Աչքերիս առաջ մեր խալխուլ տունն է,
Մեր նախնադարյան կահույքը մաշված,
Դրսում քամի է, ձմեռ է, ձյուն է
Ներսում վառարան բորբ ու շիկացած:
Խոնավ պատեր են խարխուլ տանիք է,
Հացը պակաս է, հույսը բարակ,
Բայց արի ու տես որ երջանիկ ենք,
Մեր բախտից գոհ ենք, արժանի զավակ:
Դրսում ոռնում է սառնամանիքը,
Վերածվում ահեղ ճերմակ փոթորկի,
Ճաշի է նստել մեր ընտանիքը
Հինգ հաց են ուտում հինգ հազար հոգի:
Հիմա երբ ողջը անցյալ է դարձել,
Հացը առատ է, տունը տաքուկ,
Մի ցուրտ ձմեռ է մեջս սաստկացել,
Քնից զարթնել ե մի հին ձնաբուք:
Դուք բախտ եք փնտրում օտար ափերում,
Ինձանից հեռու, հեռու ձեր տնից,
Ձեր կարոտով եմ ամեն օր քնում,
Ինձ ձեր կարոտն է արթնացնում քնից: