Եվ կարող է բոլորս միասին ավելի լավը դառնանք. Բուկովսկու նամակը լրագրողին

Հաճախ երբ հասկանում ես շատ ուշ է

լինում ու չկա ավելի վատ բան քան շատ ուշը:

Չ.Բուկովսկի

Ամերիկացի պոետ և արձակագիր Հենրի Չարլզ Բուկովսկու ծննդյան կապակցությամբ օգոստոսի 16-ին նրա դստեր՝ Աննա Բուկովսկայայի նախաձեռնությամբ Լոնդոնում տեղադրվեց  հուշատախտակ։

Այսօր շատերն են ընթերցում և հիանում նրա աշխատանքներով, սակայն իր կենդանության օրոք շատ հանրային գրադարաններ հեռացնում էին նրա ժողովածուներն՝ այն համարելով սադիստական, երբեմն ֆաշիստական և որոշ խմբերի հանդեպ մեծ խտրականություն դրսևորող (օրինակ՝ միասեռականների)։ Այո,  գուցե Բուկովսկին համարվում է այսպես կոչված «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչը և իր ստեղծագործություններում  հաճախ գռեհիկ ու կոպիտ լեզվով պատկերել է անբարոյական  միջավայրը, ամերիկյան հասարակության հարստահարված անդամներին, բռնությունը եւ սեռական պատկերներ։ Ապրելով ու ստեղծագործելով Լոս Անջելոսում՝ նրա ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն են թողել Լոս Անջելեսի կյանքի հասարակական, մշակութային և տնտեսական ոլորտները:  Նրա աշխատանքներում մենք տեսնում ենք աղքատ ամերիկացիների հասարակ կյանքը, ստեղծագործելու գործընթացի, ալկոհոլի, կանանց հետ հարաբերությունների մասին նկարագրությունները։

Առաջին իր պատմությունը Բուկովսկին հրապարակել է քսանչորս տարեկանում, իսկ  բանաստեղծություններ սկսել է գրել  երեսունհինգ տարեկանում։

1985 թ Նիդեռլանդներում ընթերցողներից մեկի դժդոհության պատճառով գրադարանի հանձնաժողովը հեռացնում է գրողի «Պատմություն սովորական խելագարության մասին» ժողովածուն գրադարակներից։ Մի լրագրող այս առիթով նամակ է ուղարկում Բուկովսկուն, որի ձեռագիրն, ի դեպ,  ներկայումս կախված է Open Dicht Bus գրախանութում:

Ի պատասխան նամակի` Բուդովսկին գրում է. «Շնորհակալություն նամակիդ համար, որը պատմում է Նայմեգենի գրադարանից գրքերիցս մեկի հեռացման մասին: Այն մեղադրվում է սևերի, միասեռականների և կանանց հանդեպ խտրականության մեջ: Եվ դա սադիզմ է սադիզմի պատճառով:  Մի բան կասեմ, որ ես վախենում եմ խտրականությունից, և դա թե՛ հումոր է, թե՛ ճշմարտություն:   Եթե ես միասեռականների, սևերի և կանանց մասին վատ եմ գրում, միայն այն պատճառով, որ նրանց, ում հանդիպել եմ, այդպիսին են եղել: Կյանքում շատ են «վատերը»՝ վատ շները, վատ գրաքննությունը, նույնիսկ «վատ» սպիտակ տղամարդիկ շատ կան: Միայն թե «վատ» սպիտակ տղամարդկանց մասին երբ գրում ես, նրանք չեն բողոքում: Եվ ի՞նչ, ես պետք է գրեմ «լավ» սևերի, «լավ» միասեռականների և «լավ» կանա՞նց մասին:  Որպես գրող ես ընդամենը լուսանկարիչ եմ. ինչ տեսնում` գրում եմ: Եթե գրում եմ սադիզմի մասին, միայն այն պատճառով, որ դա գոյություն ունի, ես չեմ բացահայտել սադիզմը, եթե որոշ սարսափելի գործողություններ են տեղի ունենում իմ ստեղծագործություններում, ապա այն պատճառով, որ նման բաներ մեր կյանքում պատահում են: Ես չարիքի կողմից չեմ: Իմ գործերում ես միշտ չէ, որ համաձայն եմ կատարվածի հետ, և ոչ էլ օգնելու համար ձգձգում եմ ցեխում մնալը: Բացի այդ, հետաքրքիր է, որ մարդիկ, ովքեր դեմ են իմ աշխատանքներին, կարծես անտեսում են հատվածները, որտեղ ուրախություն, սեր և հույս կա, իսկ այդպիսիք, անշուշտ, կան: Իմ օրերը, իմ տարիները, իմ կյանքը լի են եղել վերելքներով և վայրէջքներով, լույսով և խավարով: Եթե ես միայն լուսավորի մասին գրեի և երբեք մյուս կողմը չհիշատակեի, ապա, որպես գրող, ստախոսի մեկը կլինեի:  Գրաքննությունը գործիք է նրանց համար, ովքեր կարիք ունեն թաքցնելու իրականությունն իրենցից և մյուսներից: Նրանց վախը իրականության հետ առերեսումն է, իսկ ես այդպիսի մարդկանց դեմ ոչ մի չարություն չունեմ: Ես միայն շատ տխրում եմ: Ինչ-որ տեղ իրենց դաստիարակության մեջ նրանք պաշտպանված են եղել մեր գոյության ընդհանուր փաստերից: Նրանց սովորեցրել են նայել միայն մեկ ուղղությամբ, երբ շատ ուղղություններ գոյություն ունեն:  Իրականում, ես չեմ վհատվել, որ գրքերիցս մեկը տեղական գրադարանի պահարաններից գտել ու հեռացրել են: Ինչ-որ իմաստով, ինձ համար մեծ պատիվ է, որ իմ գիրքը նրանց ձանձրալի հոգիներում ինչ-որ բան արթնացրել է: Բայց ես վիրավորվում եմ, այո, երբ ինչ-որ մեկ ուրիշի գիրքը գրաքննության են ենթարկում, քանի որ այդ գիրքը սովորաբար մեծ գործ է լինում, և դարերի ընթացքում հենց դրանք են վերածվում դասականների, և այն գրքերը, որ մի ժամանակ արտասովոր և անբարոյական էին համարվում, այսօր մեր համալսարաններից շատերի պարտադիր ընթերցանության ցանկում են:   Ես չեմ ասում, որ իմ գիրքը դրանցից մեկն է, ուզում եմ ասել, որ մեր օրերում, հենց այս պահին, որը կարող է մեզանից շատերի համար վերջինը լինել, շատ զայրացնող և աներևակայելի տխուր է, որ մեր մեջ դեռ ճղճիմ, զզվելի մարդիկ կան, վհուկներ որսացողներ և իրականությունը ժխտող հռետորներ: Մինչդեռ նրանք էլ մեզ հետ ամբողջի մի մաս են, և եթե չեմ գրել նրանց մասին, միգուցե հիմա այստեղ պետք է անեմ: Եվ կարող է բոլորս միասին ավելի լավը դառնանք:» 

Զառա Ղազարյան