Թե՛ Փաշինյանը և թե՛ «17+» ուժերը երկիրը տանում են ցնցումների, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 3 ամսից ոչ ուշ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, թե Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից հեռացնելու ամենավճռական քայլը կատարեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սահմանադրական դատարան չդիմելով։ «Հետագա բոլոր գործողությունների համար նա կրում է պատասխանատվություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Մանուկյանը նաև նշել է, թե արտահերթ ընտրությունների հարցում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ լինել չեն կարող: «Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններն անհեթեթություն եմ համարում։ Ես անձամբ ոչ մի դեպքում չեմ համաձայնի ընտրություններին։ Դա կնշանակի՝ ինքը մարսեց այն, ինչ մինչև հիմա արել է։ Եթե ես լինեի Օնիկ Գասպարյանի փոխարեն, միանգամից կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Վազգեն Մանուկյանը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ թե՛ «17+» ուժերը և թե՛ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում են ցնցումների: «Լուծումը մեկն է։ Պետք  է չեղարկվի ռազմական դրությունը, հետո՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Որպես  իշխող կուսակցության լիդեր՝ ինքը պետք է ձևավորի ժամանակավոր անցումային  կառավարություն, որտեղ  չպետք է ընդգրկված լինեն «Իմ քայլի» ու 17 ուժերի ներկայացուցիչները։ Եվ երրորդ՝  պետք է հրատապ հայտարարվի արտահերթ ընտրությունների օրը՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում։ Հակառակ դեպքում երկիրն ամեն օր քանդում են՝ «17+»-ն ու Նիկոլը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Մակեյանն ասաց. «Վերը նշված ուժերը առանց կաշկանդվածության ու ամոթի, հանուն աթոռը պահելու, մյուսն էլ այդ  աթոռը զավթելու համար ընդունակ են ամեն ինչի։ Առանց այն  էլ մենք  շատ մեծ բան կորցրել ենք, 5000-ից ավելի զոհ, վիրավորներ, հայրենիքի կորուստ։ Դավաճան բառն արդեն դարձել է  առօրեական, բայց սա Աստծու կողմից չի ներվելու։ Ժողովուրդն այս պահին սպասողական վիճակում է, մի մասը դեռ շոկից դուրս չի եկել, բայց ես  չեմ էլ կարծում, թե երկար կարելի է  սպասել»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այսօր ամեն մի ուժ իր սեփական խաղն է խաղում. «17-ը խաղում է բոլորը բոլորի հետ սկզբունքով։ Նրանք նախագահ, շտաբի պետ էին մի շաբաթ առաջ գովերգում, որովհետև աջակցում էին իրենց հակասահմանադրական, ցանկացած գնով իշխանությունը զավթելու գործընթացին։ Հիմա երբ տեսան, որ նրանց քայլերն իրենց համահունչ չեն, սկսեցին քննադատել։ Նիկոլ Փաշինյանն էլ լրիվ գժվել է, որևէ բանի ընկալում չունի, որևէ բանից հետևություն չի անում։ Երկու կողմն էլ իրար արժանի են, ու երկուսն էլ երկիրը տանում են ցնցումների։ Թե ուր է վերջը լինելու՝ հայտնի չէ, նորից արյուն թափվի՞ քաղաքի կենտրոնում։ Խնդիրը պետք է լուծի Նիկոլ Փաշինյանը։ 17 ուժերը ընդունակ են ամեն ինչի, բայց պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ինքը հարցը չլուծի՝ կդառնա մեր ազգը կործանողը»։

Պետրոս Մակեյանը կարծում է, որ 17 ուժերը չունեն հանրային աջակցություն, փոխարենը ունեն ֆինանսական ռեսուրս. «Այդ մարդիկ ժամանակին եղել են իշխանության, ունեն մեդիա ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներով էլ կարող են վարձու մարդկանց վերցնել։ Իսկ Հայաստանում, ցավոք սրտի, այդ որակի մարդկանց գտնելը դժվար չէ։ Նրանք կարող են տանել ցանկացած զարգացման։ Եթե Նիկոլ  Փաշինյանը չի հասկանում, ես հրապարակային ասում եմ՝ ծայրաստիճան վատ վիճակ է»։

Նրա դիտարկմամբ՝ Բաղրամյանում  բեմականացված թատերական ներկայացումը՝ Չաուշեսկուների գնդակահարության հետ կապված, մեսիջ էր: «Նիկոլը պետք է քայլ անի, դուրս գա արենայից ու նշանակի արտահերթ ընտրությունների օր, այդ ընթացքում էլ՝ անցումային կառավարություն։ Հակառակ դեպքում և՛ իր վերջն է վատ լինելու, և՛ երկրի վերջը»,- եզրափակեց նա։