Մոսկվայի հայկական թատրոնը ճանաչվել է «Լավագույն ռուսական դասական թատրոն» ֆրանսիական փառատոնում

Այս տարվա հուլիսի 4-ից 26-ը Ֆրանսիայում անցկացվեց ամենամյա “Off” արվեստի փառատոնը։ Այս տարի Ավինյոյում  50-րդ հոբելյանական փառատոնին մասնակցեց նաև  Մոսկվայի հայկական թատրոնը, որ ներկայացրեց «Une Demande De Mariage» կամ «Առաջարկ+» ներկայացումը և  ճանաչվեց  լավագույնը «Ռուսական դասական թատրոն» անվանակարգում։ 

Թատրոնի անձնակազմը Association Lyrique Artistique International de Vedene France-ի կողմից պատվոգրեր ստացավ «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն տղամարդկային դերի յուրահատուկ մեկնաբանություն», «Ռուսական չեխովյան հոգու յուրահատուկ մարմնավորում», «Տղամարդու կերպարի հատուկ մեկնաբանություն», «Լավագույն գեղարվեստական ստեղծագործության ադապտացիա թատրոնի համար», «Լավագույն տղամարդու գլխավոր դեր», «Լավագույն կանացի գլխավոր դերի», «Լավագույն հնչյունային և լուսային ձևավորում» անվանակարգերում:

Հետաքրքրական է, որ միայն Մոսկվայում գործում են ավելի քան 170 թատրոն և միայն հայկական թատրոնն է ներկայացրել պիես՝ հիմնված ռուս դասականների՝ Չեխովի, Պուշկինի և Ֆիլատովի ստեղծագործությունների վրա և արժանացել լավագույն «Ռուսական թատրոն» անվանակարգին։

Ներկայացումը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը: Նա հպարտությամբ խոստովանում է, որ այս ելույթն առաջին անգամ չէ այս փառատոնում։ Դեռևս 2013 թվականին Ավինյոնում Մոսկվայի Հայկական Թատրոնի հաջող ելույթն ուշադրության է արժանացրել ֆրանսիացի պրոդյուսերների մոտ, և վերջիններս սկսել են զբաղվել եվրոպական շուկայում հայկական թատրոնի առաջխաղացմամբ։ Շնորհիվ ֆրանսիացի պրոդյուսերների՝ Մոսկվայի Հայկական Թատրոնը հանդես է եկել մի շարք եվրոպական երկրներում, իսկ մյուս տարի գարնանը նրանք մեկնելու են Փարիզ՝ հյուրախաղերի։ Գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանի խոսքերով՝ այս տարի Ավինյոյի փառատոնում նրանցով հետաքրքրվել են Արգենտինայից ներկայացուցիչներ և նրանց թատերախումբը նաև առաջարկ  է  ստացել հյուրախաղերով հանդես գալ Բուենոս Այրեսում։

Մոսկվայի հայկական թատրոնի պատմության արմատները սկսվում են դեռևս 20-րդ դարի 20-ական թվականներից, երբ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբայր  Սուրեն Իլիչ Խաչատուրովը  Լազարևի տանը բացում է թատերական դրամատիկական ստուդիա: Հայկական թատրոնի զարգացման հարցում Անգնահատելի ներդրում են ունենում Ստանիսլավսկին, Վախթանգովը, Սիմոնովը, վերջինս հանդիսատեսին է ներկայացրել հինգ հայկական բեմադրություններ՝ «Պաղդասար Աղպար», «Ատամնաբույժն արևելյան», «Մեծապատիվ մուրացկաններ», Ա. Պարոնյանի «Պեպո» եւ «Խաթաբալա» պիեսները։

Այնուամենայնիվ, երկար չի տևում հայկական թատրոնի մշակութային և կրթական կյանքը։ Այն  ընդհատվում է 1952թ.  Ստալինյան ռեժիմի հետևորդ Լավրենտի Բերիայի ջանքերով, և տարիներ շարունակ Ռուսաստանում գտնվող հայկական համայնքը զրկված է լինում հայկական մշակույթի հետ իր անմիջական կապից։ Փակումից կես դար անց սկսվում է թատրոնի վերածնունդը։ Ս Փարաջանովի աշակերտ, թատրոնի ռեժիսոր եւ դերասան Սլավա Ստեփանյանը  վերականգնում է ստուդիան ու շարունակում թատրոնի աշխատանքը՝ հետևելով նրա ավանդույթներին։ Ռւսաստանում Հայերի Միության հովանավորությամբ Ռուսաստանի տարածքում գտնվող Հայկական դեսպանատանը ստեղծվում է «Մոսկվայի հայկական թատրոնը»։ Ներկայացումները բեմադրվում են հայերեն եւ ռուսերեն լեզուներով։ Որոշ ներկայացումներ բեմադրվել են իրենց բնագրի լեզվով։ Շնորհիվ թատրոնի անձնակազմի՝ այսօր հնարավոր է Մոսկվայում գտնվող 170 թատրոնների շարքում պահպանել հայկական մշակույթը՝  ամրացնելով ռուս-հայկական մշակութային հարաբերությունները։

Զառա Ղազարյան