VIDEO.«Այս իշխանությունն ինչպե՞ս կարող է օբյեկտիվորեն քննարկել 44-օրյա պատերազմի հանգամանքները». Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իշխանության պարտականությունն է՝ կազմավորել մարմիններ, և ընդդիմության իրավունքն է՝ օրենքով երաշխավորված այդ մարմնում ունենալ նաև իր ներկայացուցիչը:

«Այն, ինչ իշխանությունը հիմա անում է, ոչ միայն իր պարտականությունից շեղվել է, այլև օրակարգը շեղելու և մշտապես հարցն օրակարգում պահելով՝ փորձել այդ գործընթացում դրսևորել ընդդիմությանը մեղադրելու վարքագիծ: Եթե իշխանությունը չի հանդուրժում անգամ Պաշտպանության հանձնաժողովում մեկ ընդդիմադիր փոխանախագահի տեսակետ, այս իշխանությունն ինչպե՞ս կարող է օբյեկտիվորեն քննարկել 44-օրյա պատերազմի հանգամանքները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրելու հարցին: