Մի քիչ համբերե՛ք. գալու եմ շուտով,
Գալու եմ գրկեմ՝ երազենք մեկտեղ,
Եվ կարոտածի ջերմ համբույրներով
Գալու եմ ճեղքեմ հոգիները նեղ:
Մի քիչ սպասե՛ք, մանո՛ւկ ընկերներ.
Չեմ ուշանալու այս անգամ խաղից,
Գրողի ծոցը դասեր ու գրքեր,
Գալու եմ՝ դասս սովորեմ թաղից:
Մի քիչ համբերե՛ք, մանկության սերե՛ր.
Գալու է նորից ձեր սերը խենթուկ,
Էլի կփռի երազնե՜ր, երգե՜ր
Ձեր հոգիներում, սրտերում տաքուկ:
Դեռ քար մի՛ դրեք, սպասե՛ք՝ կգա՛մ.
Հազար շղթա կա ոտքերս բանտող,
Սպասե՛ք, սրա՛նց պարտքերը դեռ տամ,
Թելերը կտրեմ սրանց հետ կապող:
Դավիթ Ասատրյան
Երևան 2010