Մտքեր, որ կարող են փոխել մեր կյանքը
Այսօր հանրահայտ բրազիլացի վիպասան ու բանաստեղծ Պաուլո Կոելյոյի ծննդյան տարեդարձն է: Դեռևս վաղ հասակից մեծ սեր տածելով գրականության, լրագրության և թատրոնի հանդեպ` նա կիսատ է թողնում համալսարանում իրավաբանական կրթությունը և սկսում լրջորեն զբաղվել սիրած գործով:
Երևի թե չկա այսօր մի ընթերցասեր, ով երբևիցե լսած չլինի նրա անունը: Մենք` հայերս, նույնպես առանձնահատուկ սիրով և հիացմունքով ենք հետևում նրա գրական արվեստին: Նրա առաջին վեպն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ թարգմանվեց միաժամանակ արևելահայերեն և արևմտահայերեն: 2004 թ. Պաուլո Կոելյոն նույնիսկ այցելել է Հայաստան` մասնակցելու իր «Ալքիմիկոսը» գրքի շնորհանդեսին։
Կոելյոյի «Ալքիմիկոսը» գիրքը թարգմանվել է 60 լեզվով և տպագրվել ավելի քան 65 միլիոն տպաքանակով։ Այն դասվել է 20-րդ դարի 35 ամենաականավոր գրական ստեղծագործությունների շարքին:
Աշխարհահռչակ «Forbes» ամսագրի բրազիլական տարբերակը, կազմելով երկրի ամենաազդեցիկ հայտնի մարդկանց հարյուրյակը (հիմնվելով համացանցում ունեցած հեղինակության և մամուլում նրանց մասին հիշատակումների թվի վրա), Պ.Կոելյոյին հատկացրել է երրորդ տեղը:
Բրազիլացի գրողը միակն է, որ կենդանության օրոք արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում` Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հախճապակե մրցանակի և Ֆրանսիայի Ազգային Պատվո լեգիոնի շքանշանի։ 2002թ. նա նույնիսկ ընտրվել է Բրազիլիայի Գրողների ազգային ակադեմիայի ցմահ անդամ։
Կոելյոյի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարոյախրատական, դրական արժեքների ձևավորման և ամրապնդման, աշխարհայացքի ընդլայնման իրենց ուրույն մոտեցումներով: Նրա ստեղծագործություններից հաճախ են դուրս բերվում գաղափարներ, մտքեր, որոնք յուրօրինակ դասեր են մարդկության համար:
Ստորև ներկայացվում են դրանցից մի քանիսը:
Երբեք մի՛ բացատրեք: Ձեր ընկերները բացատրության կարիք չունեն, իսկ թշնամիները չեն հավատա:
Փակի՛ր որոշ դռներ այսօր: Ոչ թե հպարտության, անկարողության կամ գոռոզության պատճառով, այլ պարզապես նրա համար, որ այդ դռները քեզ ոչ մի տեղ չեն կարող առաջնորդել:
Մեր իսկական ընկերները նրանք են, ովքեր մեզ հետ են, երբ լավ բաներ են պատահում: Նրանք ուրախանում են մեզանով և գոհանում մեր հաղթանակներով: Կեղծ ընկերները միայն հայտնվում են դժվար պահերի` իրենց տխուր, աջակցող դեմքերով. ըստ էության, մեր տառապանքը ծառայում է նրանց` մխիթարելու իրենց թշվառ կյանքը:
Աշխարհը բաժանված է 2 մասի` նրանք, ովքեր հասկանում են քեզ և նրանք, ովքեր չեն հասկանում: Վերջիններիս դեպքում ես պարզապես թողնում եմ նրանք տանջվեն` իմ համակրանքը ձեռք բերելու համար:
Սերը միշտ նորովի է հանդես գալիս: Անկախ նրանից արդյոք մենք սիրել ենք մեկ, երկու կամ տասնյակ անգամ` մենք միշտ կանգնած ենք բոլորովին նոր իրավիճակի առաջ: Սերը կարող է մեզ տանել դեպի դրախտ կամ դժոխք, բայց նա միշտ տանում է մեզ ինչ-որ տեղ: Մենք պարզապես պետք է ընդունենք այն, որովհետև սերն է սնուցում մեր գոյությունը: Եթե մենք մերժենք սերը, մենք կմեռնենք սովից, քանի որ մենք կորցնում ենք կյանքի ծառի ճյուղերից կախված պտուղը քաղելու խիզախությունը: Մենք պարտավոր ենք վերցնել սերն այնտեղից, որտեղ մենք գտնում ենք, նույնիսկ, եթե այն հիասթափության ու տխրության ժամեր, օրեր, շաբաթներ է նշանակում:
Եթե ունակ ես տեսնելու գեղեցիկը, դա նրանից է, որ գեղեցիկը կրում ես քո մեջ: Աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրս տեսնում ենք մեր արտացոլանքը:
Եթե մարդ իսկապես ինչ-որ մի բան շատ ցանկանա, ապա ողջ տիեզերքը կնպաստի, որ նրա ցանկությունը կատարվի:
Երբեմն պետք է վազել, որպեսզի տեսնես, թե ով կվազի քո ետևից: Երբեմն պետք է ցածր խոսել` տեսնելու, թե ով է իրականում լսում քեզ: Երբեմն պետք է հետ քայլ անես, որպեսզի տեսնես՝ ով է դեռ քո կողքին կանգնած: Երբեմն պետք է ոչ ճիշտ որոշում կայացնես, որ հասկանաս, թե ով է կողքիդ, երբ ամեն ինչ կործանվում է:
Եթե ես վարվեմ այնպես, ինչպես մարդիկ են ցանկանում, ես կդառնամ նրանց ստրուկը:
Մոլորվելը որևէ հետաքրքիր բան գտնելու լավագույն միջոցն է:
Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է:
Մեջքի հետևից բոլորն ասում են այն, ինչ պատահում է, իսկ աչքերին` ինչ շահավետ է:
Միշտ ասա այն, ինչ զգում ես, և արա այն, ինչ մտածում ես: Լռությունը ճակատարգրեր է կործանում:
Երբ գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը:
Մարդ ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է մեծանալ, հետո հառաչում է մանկության մասին: Ծախսում է առողջությունը՝ հանուն փողի և ծախսում է վաստակածը առողջությունը վերականգնելու համար: Այնքան անհամբերությամբ է մտածում ապագայի մասին, որ կորցնում է ներկան, որի պատճառով ո‘չ ներկան է վայելում, ո‘չ էլ ապագան: Ապրում է այնպես, ասես երբեք չի մահանալու, և մահանում է, ասես երբեք էլ չի ապրել:
Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից: Երազանքները սնում են մեր հոգին, ինչպես սնունդը` մեր մարմինը:
Միայն մի բան է երազանքի իրականացումը անհնարին դարձնում. դա անհաջողության վախն է:
Զառա Ղազարյան