գնահատում ես ամեն  վայրկյանդ, ամեն պահդ, այն, ինչ ունես։ Դեպքը շատ բան փոխեց իմ կյանքում։ Հաճախ, մարդիկ զղջում են, որ ինչ–որ վատ բան է եղել իրենց հետ։ Ես չեմ զղջում և ժամանակը հետ չէի տա։ Ոչինչ պատահական չի լինում։ Այս դեպքն իր նշանակությունն ուներ»,– նշեց Արենը։

Անդրադառնալով  քննարկումներին, որ իրեն ծեծել էին, կոտրված էին նաև մատները, Արենն ասաց, որ նման բան չկար. «Շատ խոսակցություններ կան նաև այն մասին, որ դա ինքնասպանության փորձ էր, հաշվեհարդար, սակայն  դա եղել է դժբախտ պատահար։ Ինչը պետք է պատճառ լիներ, որ ինձ պես արվեստագետի հետ հաշվեհարդար տեսնեին։ Ես չէի պատկերացնում, որ կարող է նման բան լինել, բայց եղավ։ Մեր ազգին բնորոշ են տարբեր խոսակցությունները։ Այդ ամենի հետևից գնալ չես կարող»։

Արենի խոսքով` այժմ աշխատում է ավելի ակտիվ, քան նախկինում։ Ասում է` ուրիշ էներգիա ունի, ուզում է իրագործել մտքերը։ Վերջերս նա եղել է ԱՄՆ–ում, Մոսկվայում, որտեղ տեսահոլովակներ է նկարահանել։ Հայաստանում էլ նկարահանել է Հռիփսիմե Հակոբյանի և Արկադի Դումիկյանի զուգերգի,  Էրիկի «Իմ աշխարհ եկ» և մի շարք այլ տեսահոլովակներ։ Շուտով լույս կտեսնեն  Իվետա Մուկուչյանի, Արման Հովհաննիսյանի, Գրիգորի Եսայանի, Արամեի տեսահոլովակները, որոնց ռեժիսորը ևս Արենն է։  «Բազմաթիվ տեսահոլովակներ ու աշխատանքներ կան։ Մեկը մյուսից տարբերվող ու հետաքրքիր տեսահոլովակներ են սպասվում»,– ասաց նա։

Երգիչները հաճախ դժգոհում են, որ Հայաստանում օր օրի ավելի թանկ հաճույք է դառնում երգիչ լինելը, քանի որ թանկանում են տեսահոլովակների, երգերի արժեքները։ Արենը նշեց, որ տեսահոլովակների արժեքները չեն թանկացել։ «Իրականում, տեսահոլովակների արժեքների թանկացումներ չկան։ Ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես մի քանի տարի առաջ էր։ Դա կարող է պայմանավորված լինել երգչի ֆինանսական կարողությամբ կամ անկարողությամբ»,– ասաց նա։ Տեսահոլովակի միջին արժեք նշել Արենը դժվարացավ, քանի որ դա պայմանավորված է նրանով, թե ինչ գաղափար է պետք կյանքի կոչել։

«Ես ունեմ  մոտ 15 տեսահոլովակ, որոնք նկարահանել եմ արտերկրում։ Հայաստանը մատչելիության տեսանկյունից բավականին լավ է այլ երկրների համեմատ, սակայն մեզ մոտ ավելի դժվարությամբ ենք ստանում այդ ամենը, որովհետև այստեղ կրկնակի աշխատանք ենք տանում»,– ասաց նա։

Հայկական շոու բիզնեսում կար մի փուլ, երբ բավականին քիչ էին նկարահանվում տեսահոլովակներ։ Այս շրջանում, սակայն, երգիչների մոտ ակտիվ տեսահոլովակներ նկարահանելու տենդենց է նկատվում։ Արենը ևս նկատում է, որ որոշակի պասիվություն կար, սակայն ասում է, որ աշխատանքի խնդիր երբևէ չի ունեցել, քանի որ առաջարկներ է ստանում նաև արտերկրից։ «Պասիվությունը պայմանավորված է նրանով, որ երգչին  ինչ–որ շրջանում, գուցե, պետք չէ տեսահոլովակ, ավելի կարևոր է երգի տարածումը, որը մատուցելու տարբեր եղանակներ կան։ Սակայն ես հետևողական եմ եղել և կարող եմ ասել, որ ամբողջ տեսահոլովակների առումով Հայաստանը  ամենահարուստն է, ամենաշքեղն ու ամենապահանջվածը Կովկասում»,– եզրափակեց ռեժիսորը։

Աղբյուրը՝ life.tert.am