Եթե ազնիվ, թափանցիկ ընտրություններ չլինեն, ժողովուրդը հորդալու է դուրս և պրոցեսները կտեղափոխվեն հունիսի 21. Միքայել Մելքումյան

ՍԴ–ի կողմից ընդունված որոշումները վերջնական են, քննարկման ենթակա չեն, եթե այլ բաներ պետք է որակավորվի, դա արդեն դատական համակարգի խնդիրն է, որոշումն ընդունել է իրենց կողմից ձևավորված ՍԴ դատարանը, հաշտվեք, վերջին հաշվով պետությունը պետք է իմանա, որ եթե կա ՍԴ, պետք է հաշվի նստել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով օրեր առաջ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը այցելում է մարզեր, խոսում հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ, սակայն քարոզարշավը դեռևս չի մեկնարկել, Մելքումյանը պատասխանեց, որ ցանկություն չունի հետևելու Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին, լսելու, թե ինչ է ասում, սակայն իր կարծիքով, հավանաբար, այցելում է մարզեր, որպեսզի ուսումնասիրի մարզերի վիճակը. «Ըստ երևույթին՝ ինքը մինչև հրաժական տալն ուսումնասիրում է՝ ժողովուրդն ի՞նչ մոտեցումներ ունի: Մենք տարբեր տեղեկություններ ենք լսում, որ վարչական ռեսուրս է օգտագործվում, մարդկանց են բերում: Մարդկանց բերում են, թե ոչ միևնույն է, ինքը հասկանալու է, թե ինչ է կատարվում, որպեսզի գնահատի այն ապագա ռիսկայնությունը, որոնք հունիսի 20-ին կարող են լինել»:

Մելքումյանը նշեց, որ վստահ է՝ այն քաղաքական ուժը, որը պարտվել է սոցիալական, տնտեսական ծրագրեր իրականացնելիս, չի կարող ընտրություններին հաղթել.  «Ցավոք սրտի, իշխանության կողմից հրամցվում է, որ ընտրությունը լինելու է երկու երևույթի միջև՝ գործող իշխանություն, որոնք հանձնել են հայրենիքը և նախկին թալանչիների, այսինքն՝ ուրիշ այլընտրանք չկա, որ կարող են նոր ուժեր գան: Իրենք մանիպուլյացնում են, պետք չէ մեկը մյուսին հակադրել, կան նոր ուժեր, կան այլընտրանքներ: Այս փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն, ինչ դուք մտածում եք, այդպես չի լինելու, գալու է մի բան, որին մենք չենք սպասում»:

Հարցին, թե 17 ուժերի մեջ կային նախկին ուժերից կուսակցություններ արդյո՞ք դուք չեք ժողովրդին տրամադրում, որ ընտրությունը լինելու է երկու բևեռի մեջ, Մելքումյանը նշեց, որ 17 կուսակցություները համախմբվել էին հող հանձնած անձի հեռանալու գաղափարի շուրջ, և արտահերթ ընտրություններն այդ պայքարի արդյունքն է.

«Մենք հայտարարել ենք, որ մենք ընտրություններիգնում ենք միայնակ, առանձին ցուցակով: Քանի որ Սահմանադրական ճանապարհով հրաժարականը տեղի չի ունենում, մենք պետք է մի ֆորմուլա գտնենք, որ հրաժարական տեղի ունենա, և պետք տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որպեսզի հանգուցալուծում լինի: Իսկ ընտրությունն արդեն ժողովրդի կամարտահայտության ապահովումն է, իսկ եթե ընտրություններն ազնիվ, թափանցիկ չլինեն, ժողովուրդը հորդալու է դուրս և պրոցեսները կտեղափոխվեն հունիսի 21, որպեսզի տեր կանգնի իր ձայնին»: