Իշխանության հետ այլևս հուշագիր չենք կնքի, իշխանությունը ոչ մի ընտրություն չի ուզում անել, իրենց ներսում մեծ խնդիր կա․ Էդմոն Մարուքյան

Այս փուլում գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է, և Սահմանադրական դատարանը հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարունակի պաշտոնավորել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ ՀՀ նախագահը հնարավորություն է ստեղծել, որ եթե Սահմանադրական դատարանը քայլ ունի, այդ քայլը անի։ «Իշխանության հետ այլևս հուշագիր չենք կնքի, քանի որ այս փուլում այն առաջարկությունը, որը ներկայացրել են, այլևս ուժի մեջ չէ, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը մեր օրակարգում է, քանի որ երկիրը այս ճգնաժամից հանելու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են։ Ոչ մի բարիերներ չունենք քաղաքական որևէ ուժի կամ որևէ ուժի լիդերի հետ քննարկումները շարունակելու, որպեսզի Հայաստանը այս վիճակից դուրս գա»,–ասաց նա և նշեց, որ իրենց հետ ուզում էին նախապայմաններով խոսել, ինչի հետ չեն համաձայնել։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց մեկնած ձեռքը մերժվել է։ «Եթե չլինեն արտահերթ ընտրություններ, երկիրը շարունակելու է մխրճվել ներքաղաքական հումանիտար, սոցիալական ճգնաժամի մեջ։ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը դարձել է Հայաստանի զինված ուժերի օրակարգը, ով դեմ է այդ օրակարգին, ուրեմն դեմ է գնում Զինված ուժերին»,–ասաց նա և նշեց, որ իշխանությունը ունի զիջումների մեծ գործիքակազմ, բայց գնում է կործանարար ճանապարհով, կապրիզներով։

«Ես հիմա տեղեկություն ունեմ, որ իրենք ոչ մի ընտրություն չեն ուզում անել, ես տեղեկություն ունեմ, որ իրենց ներսում մեծ խնդիր կա, նախարարներ, որոնք պատահական դարձել են նախարարներ, պատգամավորներ, որոնք բախտի բերմամբ դարձել են պատգամավոր, այս բոլոր մարդիկ դեմ են ընտրություններին։ Առանց նախապայմանների մենք պատրաստ ենք ընտրություններին, դա նշանակում է՝ ցրեք խորհրդարանը, գնացեք արտահերթ ընտրությունների։ Ուզում եք հուշագիր, 88 հատ թուղթ ստորագրեք ձեր 88 հոգու հետ, այսինքն՝ սրանից արձանագրում ենք, որ ընտրական պրոցեսի իբր թե ջատագովումը  (լոբբինգ – խմբ․) իշխանությունների կողմից դա ֆեյք է։ Իշխանությունը ոչ մի զիջման չի գնացել, և դա լկտի սուտ է, և մենք հերիք ու բոլ եղավ, որ այդ թելը թելենք։ Ոնց որ Շուշին է ընկել, այդպես էլ այս իշխանությունն է ընկնելու, այսինքն՝ այնքան ձգում է, որ ամբողջությամբ կործանվի, պետականությունն էլ հետը կործանվի»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ի դիրքորոշմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ամեն ուժ ինքն է որոշում իր վարքագիծը։ «Այս օրերի ընթացքում ուզում եմ հատուկ նշել, մի շարք գործիչներ հատել են որոշակի կարմիր գծեր մեր կուսակցության նկատմամբ՝ լկտի վիրավորանքներով, բառամթերքով մեզ հետ խոսելու առումով։ Ուզում եմ ամենաբարի նկրտումներով հորդորել, որ դադարեցնեն, դեռ ոչ մեկ չի խերվել մեզ հետ կամուրջները այրելու գործից։ Եթե մտանք վիրավորանքների անձնական տիրույթ, վստահեցնում եմ՝ անպատասխան չի մնա, ոչ թե դիմելու ենք դատարան, այս երկրում դատարան չկա, բայց ուրիշ  բազմաթիվ մեխանիզմներ կան»,–ասաց նա։