Ամերիկայում հայկական հեռուստաընկերությունները զիջում են Հայաստանյան հեռուստաընկերություններին: Ինչու՞:

Այն դեպքում, երբ հեռուստատեսության ազդեցության լայնածավալ հնարավորությունների ուսումնասիրման առաջատարն է ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում ողջ աշխարհում այդ ոլորտի ուսումնասիրությունների 60 տոկոսը, կատարելով անվերջ վերլուծություններ լսարանի ուսումնասիրման, հաղորդավարների իմիջի ձևավորման, ազդեցությունների ուժեղացման և այլ ոլորտներում. հարց է ծագում՝ ինչու գտնվելով Հոլիվուդին այսքան մոտ, Ամերիկայում հայկական հեռուստաընկերությունները մի քանի անգամ զիջում են նույնիսկ Հայաստանյան հեռուստաընկերություններին:

Ինչու՞ չեն մատուցվում ավելի որակյալ հաղորդաշարեր և հեռուստածրագրեր, երբ բոլորիս քաջ հայտնի է այն փաստը, որ այժմ Լոս Անջելեսում հիանալի հայ հաղորդավարների և արտիստների մի մեծ փունջ ունենք, որոնց շնորհիվ կարելի է սփյուռքի ամենամեծ հայ համայնքի հեռուստամեդիային նոր շունչ հաղորդել՝ տրամադրելով նրանց նոր ու որակյալ գաղափարներ և արժեքներ քարոզելու ճիշտ տիրույթ:

Ցավոք, չենք կարող չանրադառնալ նաև հայկական հեռուստաեթերներով հնչող գովազդների որակին և միօրինակությանը:

Այո՝ գովազդները և սերիալները նույնպես չեն կարող չլինել։ Աշխարհում դրանք գրեթե համատարած դարձել են հեռուստաընկերությունների շահույթի հիմնական աղբյուրը: Խոսքը ոչ թե դրանցից ազատվելու (ինչպես կլսենք ծայրահեղ քննադատություններում), այլ դրանց որակական փոփոխության մասին է՝ պրոֆեսիոնալիզմի, ժանրային բազմազանության, ինչպես նաև տարբեր լսարանների պահանջին ավելի ընկալունակ լինելու առումներով:

Կարծում ենք՝ ապագայում որակյալ հաղորդաշարեր և հեռուստածրագրեր մատուցելը կստիպի նաև գովազդատուին իր ծառայության կամ ապրանքանիշի ավելի դիտարժան և պրոֆեսիոնալ մատուցման:

LosArmNews.com