«Դե, զանգի՛ր ինձ․ Էրդողանը սպասում է Բայդենի զանգին»․ Ստ. Տարասովը`թուրք–ամերիկյան հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև քաղաքական հարաբերությունների հնարավոր զարգացումներին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարածաշրջանային քաղաքականությանը։

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

Սպիտակ տունը հերթական հարվածն է հասցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հավակնություններին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս հեռախոսազրույց չի ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, ասել է. «Իհարկե, կան աշխարհի շատ առաջնորդներ, որոնց նախագահը դեռևս պետք է զանգի, և նա դա կանի առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում: Համոզված եմ, որ նա ինչ-որ պահի կխոսի Էրդողանի հետ»:

Նման դադարը սկսել է քանդել կոորդինատների համակարգն Էրդողանի գործողություններում, որը հպարտանում էր աշխարհի հիմնական ուժային կենտրոնների ղեկավարների հետ անմիջական շփում ունենալու հնարավորությամբ՝ դրանով իսկ ընդգծելով Թուրքիայի կարևորությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Իսկապես, նա բազմաթիվ անձնական հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, շփումներ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, զրույցներ է ունենում եվրոպական երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների ղեկավարների հետ: Սակայն, դատելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի անձանց կողմից պատրաստված «փաստավավերագրական հետաքննություններից», Էրդողանը հենց նրա հետ է առավել վստահելի հարաբերություններ զարգացրել: Ինչպես գրում է ամերիկացի հեղինակավոր լրագրողներից մեկը՝ Կառլ Բերնշտեյնը, որը ժամանակին կանգնած է եղել «Ուոթերգեյթի սկանդալի» հետևում, «Թրամփն ամենից շատ հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի ղեկավարի հետ, և գրեթե բոլորը վերջինիս նախաձեռնությամբ»: Բեռնշտեյնի խոսքով` Էրդողանը շաբաթը երկու անգամ զանգահարել է Սպիտակ տուն: Թրամփը հատուկ հրաման էր տվել Թուրքիայի նախագահին անմիջապես միացնել։

Երբ Անկարայում հայտնի է դարձել, որ Թրամփը պարտվել է նախագահական ընտրություններում, փորձ է արվել կապեր հաստատել Ջո Բայդենի շտաբի հետ: Էրդողանը Բայդենի հետ հեռախոսազրույց ունենալու խնդրանք է հայտնել, սակայն Վաշինգտոնը ոչ միայն անտեսել է այս խնդրանքը, այլև հասկացրել, որ «երկու երկրների միջև առանց խնդիրների հարաբերությունների դարաշրջանն ավարտվել է», «Սպիտակ տունը հարաբերություններում հեռավորություն կպահպանի՝ Թուրքիային չի աջակցի որպես տարածաշրջանային մոդել, ոչ էլ կթիրախավորի Թուրքիան որպես աշխարհաքաղաքական գործընկեր», գրել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի ավագ քաղաքական գործիչ Մի Ասլի Այդինտասբասը։ Այս դիրքորոշումն առկա է առ այսօր, Էրդողանին շարք են կանգնեցրել։ Վաշինգտոնից Անկարա կատարված քիչ, թե շատ կարևոր զանգերից կարելի է առանձնացնել Բայդենի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանի և Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի մեկ ժամ տևած զրույցը: Հետաքրքրական է, որ այս խոսակցության բովանդակությունը տարբեր առումներով լուսաբանվել է թուրքական և ամերիկյան լրատվամիջոցներում: Ամերիկացիներն առաջին պլան են բերել «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտներին և օրենքի գերակայությանն աջակցելու» խնդիրները՝ «ռուսական C-400 հակահրթիռային կայաններ ձեռք բերելու» հարցը տեղափոխելով երկրորդ պլան: Թուրքերի համար ճիշտ հակառակն է, ինչը պատահական չէ:

Առաջին օրը չէ, որ Անկարան C-400 հակահրթիռային կայանների քարտն է խաղարկում ամերիկացիների հետ՝ նշելով, որ պատրաստ է փոխել իր վերաբերմունքը, սակայն միայն այն դեպքում, երբ Միացալյալ Նահանգները հրաժարվի Սիրիայի քրդերին աջակցելուց և վերանայի Մերձավոր Արևելքի որոշ ուղղություններով իր քաղաքականությունը: Ավելին, Բայդենի երդմնակալությունից անմիջապես հետո թուրքական կողմը հայտարարել է Ռուսաստանից C-400 համակարգերի երկրորդ խմբաքանակ գնելու մտադրության մասին` կարծես շեշտելով, որ դա Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական խոչընդոտն ու սակարկությունն է: Սակայն Բայդենը Թրամփ չէ: Նա լավ է ճանաչում Թուրքիան և հասկանում է, թե ինչպես է թուրքական դիվանագիտությունը կարողանում իր շահերին ծառայեցնել ուժային կենտրոնների ռեսուրսները՝ հավասարակշռություն պահպանելով դրանց միջև: Բոլոր ցուցիչներով, նա որոշել է նեղացնել ամերիկյան ուղղությամբ մանևրելու Անկարայի հնարավորությունը: Ինչպես նշում է Bloomberg-ը, հղում տալով իր աղբյուրներին, եվրոպական հարթակից Թուրքիայի դեմ կարող է հարձակում սկսվել ոչ միայն Միջերկրական ծովում իր ստեղծած խնդիրների, այլ նաև Ղարաբաղյան պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցության պատճառով, որի համար Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չի ենթարկվել։ Ըստ The New York Times-ի, Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ–ի քաղաքականությունը կառուցվելու է գաղափարական հիմքի վրա:

Թերթը գրում է, որ Բայդենն Էրդողանին «ավտոկրատ» է համարում: ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը «պետք է աջակցի Էրդողանի հակառակորդներին, որպեսզի նրանք ընտրություններում հաղթեն»: Նրա խոսքով՝ Էրդողանը «պետք է վճարի»: Ի դեպ, ամերիկացի շատ փորձագետների կարծիքով, այդպիսի «գաղափարական ծածկոցով» ԱՄՆ-ն ծածկելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Էրդողանը կարող էր անցնող չորս տարիներին անել այն ամենն, ինչ ուզեր՝ այն պատճառով, որ Սպիտակ տանն ընկեր ուներ», – ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ Բոբ Մենենդեսի՝ Թուրքիայի հարցով խորհրդական Դեմիան Մերֆին: «Այս ամենը, իհարկե, կփոխվի Վաշինգտոնի տեսանկյունից, որն ավելի պատասխանատու կդառա տարածաշրջանում և Էրդողանի հարցում»: Այնպես որ, ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան C-400 համակարգերին առնչվող խնդիրները: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքերով, ամերիկացիները մտադիր են Մերձավոր Արևելքում «հավաքական անվտանգության նոր համակարգ» կառուցել, որում Թուրքիային «կվերադարձնեն ՆԱՏՕ-ի իր նախկին շարքերը», հակառակ նրան, որ թուրք-ամերիկյան որոշ վեճեր ոչ մի ակնհայտ լուծում չունեն։ Պետք է հավելել նաև այն փաստը, որ Էրդողանը փորձում է խաղալ նաև արևմտյան ճամբարում, սակայն այնտեղ նա կաշկանդված է իր գործողություններում:

Էրդողանը մտադիր չէ խզել կապերն Արևմուտքի հետ: Սակայն, ինչպես գրում է Sözcü-ի թուրքական հրատարակությունը, առայժմ Անկարան առաջ է մղում միայն C-400 համակարգերի հարցը. ԱՄՆ-ին հակադրելով Ռուսաստանի հետ համագործակցությունն այնպիսի ռազմավարական հարցում, ինչպիսինը հակաօդային պաշտպանությունն է, Թուրքիան ցանկանում է ներքաշել «սևի անցքի» մեջ ներքաշել  ամերիկյան արտաքին քաղաքականությունը ոչ միայն իր, այլև ամբողջ տարածաշրջանի ուղղությամբ: Այնուամենայնիվ, Անկարան քաջատեղյակ է, որ Բայդենի վարչակազմը իր տարածաշրջանային քաղաքականությամբ շատ տարբեր կլինի Թրամփի վարչակազմից: Այնպես որ, Էրդողանին չզանգելու Բայդենի որոշումը զարմանալի չէ: Նա սպասում է, մինչ իր աշխատակազմը Թուքիայի ուղղությամբ նոր լուծումներ կառաջարկի: