Ումից և ինչու պաշտպանել Սիլվա Կապուտիկյանին

Մեծերի վարքն ու գործը քննելը երբեք արգելված չէ: Որևէ մեկը սրբապատկեր չէ և ոչ էլ թանգարան հանձնված ցուցանմուշ, որ մետենալն ու ձեռք տալն անթույլատրելի լինի: Մեծերն ապրել են իրենց ժամանակի մեջ, կրել ժամանակի ազդեցությունները, ծառայել ժամանակին՝ հարստացնելով ժամանակի կերպարը: Ոմանք ծառայել են ոչ թե ժամանակին, այլ ժամանակի իշխանություններին: Ամեն մեկը յուրովի է պատկերացրել իր տեղն ու դերը, ամեն մեկն ինքն է ընտրել իր ճանապարհը: Ոմանց պարտադրվել են ճանապարհներ, ոմանց ճանապարհներն ընդհատվել են: Ու այսօր ժամանակի ու մեծերի փոխառնչությունների, պատմական ճշմարտությունների բացահայտումների համար մեծերին անդրադարձը գուցեև հրամայական է: Բայց ոչ երբեք զրպարտություն ու հայհոյանք: Դատապարտումը՝ հանուն պատմական ճշմարտության, արդարացված ու գնահատելի է: Դա ձևավորում է օբյեկտիվ հայացք պատմությանն ու անհատին: Բայց ոչ ոք իրավունք չունի, հանուն ինչ-ինչ շահերի կամ շահատակությունների, զրպարտել մեծերին, նրանց վերագրել բաներ, որոնք կարող են այսօր ընդունելի լինել սկանսդալասեր հանրության համար, բայց մերժելի՝ պատմական ճշմարտության համար: Հենց պատմական ճշմարտության խեղաթյուրումն էլ պարտադրել է ելնել բոլոր նրանց դեմ, ովքեր, պատմության դասերը չսերտած, վավերական պատմության կողքով անգամ չանցած, այսօր էլ զրպարտությունների թիրախ են դարձրել Սիլվա Կապուտիկյանին՝ նրան մեղադրելով 1988-ի ղարաբաղյան շարժումը աճպարարության վերածելու մեջ: Որոշ երիտասարդ բանաստեղծների անդուլ կիրքը՝ ինքնահաստատվել մեծերին քարկոծելու ճանապարհով, համարում ենք ոչ նոր իրողություն, ուստի հեգնանքով ենք վերաբերում: Այդպես հեգնանքով վերաբերեցինք նրանց, ովքեր խիստ նեղլիկ դարձրեցին Սիլվա Կապուտիկյանի պոեզիան, նրան անգամ համարեցին նեղլիկ ազգային շրջանակի մեջ ծանոթ դարձած «միջակ»: Բայց այժմ արդեն անհնար է լռել այն դեպքում, որ ինչ-որ նորահայտ կայք, մանկա-պատանեկան գրասիրության մակարդակը չհաղթահարած, ելել է Կապուտիկյան գործչի դեմ ու զրպարտել: Qayl.am կայքի մեկնաբանը գրում է. «Այսպիսով՝ երբ 88-ին Ազատության հրապարակում ժողովուրդը Ղարաբաղյան հարցի վերջնական լուծում էր պահանջում, Գորբաչովը իր մոտ է կանչում վերոնշյալ երկու մտավորականներին՝ Սիլվա Կապուտիկյանին և Զորի Բալայանին։ Այստեղ մեր «գլխիկոր» մտավորակաները Կրեմլի «վերափոխիչից» հատուկ ու առանձնակի նենգություն հետապնդող հակազգային առաջադրանք են ստանում և ձեռնամուխ են լինում հանրահավաքը ցրելուն։ Փետրվարի 26-ին Զորի Բալայանը գալիս է Ազատության հրապարակ ու ժողովրդին ներկայացնում Գորբաչովի կողմից ուղարկված ուղերձը։ Նրանց համոզիչ ելույթներից ու խոսքերից հետո հանրահավաքը ցրվում է։ Պարզ երևում է, որ մտավորականներին հաջողվում է իրականացնել ԽՍՀՄ առաջնորդի հրամանը։ Հաջորդ օրը տեղի են ունենում Սումգայիթյան ջարդերը։ Ադրբեջանական վայրագ մեքենան որսաց հարմար պահն ու իրականացրեց կոտորածները։ Այս ջարդերը մի գուցե չլինեին, եթե Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը աճպարարական խոսքերով ու ճառերով չհիպնոսեին ժողովրդին։ Արդյունքում շարժումը տվեց իր դրական պտուղները, բայց հետագա սերունդների գլխուղեղում շարունակվում է սրսկվել այս ազգային կեղծիքը, որ 1988թ․-ի շարժման ու Արցախյան ազատագրական պայքարի մեջ մեծ ներդրում ունեն Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը, մարդիկ, ովքեր խաբելով և հիմարացնելով, ցրեցին հանրահավաքը։ Արդյունքում, հաջորդ օրը տեղի ունեցան Սումգայիթյան ջարդերը»։ Այո, Զորի Բալայանն ու Սիլվա Կապուտիկյանը հանդիպել են Գորբաչովին: Հիշենք Կապուտիկյանի ելույթը հեռուստատեսությամբ, երբ նա պատմում էր հանդիպման մասին: Խանդավառություն չկար, ուշ գիշերին եթե հեռարձակված հաղորդման ընթացքում Կապուտիկյանի դեմքն ու խոսքը խիստ մտահոգ էին: Օրվա եթերը եզրափակող Աիդա Ներսիսյանը հոգոցով ու տխրությամբ բարի գիշեր մաղթեց և համբերություն: Հետագայում Կապուտիկյանը դառնությամբ խոստովանեց, որ ինքը խաբված էր Գորբաչովի կողմից, որ ԽՍՀՄ առաջնորդը բառացիորեն խաբել էր: Եվ դաժան եզրահանգումներով հոդվածով հանդես եկավ: Կապուտիկյանը կրեմլյան գործակա՞լ: Երևի նշանավոր հայ տիկնոջը որոշ մեղքեր վերագրած լինեն, բայց ոչ այս մեկը: Եվ բառացիորեն սրբապղծություն է նրան սումգայիթյան կոտորածների մեղքը բարդելը: Միայն պատմությունից ու քաղաքականությունից հեռու մեկը, մանկական ընկալումներով, կարող է պատկերացնել, որ եթե Երևանում շարունակվեին հանրահավքները, Սումգայիթում տեղի չէր ունենա նորօրյա ցեղասպանությունը: Կապուտիկյանը ստացել է «հատուկ ու առանձնակի նենգություն հետապնդող հակազգային առաջադրանք»: Սա գրողը գոնե հասկանու՞մ է, թե ինչի մեջ է մեղադրում հայ բանաստեղծին, մորը, կնոջը, գոնե պատկերացնում է, թե ինչ է իր գրածը: Թե՞ միայն բնազդներով առաջնորդվելու մղումն է նրան տարել երևակայության նման ստոր թռիչքի: Գոնե այս զրպարտագրի հեղինակը լսե՞լ է Սիլվա Կապուտիկյանի խոսքը, կարդացե՞լ է նրա հոդվածները, կարո՞ղ հղում անել Ազատության հրապարակում նրա ունեցած ելույթին: Չենք կարծում: Ուրեմն, Վահան Մարտիրոսյանի օրինակն իսկապես ոմանց համար ուսանելի է եղել: Եվ վերջում, դեռ ապրում են այն սերունդները, որոնք այդ օրերի պատմության մեջ են եղել, նրա կերտողներն ու վկաներն են եղել: Ուրեմն, պետք է վախենալ նրանց զայրույթից:

Լևոն Մութաֆյան Նյութի աղբյուրը ` Newsbook.am