Աղբը կարող է գանձ դառնալ. ամենաարտասովոր նվագախումբը
Պարագվայի երիտասարդ երաժիշտների մասին խոսում է համայն աշխարհը: Նրանք ապրում են Հարավային Ամերիկայի աղբանոցներից մեկում, սակայն նույնիսկ հանդիպել են Եվրոպայի թագավորական իշխանություններին:
Կատեուրո քաղաքը, որը գտնվում է Պարագվայի ծայրամասերից մեկում, իրենից ներկայացնում է աղբանոցի շուրջ ձևավորված մի համայնք: Մարդկանց մեծ մասն այստեղ գոյատևում է պլաստամասե շշեր, աղբում հայտնված այլ իրեր վաճառելով, որոնք հնարավոր է այս կամ այն կերպ վերամշակել: Այս համայնքում տներն անգամ կառուցվում են աղբից, և արդյունքում տան արժեքը ավելի էժան է, քան, ասենք, 1 ջութակինը:
Աղբը, աղքատությունն ու կրթության բացակայությունը այստեղ ամենուր է:
Վերջին 6 տարիների ընթացքում համատարած խավարն ու աղբը հնարավոր եղավ ճեղքել երաշտության միջոցով: Երաժշտությունը դարձավ լույսի այն շողը, որ այդ մարդկանց նոր աշխարհ, նոր կենսակերպ, նոր կյանք մտնելու հնարավորություն տվեց: Նվագախումբը ցույց տվեց աղքատության մշակույթը ճեղքելու յուրօրինակ ուղին:
Հենց այդ համատարած աղբի մեջ էլ ծնվեց “Աղբից վերամշակված” նվագախումբը: Նվագախմբի բոլոր գործիքները աղբում հայտնված անպետք իրեր են, որոնք երեխաների ձեռքում ջրի խողովակից վերածվում են սաքսոֆոնի, պատառաքաղներից, դանակներից, գդալներից ու մետաղադրամներից` ստեղների, ապակյա տարաներից ու թավաներից` ջութակի:
Ղեկավարները սովորեցնում են երեխաներին աղբը վերածել գանձի:
Հետաքրիրքն այն է, որ տարիներ առաջ բոլորի համար անհայտ այս վայրը սկսեցին ճանաչել նվագախմբի միջոցով: Վերջին տարիներին նվագախումբը համերգներով հանդես է եկել գրեթե ամբողջ աշխարհում` արժանանալով բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև` Իսպանիայի ու Նիդերլանդների թագավորական ընտանիքների կողմից:
Նվագախմբին է պատկանում տարածքի ամենամեծ շենքը` 20 սենյակներով, որտեղ այսօր սովորում է շուրջ 200 երեխա: Շենքն ունի բեմահարթակ, 300 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ: Նրանք նույնիսկ ապահովում են կրթաթոշակներ իրենց մոտ սովորող ուսանողներին, որպեսզի կարողանան հաճախել քոլեջներ:
Տքնաջան աշխատանքի և համերգների շնորհիվ այսօր նրանք կարող են իրենց թույլ տալ կառուցել կոնսերվատորիա:
Այս նվագախմբի օրինակը գալիս է լրացնելու հերթական փայլուն հաջողված պատմությունների շարքը արվեստի հրաշագործ ուժի մասին:
Զառա Ղազարյան