Բերման ենթարկված դաշնակցական երիտասարդները լավ վիճակում են, վնասվածք չունեն. փաստաբան

Այսօր՝ Կոմիտասի պողոտայում բողոքի ակցիա իրականացնող եւ այնտեղից բերման ենթարկված 5 դաշնակցական երիտասարդները ենթարկվել են վարչական ձերբակալման, իբր, ոստիկանների օրինական պահանջը չկտարելու համար: Այս մասին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Նրանց նկատմամբ կազմվել է վարչական ձերբակալման արձանագրություն, ինչպես նաեւ օրինական պահանջին չենթարկվելու վերաբերյալ արձանագրություն: Իհարկե, եթե դրան հետեւի վարչական ակտի կամ տուգանք նշանակելու որոշման ընդունում, դրանք միանշանակ կլինի բողոքարկում: Հաշվի առնելով իշխանության գործելաոճը, կարելի է ասել նրանք վարչական ձերբկալման են ենթարկվել ոստիկանների պահանջին չենթարկվելու համար, այսինքն հանենք «օրինական» տերմինը»,-ասաց նա:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ անձամբ հնդիպել  բոլոր 5 երիտասարդների հետ. «Նրանք գտնվում են լավ վիճակում, որեւէ վնասվածք չեն ստացել: Փաստաթղթավորումից հետո ազատ կարձակվեն եւ միասին կշարունակենք այն գործողությունները, որոնք իրականացրել ենք»:

Իր հերթին ՀՅԴ Երիտասարդական միության անդամ Գեղարդ Մութաֆյանը նշեց, որ ոստիկանների գործողություններից իրենք չեն ընկճվել. «Ոչինչ չի փոխվել, ոչ մի բանից ընկճվել չկա. պայքարը շարունակական է այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս դավաճան իշխանություններին:

Դուա անընդհատ կտեսնեք տարբեր տեսակի անհնազանդության ձեւեր, բողոքի դրսեւորումներ: Այսօր այսքանն է, 18.30-ին Սուրբ Խաչ եկեղեցու մոտից շարունակելու ենք իրազեկման երթը: Կոչ եմ անում Երեւանի բնակչությանը միանալ մեզ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։

Ընդդիմությունը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մասին: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Իջեւանից երթով գալիս են Երեւան: Բացի այդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները երեւանի փողոցնորում իրազեկման ակցիա են իրականացնում «սամոկատներով» եւ Հայաստանի դրոշներով: