ԲՀԿ-ն էլ է տեսնում` Վ․ Մանուկյանի պայքարի մեթոդներն արդյունավետ չեն. Ծառուկյանը պետք է հստակեցնի՝ որ տարբերակին է կողմ

Չորս ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսել է կուսակցության առաջիկա անելիքների և արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին։ Նա մասնավորապես նշել է. «Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն: «Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ եմ հանդիպել, կհանդիպեմ նաև Փաշինյանի հետ։ Ինձ թվում է` շուտով հանդիպումը կլինի, և բոլորդ էլ տեղյակ կլինեք։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի պատասխաններից միանշանակ կարծիք կազմել հնարավոր չէ։ Դեռևս կան որոշ հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն: «ԲՀԿ առաջնորդը մասնավորապես նշեց, որ մինչև վարչապետը հրաժարական չտա՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Այսինքն՝ վարչապետի այն տեսակետը, որ ինքը մնում է վարչապետ, Ազգային ժողովն է լուծարվում, ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում՝ փաստորեն չի աշխատելու, և ԲՀԿ-ն դեմ է այդ մեխանիզմով արտահերթ ընտրություններին։ Վարչապետի հրաժարականից հետո նոր կլինեն արտահերթ ընտրություններ, բայց ե՞րբ։ Այստեղ տեսակետների հստակեցում է պետք։ Այսինքն՝ ԲՀԿ-ն ընդունո՞ւմ է այն տարբերակը, որ վարչապետը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում, ու գնում են արտահերթ ընտրությունների։ Եթե կուսակցությունն այդ տեսակետն է պաշտպանում, ապա դա բնականաբար հակասության մեջ է մտնում «Հայրենիքի փրկության շարժման» տեսակետի հետ, որովհետև ՀՓՇ-ն նշում է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, Վազգեն Մանուկյանը մեկ տարով դառնա վարչապետ, մեկ տարի հետ նոր գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ԲՀԿ-ի ոչ հստակ պատասխանից դեռ հայտնի չէ՝ արդյոք կուսակցությունը հակադրվո՞ւմ է ՀՓՇ-ի տեսակետին, թե՞ ոչ. «Մինչև հարցը չհստակեցվի, մենք չենք կարող ասել՝ կա՞ տարբերություն, թե՞ ոչ։ Եթե ասում են՝ այո՛, վարչապետի հրաժարականից հետո անմիջապես տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ուրեմն կա տարբերություն։ Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ արդեն երկրորդ անգամ «Բարգավաճ Հայաստանը» պնդեց, որ առանձին է մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Եթե դաշինք ստեղծվեր, ենթադրաբար դա լինելու էր երկրորդ նախագահի շուրջ դաշինքը, բայց փաստորեն ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանց դաշինքի է մասնակցելու։ Ուստի եթե երկրորդ նախագահը դաշինք ստեղծի, այդ դաշինքի մեջ «Բարգավաճ Հայաստանը»-ը չի լինելու»։

Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը նշեց՝ ընտրություններին բոլորն առանձին են մասնակցելու, իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» նրա համար է, որ հասնի վարչապետի հրաժարականին, Վազգեն Մանուկյանը դառնա վարչապետ, ու մեկ տարի հետո լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Բայց ինչքան տեսնում ենք, իր պայքարի տեխնոլոգիաները դրան չեն բերում։ Հավանաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ է դա տեսնում, այսինքն՝ համարում է, որ արդյունավետ չէ այն պայքարի տեխնոլոգիան, որ իրականացնում է «Հայրենիքի փրկության շարժումը»։ Իսկ եթե դա արդյունավետ չէ, ԲՀԿ-ն որպես քաղաքական ուժ պետք է իր մասին մտածի։ Նորից վերադառնում ենք առաջին կետին՝ ԲՀԿ-ն ո՞ր տեսակետին է կողմ՝ վարչապետը հրաժարական է տալիս ու անմիջապես գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞ն, թե՞ Վազգեն Մանուկյանը դառնում է վարչապետ, նոր մեկ տարի հետո լինում են արտահերթ ընտրություններ։ Այստեղ հստակեցում է պետք»։