Ցավոք, ռազմագերիների հետ կապված ծանր իրավիճակը շարունակվում է. մենք մինչև այս պահը իշխանության աշխատանքն այդ ուղղությամբ չենք տեսել. Նաիրա Զոհրաբյան

Ամեն օր անհետ կորած զինծառայողների ծնողները թակում են հնարավոր և անհնար բոլոր դռները: Այս պահի դրությամբ ռուս խաղաղապահները ստացել են 3500 դիմում հայ մայրերից անհետ կորած որդիներին փնտրելու համար, դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ թիվ է: Հանդիպում եմ ծնողների, որոնք արդեն փրփուրներից են կախվում իրենց երեխաներին գտնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով գերիների և անհետ կորածների հարցով իշխանության թերացումների մասին:

«Ծնողները փորձում են հավատալ տարատեսակ տեղեկությունների, թե իրենց որդիները, հատկապես, Արցախի հարավային հատվածում կարողացել են փրկվել, անցնել Իրանի սահմանը: Քանի որ այսպիսի հարցերով ինձ շատ էին դիմում, ես զանգահարեցի Իրանում մեր դեսպանին, որքան էլ, որ գիտեի պատասխանը բացասական է լինելու, որովհետև վստահ էի՝ եթե գոնե մեկ դեպք լիներ, իրանական կողմ այդ մասին կտեղեկացներ, ամեն դեպքում փորձեցի ճշտել, իհարկե, տարածվող տեղեկությունը կեղծ էր»,-ասաց նա:

Զոհրաբյանը նշեց՝ անգամ եղել են դեպքեր, երբ անհետ կորածների ծնողներն իրենց միջոցներով հասել են Թավրիզ, հանդիպել են հայ սրբազանի հետ, փորձել են հասկանալ, թե արդյոք իրենց հասած տեղեկությունը ճիշտ է: «Ծնողները չեն լռում, ամեն օր ահազանգում են, ծնողների հետ խոսում եմ, մի մասի որդիները ռազմագերի են, մի մասինը՝ անհետ կորածներ, փորձում եմ հավաքագրել բոլորի տեղեկությունները, ուղարկում եմ բոլոր հնարավոր կառույցներին, հիմնականում՝ ռուսաստանյան իմ գործընկերներին, որպեսզի փորձեն Ադրբեջանի իրենց գործընկերների միջոցով ներազդեցել իշխանության վրա՝ ռազմագերիներին բաց թողնելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանություններին, Զոհրաբյանը նշեց՝ որքանով տեղյակ է, ինչ-որ հանձնաժողով են ստեղծել ռազմագերիների հարցով զբաղվելու համար, սակայն չգիտի՝ով ինչ է անում: «Ես չգիտեմ իրենց աշխատանքի արդյունավետությունը, բայց եթե աշխատանքը արդյունավետ լիներ, ապա այսօր ռազմագերիների վերադարձի հարցը չէր լինի բացառապես Ալիևի և նրա խմբի բարի խամքի դրսևորում. երբ կուզի կվերադարձնի, երբ չի ուզի, չի վերադարձնի: Ցավոք, ռազմագերիներ հետ կապված ծանր իրավիճակը շարունակվում է»,-ասաց նա:

Պատգամավորը ներկայացրեց, որ Եվրոպական դատարանը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե՝ ասելով, որ Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին ներկայացնել հստակ տեղեկություն իրենց մոտ պահվող հայ ռազմագերիների թվի, առջողջական վիճակի վերաբերյալ: «Ապրիլյան նստաշրջանում, որը կմեկնարկի ապրիլի 19-ին, կարծում եմ՝ իմ և իմ գործընկերների զեկույցի հիմնական թեման լինելու է հայ ռազմագերիների խնդիրը»:

Զոհրաբյանը նշեց՝ երբ ծնողները հանդիպում են Կառավարության ներկայացուցիչների հետ, միայն լսում են խոստումներ կամ, որ սպասել է պետք: «Ավինյանը եթերում ասաց՝ այս գործը հանդարտություն, հանգստություն է ուզում և որ նրանք քրտնաջան աշխատում են այդ ուղղությամբ, մենք, ամեն դեպքում, այդ աշխատանքը մինչև այս պահը չենք տեսել: Ինչ ռազմագերի էլ, որ վերադարձվել է, եղել է բացառապես Ադրբեջանի կողմից, իմ կարծիքով՝ Ռուսաստանի ճնշման ներքո: Այսօր միակ երկիրը, որը կարող ռեալ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, Ռուսաստանն է»:

Զոհրաբյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումների ժամանակ, նախքան Սյունիքից հողեր տալը, միջանցք կառուցելը քննարկելը կարող էր հստակ դնել այն օրակարգը, որ անհապաղ պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիները: «Եթե ասեր, որ որևէ միջանցքի մասին խոսք չի կարող գնալ, մինչև վերջին գերին չվերադարձվի, ես վստահ եմ՝ Ալիևը կհամաձայնվեր, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսականորեն կարևոր է այդ միջանցքի ապահովումը: Փաշինյանի կողմից, ցավոք, սա չի արվել: Բայց մենք շարունակում ենք ամենօրյա ռեժիմով աշխատել»: