Արտահերթ ընտրությո՞ւն, թե՞ Հայաստանի ընտրությունը

Հայաստանում արտահերթ ընտրության մասին խոսելիս պետք է աներկբա ամրակցել հավելումը՝ արտահերթ բովանդակային ընտրություն, որովհետև, երբ մենք դիտարկում ենք ներկայիս քաղաքական դաշտը, ուժերի հարաբերակցությունն ու գույները, ապա իրավամբ առաջանում է հարց՝ իսկ ի՞նչ է փոխվելու այս կամ այն ուժերի տեղերով փոփոխությունից հետո: Այդ հարցը գոնե առայժմ չունի շոշափելի պատասխան, որովհետև գոնե առայժմ Հայաստանում ներքաղաքական կյանքը շարունակում է լինել բովանդակազուրկ, դրանում շարունակում է բացակայել հանրության վստահության համար կոնկրետ առաջարկներով ու գաղափարներով մրցակցությունը:

Միևնույն ժամանակ, իր հերթին այդ հարցում գործ ունի անելու հանրությունն ինքը, իհարկե, հանրային հարթությունում գործունեություն ծավալող տարբեր անհատների և խմբերի, տարբեր ինստիտուտների միջոցով: Հանրությունը պետք է գաղափարական, բովանդակային, ծրագրային քաղաքական պայքարի և մրցակցության, այսպես ասած, պասիվ պահանջի ռեժիմից անցնի պահանջի ակտիվ, նախաձեռնող ռեժիմի: Հակառակ դեպքում, քաղաքական դերակատարների ճնշող մեծամասնությունն ինքը չունի փոխվելու մոտիվացիա: Հանրությունն ինքը պետք է սկսի փոխել քաղաքականությունը, որովհետև միևնույն է այդ քաղաքականությունը կա, շարժվում է՝ հանրությամբ, թե առանց դրա: Ըստ այդմ, այստեղ ընտրությունը մեծ չէ՝ թողնել այդ վիճակի ինքնահո՞ս շարունակություն, թե՞ այդուհանդերձ մտածել կառավարելու մասին: Սա խնդիր է, որն, իհարկե, ինքն էլ չի լուծվում ինքնահոս կերպով, և պետք է գտնվեն այն լուծելու պատրաստ, ցանկություն և կարողություն ունեցող խմբեր, շրջանակներ, որոնք անմիջապես քաղաքականության մեջ չեն, որոնք չունեն քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն, բայց որոնց համար, մեղմ ասած, միևնույն չէ, թե ինչ տեսակի քաղաքականություն է զբաղվում պետության և, ըստ այդմ, նաև իրենց ճակատագրով:

Որն է լինելու նախընտրական Հայաստանի օրակարգը: Ընդհանրապես, Հայաստանի օրակարգի թեման առ այսօր խեղդվել է քաղաքական տարբեր ուժերի, մասնավորապես, և հատկապես արմատական ընդդիմադիր ուժերի նախաձեռնած փողոցային պայքարի աղմուկի մեջ: Աղմուկ, որը հենվել է բացառապես զգայական իրողությունների և գործոնների վրա, որոնք եղել են պատերազմի ծանր հետևանքով՝ հազարավոր երիտասարդ զոհեր և տարածքային կորուստներ: Մինչդեռ, հենց այդ հանգամանքն էլ ավելի սուր է դարձրել Հայաստանում ռացիոնալ օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որովհետև Հայաստանն ունի առավելագույն արագությամբ վերականգնվելու կարիք: Բայց դրված է եղել առավելագույն արագությամբ ոչ թե Հայաստանը, այլ իշխանական կորուսյալ դիրքերը և կարգավիճակը վերականգնելու խնդիր: Եվ քանի որ այդ նպատակը ունեցող ուժերը չեն ունեցել ռեսուրսի խնդիր, ահռելի ռեսուրսներ են դրվել ռացիոնալ օրակարգերը խեղդելու, աղմուկի տակ թողնելու համար: Որովհետև ռացիոնալ օրակարգի շուրջ խոսակցության պարագայում հնարավոր չէ լղոզել Հայաստանի պարտության համար սեփական պատասխանատվությունն ու այն բարդել միայն ու միայն գործող իշխանության ու վարչապետի վրա:

Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ այդ մարտավարությունը շարունակելի կամ նախընտրելի է լինելու նաև ընտրական շրջանում: Մինչդեռ, Հայաստանն այսօր ունի մի շարք առանցքային հարցերի պատասխաններ ձևակերպելու անհրաժեշտություն, որոնք վերաբերում են ներքին հարցերին և արտաքին ռազմա-քաղաքական խնդիրներին: Այդ իմաստով, եթե խոսում ենք Հայաստանի համար անհրաժեշտ նախընտրական օրակարգի մասին, ապա դրանում գերակշռող և առաջնային պետք է լինեն ոչ թե «դավաճանը» կամ «թուրքը», այլ տնտեսական խնդիրները, տնտեսական քաղաքականությունը, ներդրումային գրավչությունը, կոնկրետ գործիքների շուրջ քննարկումն ու մրցակցությունը: Այդ համատեքստում, Հայաստանը թերևս պետք է ստանա լայն հարցերի պատասխան՝ ի վերջո, մենք, որպես պետականություն, ընտրում ենք առաջ գնալու փա՞կ, թե՞ բաց ռեժիմը, ընտրում ենք ռեգիոնալ երկխոսության պատկերացումը՝ հասկանալով, որ այդ երկխոսությունը ինքնին շատ բարդ խնդիր է, թե՞ մնում ենք փակ ռեժիմով, առավելապես ապավինելով Ռուսաստանի հովանուն և մնացյալ ուղղություններով մեր քայլերը համաձայնեցնում ենք Ռուսաստանի հետ, մեր փոխարեն, փաստորեն, նրան պատվիրակելով ռեգիոնալ քննարկումների մանդատը: Որովհետև, հնարավոր չէ պահել մանդատը, բայց մնալ դիրքում, երբ Ռուսաստանն ինքը ազատորեն պայմանավորվում է թուրքերի, ադրբեջանցիների, իրանցիների, անգամ վրացիների հետ՝ կա ռուս-վրացական ուղիղ բանակցություն, իսկ մենք մնում ենք կանգնած կողքի:

Հայաստանը դիտարկո՞ւմ է Թուրքիայի և անգամ Ադրբեջանի հետ խոսելու հնարավորություն, թե՞ բացառում այն, կամ դիտարկում միայն շատ կոշտ պայմաններով՝ Արցախի ճանաչում և տարածքների դեօկուպացիա: Ընտրության մասնակիցները պետք է պատասխանեն այդ հարցերին, այդ համատեքստում դուրս գալով նաև ավելի լայն՝ աշխարհաքաղաքական հարթության խնդիրների վրա: Ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի քաղաքական ուժերը Հայաստանի դերն այդ հարթությունում՝ հաշվի առնելով նոր իրողությունները և դրանցից բխող անհրաժեշտություններն ու մինչ այդ ունեցած հնարավորությունների կորուստը: Ինչպիսին են քաղաքական ուժերը դիտարկում Հայաստանի միջազգային սուբյեկտության իրացման հնարավորությունը, Եվրասիական վեկտորից բացի՝ Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Չինաստան, Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունները: Ինչպես են քաղաքական ուժերը տեսնում հայկական բանակի ապագան, մոդելը: Այն շարունակո՞ւմ է մնալ խորհրդա-ռուսական տրամաբանության մեջ, թե՞ առարկայորեն գործակցում է այսօր առաջատար ռազմատեխնիկական և մոդելային բևեռների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ՝ առանց, իհարկե, անդամության խնդիր դնելու: Մտածել, թե Հայաստանը կստանա բոլոր հարցերի սպառիչ պատասխան, կլինի միամտություն: Անգամ բոլոր հարցերը քննարկել հազիվ թե հաջողվի: Սակայն նախընտրական շրջանը պետք է թերևս աչքի ընկնի նրանով, որ մասնակիցները չպետք է դադար կամ ազատ ժամանակ ստանան զգայական մանիպուլյացիաների համար: Նրանք պետք է անընդհատ լինեն հարցերի տարափի տակ, հանրային ամենատարբեր հարթակներից: