Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում միանգամից չորս գրքերի շնորհանդես էր. «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» / Արման Կիրակոսյան/ «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները /Ռոբերտ Թաթոյան/, «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները»/ Ռուբինա Փիրումյան/. ինչպես նաև «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը: Այս չորս գրքելն էլ հրատարակվել են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ջանքերով:
«Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» ձեռնարկի հեղինակը Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն է, ով ուսումնասիրել է ժամանակակից ամերիկյան հանրագիտարանները, որպեսզի հասկանա, թե ինչպես է արտացոլված հանրագիտարաններում Հայոց ցեղասպանության հարցը: Նա 15 տարիների ընթացքում ուսումնասիրել է մի շարք հանրագիտարաններ, որոնցից շուրջ 40-ը ներառել է իր գրքում: Դրանց հեղինակները առաջատար մասնագետներ են, ցեղասպանագետներ: Հեղինակը գիրքը բաժանել է 16 գլուխների, որոնք և´ կոնցեպտուալ բնույթի են, և´ պատմական, և´ ժամանակագրական:
Թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ տարեվերջին հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու կարևոր հատոր է հրապարակելու Հայոց ցեղասպանության հանրագիտարան՝ հայերն և անգլերեն լեզուներով:
«Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրության հեղինակ Ռոբերտ Թաթոյանը թեման համարում է ամենահակասական հարցերից մեկը, որովհետև թուրքական ժամանակակից պատմագրությունը և իշխանությունները ժխտում են հայոց ցեղասպանությունը՝ հիմնվելով օսմանյան վիճակագրության վրա՝ համարելով օսմանահպատակ հայերի թիվը եղել է 1 300 000 մարդ: Ռ. Թաթոյանը վերլուծել է այդ ժամանակ հրապարակի վրա եղած երկու կարևորագույն մարմիների տվյալները՝ Օսմանյան կայսրության և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի ունեցած տվյալներով, որոնք միայն իրավունք ունեին հաշվարկներ անցկացնել:
Ռոբերտ Թաթոյանը նշեց, որ երեք գլուխներում էլ ինքը հաստատում է, որ մինչ հայկական հարցը 2 400 000 հայ է եղել Օսմանյան Թուրքիայում, իսկ երբ հայկական հարցը դրվել է օրակարգ, միանգամից երկու անգամ նվազեցրել են օսմանահպատակ հայերի թվաքանակը: Ըստ նրա՝ հաշվառումից խուսափելու ձգտումը նույնպես ազդել է թվաքանկի նվազման վրա:
Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» գիրքը ներկայացրեց Հայկ Դեմոյանը, ով նշեց, որ աշխատությունն արվել է հոգեբանական, գրականագիտական մեթոդոլոգիայի կիրառմամբ: Հեղինակն անդրադարձել է, թե երկրորդ սերնդի մոտ Հայոց ցեղասպանությունը ինչպիսի արձագանքներ է ստացել գրական աշխատանքներում, դրանցում արտացոլվում են մարդու հոգեբանական մոտեցումները:
«Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգին անդրադառնալիս, Հայկ Դեմոյանը նշեց, որ երկու օր առաջ Օսլոյում բացվել է հենց այս թեմայով ցուցադրություն:
Վերջում նա վկայականներ և հուշամեդալներ հանձնեց այն անձանց ու կազմակերպություններին, որոնք աջակցել են այս գրքերի հրապարկմանը:
ԱՐՓԻ
Աղբյուրը tert.am