«Աննախադեպ» ծախսեր, որոնք, միևնույն է, չեն կատարվում

Մինչև այս ամսվա վերջ կառավարությունը պիտի հաստատի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ուղարկի Ազգային ժողով։ Բյուջեի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է թմբկահարել սպասվող հերթական «աննախադեպ» ծախսերի մասին։ Խոսքը, մասնավորապես, կապիտալ ծախսերի մասին է։

«Մենք քննարկում ենք 2022 թվականի պետական բյուջեն: Մեր հանրապետության պատմության համար կապիտալ ծախսերի մասնաբաժինը, չափը, ծավալը կլինի աննախադեպ»,- օրերս Երևանում տեղի ունեցած Հայկական գործարար ֆորումի ժամանակ հայտարարեց կառավարության ղեկավարը։

Թե ի՞նչ թվեր են դրված սպասվող «աննախադեպ» կապիտալ ծախսերի տակ, դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Կապիտալ ծախսերը միշտ էլ աճի միտում են ունեցել։ Այլ հարց է, թե որքանով է հաջողվում դրանք իրականացնել։

Կապիտալ ծախսերը, որոնք կարևոր նշանակություն ունեն տնտեսության երկարատև աճի ապահովման գործում, մշտապես թերակատարվում են։ Այդ խնդիրն արդիական է հատկապես վերջին 3 տարին։ Նախատեսվում են ծախսեր, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա։ Եթե դրանք, միևնույն է, չեն կատարվելու, ոչ մի նշանակություն չունի, թե ինչ ծավալի կապիտալ ծախսեր կդրվեն բյուջեում։ Դրանով ոչ մի խնդիր չի լուծվում։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում չի եղել որևէ տարի, որ կապիտալ ծախսերի ահռելի թերակատարում չունենանք։ 2018թ. դրանք թերակատարվեցին՝ 22, 2019թ.՝ 27 տոկոսով։ Անցած տարի էլ ճշգրտված ծրագրի թերակատարումը կազմեց 16 տոկոս։ 2020թ. նույնիսկ կապիտալ ծախսերի նվազում արձանագրվեց։ Եթե ռազմական ոլորտի կապիտալ ծախսերը հանում ենք, նախորդ տարվանից ավելի քան 10 տոկոս կրճատում ունենք։

Այս տարի ևս կապիտալ ծախսերի կատարման վիճակը մտահոգիչ է։ Յոթ ամսվա տվյալներով՝ իրականացվել է իննամսյա ծրագրի ընդամենը 50 տոկոսը։

Ինն ամսվա համար նախատեսված էր կատարել 180 մլրդ դրամի ծախս, 7 ամսում կատարվել է հազիվ 90 միլիարդը։

Այլևս պարզ է, որ 9-ամսյա ծրագիրը թերակատարվելու է։ Վերջին 4 ամիսներին կապիտալ ծախսենը ավելանում են միջինն ամսական 10-10,5 միլիարդ դրամով։

Այս տարի կապիտալ ծախսերի կատարողականն անսպասելի բարձր է եղել միայն մարտին։ Հունվար-փետրվարին կատարվել էր ընդամենը 8 մլրդ դրամի կապիտալ ծախս։ Արդեն մարտին կամ եռամսյակի տվյալներով՝ այն հասավ 49 միլիարդի։

Այս կտրուկ փոփոխությունը Ֆինանսների նախարարությունը հիմնավորել է Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման ծախսերի աճով։

Թե ի՞նչ շենքային պայմաններ են բարելավվել այդ ծախսերի շրջանակներում, հայտնի չէ։ Բայց նույնիսկ դրանով հանդերձ, կառավարությունը կապիտալ ծախսերի լուրջ թերակատարում է ունեցել։ Առաջին եռամսյակային ծրագիրը կատարվել էր ընդամենը 76-77 տոկոսով։

Թերակատարվել է նաև կիսամյակային ծրագիրը, ընդ որում՝ ավելի մեծ չափով, քան եռամսյակինը։ Այսինքն՝ բարելավելու փոխարեն, իրավիճակը մի բան էլ վատացել է։

Կիսամյակի համար պետական բյուջեով նախատեսված էր իրականացնել 120 մլրդ դրամի կապիտալ ծախս, կատարվել է 77 միլիարդը։ Նախատեսվածի համեմատ պակաս է կատարվել 43 մլրդ դրամի ծախս։

Ահա այսպես է կառավարությունն իրականացնում կապիտալ ծախսերը։ Բյուջեն պլանավորելիս՝ խոսում են «աննախադեպ« կապիտալ ծախսերի մասին, բայց վերջում պարզվում է, որ դրանք լրջորեն թերակատարվել են։

Թերակատարման պատճառները տարբեր են, բայց եզրակացությունը մեկն է՝ կառավարությունը չի կարողանում ճիշտ կազմակերպել և ժամանակին իրականացնել նախատեսված աշխատանքները։

Մի ժամանակ պատճառաբանում էին մրցութային պայմանները։ Դրանք փոխեցին, ինչպես ցանկանում էին, ու բոլորին գցեցին կրակը։ Շինարարական կազմակերպությունները հարկադրված էին հրաժարվել մրցույթներին մասնակցելուց, որովհետև պայմանագրի անտրամաբանական բարձր ապահովում էին սահմանել։ Մի բան էլ արդարանում էին, թե այնքան շատ կապիտալ ծախսեր են իրականացնում, որ շինարարական կազմակերպությունները չեն բավականացնում։

Մեկ տարուց ավելին պահանջվեց, մինչև հասկացան, որ իրենց դրած չափանիշները տրամաբանությունից դուրս են, ու որոշեցին կրկին փոխել։ Բայց դրանից հետո էլ շարունակվեց կապիտալ ծախսերի թերակատարումը։

Ահռելի չափերի են հասցրել նույնիսկ մեկ անձից կատարվող գնումները, որոնց կոռուպցիոն ռիսկերի մասին բազմիցս է խոսվել, ու էլի չեն տեղավորվում ժամկետների մեջ։ Երբեմն անգամ միլիարդավոր դրամների հասնող շինարարական ծրագրեր են առանց մրցույթի հանձնում՝ ում ուզում են։

«Մենք ավանդաբար ունենք կապիտալ ծախսերի թերակատարման խնդիր, որը կապված է, այդ թվում՝ իմ ասած խնդրի հետ, որովհետև ՀՀ-ում գործող շինարարական ընկերություններն իրենց հզորություններով, պատշաճ ժամանակով, որակով ու ծավալներով չեն կարողանում լիարժեք իրականացնել այն ծրագրերը, որոնք առաջարկվում են պետության կողմից»,- կապիտալ ծախսերի թերակատարումները փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե շինարարական կազմակերպությունների, այլ իրենց անկազմակերպ աշխատանքի մեջ է։

Ուշանում են հատկապես արտաքին ֆինանսական միջոցների շրջանակներում նախատեսվող ծրագրերը։ Դրանց թերակատարումն էլ ավելի մեծ է։

Այս ամենի հետևանքը լինում է այն, ինչին ամեն տարի բախվում ենք։ Ամեն տարի կառավարությունը խոստանում է շտկել իրավիճակը, բայց կրկին նույն պատմությունն է։

Հերթը հաջորդ տարվանն է։ Կասկած չկա, որ հաջորդ տարի էլ նույն պատմությունն է լինելու։ Ու ոչ մի նշանակություն չունի, թե ինչքան կապիտալ ծախսեր կպլանավորվեն պետական բյուջեով։ Կարևորը բյուջեում երևացող «աննախադեպ» թվեր չեն, կարևորն այն է, թե դրանք որքանով են կատարվելու։ Եթե կրկին պիտի չկատարվեն, ո՞ւմ են պետք այդ «աննախադեպ» աճերը։ Այդպիսի աճերի արդյունքները վերջին տարիներին շատ ենք տեսել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am