Գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի, իսկ թե ի՞նչ է այդ չթշնամանքը, կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ. Լենա Նազարյան

Կարծում եմ` ընտրությունների նախաշեմին, բոլոր քաղաքական ուժերն ովքեր հավակնում են խորհրդարանում լինել, պետք է խոսեն հայ-ադրբեջանական, և հայ-թուրքական խնդրի մասին և հայտնեն` ի՞նչ են մտածում և ի՞նչ են անելու. Aravot.am–ի «Կարմիր Գիծ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Մենք ասում ենք, որ գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի, իսկ թե ինչ է այդ չթշնամանքը, կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ: Դա կարող է լինել օրինակ մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ ընդհանուր շահերի շուրջ: Իրականում չթշնամանքը կառուցողականություն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»,- ընդգծեց նա:

Լրագրողի հարցին, նույնիսկ այն դեպքում, երբ իրենք հոխորտում են և մեր սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունե՞ն, Նազարյանը պատասխանեց. «Դժվար չէ Ալիևի չափ ապակառուցողական լինել, ասել՝ մենք էլ Ստամբուլը արյան ծով կսարքենք կամ Բաքվում չայ կխմենք, բայց գործընթացները դրանից չեն շահում, ես չգիտեմ որքանով մեր կառուցողականությունը կդրդի նրանց լինել կառուցողական, բայց ես վստահ եմ, որ մեր ապակառուցողականությունն իրենց կողմից էլ ավելի ապակառուցողական է լինելու»:

Հարցին, թե ե՞րբ իրերն իրենց անունով ենք կոչում, ասում ենք՝ թշնամի պետություն է, մենք ապակառուցողակա՞ն ենք դառնում, Նազարյանը պատասխանեց, որ իր կարծիքով մենք մեր բաժին կառուցվածքայնությունը պետք է դրսևորենք, և դրանից մեր ազգային արժանապատվությունը չի խոցվի, ոչ էլ ինքնապաշտպանության ներուժը կնվազի:

«Ես համոզված եմ, որ արտաքին քաղաքականությունը չպետք է խրամատում նստի, արտաքին քաղաքականությունը նրա համար է, որ շփվի տարածաշրջանում բոլոր գործոնների, դերակատարների հետ և ավելացնի մեր հնարավորությունները և նվազեցնի մեր ռիսկերը: Ի վերջո, հայ- թուրքական հարաբերությունների դեպքում մենք ունենք անվտանգային, տնտեսական  ռիսկեր և հնարավորություններ: Եվ հիմա արտաքին քաղաքականության դերը ի վերջո դա է, հո չե՞ն կարող անընդհատ ասել, որ մեր դեմ արյունարբու թշնամի է, մեր ճակատագիրն էլ այդպիսին է ոչինչ անել չենք կարող, դա վատ արտաքին քաղաքականություն է»,- ասաց նա:

Փոխնախագահը նշեց, որ համաձայն է ԱԳ նախարարի այս շաբաթ խորհրդարանում հայտնած կարծիքին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է լինենք պրագմատիկ և ճկուն: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա Նազարյանը նշեց, որ ամեն շաբաթ պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ հանդիպում են մարզերի  քաղաքացիների հետ, նկատում, որ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ միակ անհանգստությունը ճանապարհների ապահով լինելն է:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խորհրդարանում վերջին անգամ խոսելով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբում անելիքների մասին, ասեց, որ իրենք էլ են կառուցողական գործում: Իհարկե, գերիների հարցում շարունակում են լինել ապակառուցողական»,– ասաց նա: