Մի օր բոլորս տուն ենք վերադառնալու…

Մի օր բոլորս տուն ենք վերադառնալու…

Օրերս Մոսկվայի երիտասարդ կինոռեժիսորների մրցույթին մասնակցած 23 առաջարկներից “Լուկա” ռուսական կինոարտադրությունը ֆինանսավորել է 6 ֆիլմերի առաջարկ, որից մեկի հեղինակը համառուսաստանյան ինստիտուտի շրջանավարտ մեր հայրենակից Ասպետ Շերմազյանն է: Ընդ որում, հայ կինոռեժիսորի կարճամետրաժ կինոնկարը միակ նախագիծն է, որ թույլատրվել է նկարահնել Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս:

Նկարահանումներին աջակցում են նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը, Կինոկենտրոնը և այլ հայկական կինոարտադրման ընկերություններ:

Ֆիլմի հիմքում աստածաշնչյան հայտնի պատմությունն է և ունի համանուն վերնագիրը` Անառակ որդու վերադարձը, իսկ գործողություններն ընթանում են Լոռու մարզի գյուղերից մեկում:

Գլխավոր հերոսը միայնակ ապրող Գևորգ պապին է, ում հյուր են գալիս իրենց տնից վաղուց հեռացած իր երկու որդիները:

Որդիներին մարմնավորում են Խորեն և Արսեն Լևոնյանները` մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի թոռները: Գևորգ պապին մարմնավորում է գեղանկարիչ և լուսանկարիչ Սամվել Սևադան, ով առաջին անգամ է նկարահանվելու գեղարվեստական ֆիլմում: Նա խոստովանել է, որ այս թեման շատ հետաքրքիր և արդիական է իր համար: Ո՞վ գիտե, գուցե նաև հոգեհարազատ, քանի որ նրա երկու որդիներն էլ գտնվում են իրենց տնից շատ հեռու:

Ֆիլմի թեման և վայրը պատահական չէ ընտրված: Դեռևս խորհրդային տարիներին լեռնային այս փոքրիկ գյուղից արտագաղթի մեծ հոսք է եղել, ինչն ահագնացել է Անկախության տարիներին: Բազում լքված ու կիսավեր տներ կան այսօր ոչ միայն այդ, այլև Հայաստանի տարբեր մարզերի շատ գյուղերում:

Թեման արդիական է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին արտագաղթը նոր թափ է առել` շարունակելով դատարկել հայ օջախն ու հայ գյուղը:

Ֆիլմն ունի սիմվոլիկ նշանակություն և հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր հեռացել են հայրենիքից:

Հուսանք, որ մի օր բոլորս բռնելու ենք այդ վերադարձի ճամփան ու արժանանալու ենք մեր պապերի հոգիների, հայրենի հողի ու ջրի ներմանը:

Զառա Ղազարյան