Հնարավորություն ընդդեմ Հայաստանի կամ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման բանալին

Եթե ներքին հասարակական-քաղաքական թեժ մթնոլորտը օբյեկտիվ է, ապա այդ մթնոլորտի անբովանդակությունը բացարձակապես սուբյեկտիվ իրողություն է: Ներքաղաքական իրավիճակը, պայքարը, դիմակայությունը թեժացնում է ոչ թե պետական անվտանգությանն ու հեռանկարներին առնչվող որևէ բովանդակություն, այլ կեղծիքը, սուտը, այսպես ասած՝ ֆեյք նյուզը, հանրության հոգեբանական կետերի վրա խաղալու անբարո մղումը, պատերազմի զոհերի և անհետ կորածների, ռազմագերիների հարազատների զգացմունքների վրա խաղալու անբարոյությունը: Այդ ամենը վկայում է, որ այն, ինչ կատարվում է հետպատերազմյան Հայաստանում, ունի որպես նվազագույն նպատակ՝ Հայաստանում անկայուն և անորոշ մթնոլորտով երկիրը պարզապես խաղից նաև հետպատերազմյան շրջանում դուրս բերելը, իսկ որպես առավելագույն նպատակ՝ երկրում հանրայնորեն ոչ լեգիտիմ զարգացումներ խթանելով ուղղակի քաոսի մատնելն ու այդպիսով քաղաքացիական բախումների երկարատև գործընթաց հրահրելը:

Մենք հանձն չենք առնում որևէ մեկին մեղադրել այդ ամենին գիտակցաբար մասնակցելու կամ ծառայելու համար: Բայց ներկայիս գործընթացների մեջ գտնվող յուրաքանչյուր ոք թերևս պետք է հաշիվ տա ինքն իրեն, թե այդօրինակ իրադարձությունները ինչ հարց են օգնում լուծել, ինչ հարց են օգնել լուծել մինչ այժմ՝ այս ամիսների ընթացքում, և փոխարենը ինչ գործընթացների են խանգարում, որտեղ Հայաստանը, թերևս, կարող էր ավելի վստահ կեցվածք ունենալ անգամ պարտությունից հետո, եթե չլիներ ներքաղաքական օբյեկտիվ թեժության սուբյեկտիվ անբովանդակությունը: Բանն այն է, որ մարտահրավերների, ապագայի հեռանկարների շուրջ բովանդակային պայքարը Հայաստանը կուժեղացներ, անգամ շատ թեժ լինելու պարագայում էլ: Մինչդեռ, առավելապես զգայական հռչակումների վրա թեժացվող մթնոլորտը անում է բոլորովին հակառակը՝ ոչ թե Հայաստանին է տալիս հնարավորություն, այլ տալիս է հնարավորություն Հայաստանի հանդեպ: Թե ում, այստեղ թերևս կարող ենք թվարկել ամենատարբեր անուններ, թեև դրա կարիքը չկա էլ: Բավական է տեսնել, թե ովքեր են զբաղված Արցախի դեմ ագրեսիայից հետո ռեգիոնը բաժանելու գործով:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման շուրջ քննարկումները շարունակվում են, որոնք իհարկե մեծավ մասամբ հանգում են մտքին, որ լավագույն կամ առնվազն եղածների մեջ ամենառացիոնալ և հանրօգուտ, պետության և պետականության համար առավել նպաստավոր հանգուցալուծումը կարող է լինել արտահերթ ընտրությունը: Թվում է, որ դա անվիճելի հանգամանք է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունը միջոց է, որը ամենևին կախարդական փայտիկ չէ: Այսինքն՝ դրա անցկացումն ինքնին չի լուծի որևէ հարց, եթե չձևավորվի դրա շուրջ հանրային-քաղաքական կոնսենսուս: Այդ մասին խոսել ենք բազմիցս:

Արտահերթ ընտրությունը պետք է դառնա բոլորի ընտրությունը՝ իբրև հանգուցալուծման մեխանիզմ, այլապես այն աշխատող չէ: Անգամ մեծամասնության ընտրություն լինելու դեպքում այն աշխատող չէ, որովհետև հետո հարց է առաջանալու՝ ինչ է անելու մեծամասնությունը, եթե փոքրամասնությունը շարունակի մնալ փողոցում և վարել ապակայունացման վրա խաղադրույքով քաղաքականություն: Իսկ առնվազն դա անելու ռեսուրս այդ փոքրամասնությունն ունի: Մեծամասնությունն այդ դեպքում կստանա ուժի կիրառման լեգիտիմ իրավունք, բայց դա էլ չի լուծելու հարց, այստեղ չի կարող լինել որևէ կասկած:

Ըստ այդմ՝ գլխավոր հարցն այն է, թե ինչպես բերել ներքաղաքական դիմակայության կողմերին արտահերթ ընտրության շուրջ կամ որևէ այլ քաղաքական հանգուցալուծման մեխանիզմի շուրջ համաձայնության: Սա է գլխավոր խնդիրը: Այստեղ առավելագույն պատասխանատվությունը արմատական ընդդիմության դաշտում է, որովհետև համենայնդեպս այդ դաշտում է, որ իսպառ մերժվում է որևէ երկխոսության հնարավորություն: Եվ այստեղ է, որ առաջանում է հարցը կամ համոզումը, որ այդ ընդդիմության շրջանակում իրական օրակարգը պետությունը և դրա առաջ կանգնած մարտահրավերները չեն, այլ իշխանությունը, որի համար նրանք պատրաստ են նաև ստեղծել իրավիճակ, որից օգտվել կարող են միայն ու միայն այն ուժերը, որոնց ձեռնտու է Հայաստանը, այսպես ասած, խաղից հանելը:

Դրա մասին են վկայում և այն հայտարարությունները, որ հնչում են Ադրբեջանից և Թուրքիայից, որոնք, առերևույթ աջակցելով Հայաստանի իշխանությանը, իրականում ջուր են լցնում արմատական ընդդիմության ջրաղացին՝ խորացնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում իռացիոնալ և ապակառուցողական դիմակայությունն ու դիսկուրսը, թույլ չտալով Հայաստանում քննարկումներ, որոնք սկսելու են արդեն պտտել թեև պատերազմի հետևանքով վնասված, ծանր կորուստ կրած, սակայն դեռևս կանգուն ջրաղացը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի