Եթե նախագահը հանրության արժանապատիվ հատվածի պահանջն ի կատար ածի, պետք է վաղը դիմում ներկայացնի ՍԴ՝ վիճարկելով Փաշինյանի՝ ԳՇ պետին ազատելու առաջարկության սահմանադրականությունը. Արծվիկ Մինասյան

Այն, ինչ նախագահը հայտարարեց, անբացատրելի ու անտրամաբանական է նրա առաջին քայլից հետո, որովհետև նրա առարկության հիմքում դրված էին սահմանադրական այն նորմերը, որոնք բացառիկ իրավունք են վերապահում 5 տարի ժամկետով նշանակվող ԳՇ պետին: Այս մասին Tert.am-ի «Բանակ և անվտանգություն» խորագրով քննարկմանը ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելուն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելուն:

«Ավելին՝ ազատման հիմքերի տեսակետից բավարար հիմնավորվածություն ներկայացված չէ, թե ինչ պատճառով պետք է ազատվի մի կառույցի ղեկավարը, որը, ըստ Սահմանադրության, անվտանգության երաշխավորն է: Չի կարող որևէ անձ, ներառյալ՝ Կառավարության ղեկավարը, առանց որևէ հիմքի, ըստ քմահաճույքի, ցանկության ազատել ԶՈւ ԳՇ պետին, կամ որ նույնն է՝ ԶՈւ անմիջական հրամանատարին»,-ասաց Մինասյանը:

Նա նշեց նաև՝ Սահմանադրության կարգավորման համաձայն՝ ԶՈւ ԳՇ պետը քաղաքական կամ հայցողական պաշտոն չէ, այն մի կարգավիճակով անձ է, որ մասնագիտական և սահմանադրական լիազորությունների շրջանակում դուրս պետք է լինի քաղաքական ղեկավարության որևէ վարքագծից:

Դիտարկմանը, թե իշխանությունը հակասում է՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը քաղաքական հայտարարություն է, Մինասյանն արձագանքեց, թե այդ կերպ ներկայացնելը կոպտագույն սխալ է:

«Դա մանիպուլյացիա է, որովհետև ԶՈւ ԳՇ-ն, հրամանատարական կազմը տվել է գնահատական այն մարմնի գործունեության վերաբերյալ, որը պետք է ապահովեր ԶՈւ-ի համար պատշաճ այնպիսի հնարավորություններ, որ վերջինս կարողանար ապահովել անվտանգությունը, մինչդեռ «ոչ ադեկվատ» արտահայտությունը պատահական չէ, որ Կառավարությունը ոչ ադեկվատ է, այսինքն՝ չկան այն անհրաժեշտ հիմքերը, որոնք հնարավորություն կտային հայոց բանակին՝ իրականացնել իր սահմանադրական առաքելությունը»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ շատ կոնկրետ մեղադրանքներ կային անարդյունավետության, ապիկարության և բանակը հեղինակազրկելու մասին:

«Ես կարող եմ համոզմունք հայտնել, որ այս գնահատականների ներքո կան նաև դրանք հիմնավորող փաստեր, որոնք ծանր հանցագործությունների և առանձնապես ծանր հանցագործությունների փաստեր են: Հիմա պետք է ԶՈւ հրամանատար կազմը պահանջի քրեական գործի հարուցում՝ Քրեական օրենսգրքի՝ պետական անվտանգության հոդվածներին համապատասխան՝ պետական դավաճանությունից մինչև վնասարարություն, պաշտոնեական դիրքի չարաշահում, որի դեպքում Գլխավոր դատախազությունն ուղղակի պարտավոր պետք է լինի հարուցել քրեական գործ»,- ասաց նա՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Դատախազությունը պարտավոր է ժամանակավորապես կասեցնել վարչապետի աթոռն զբաղեցրած անձի գործունեությունը:

«Ամեն Սարգսյանը խաղում է նույն խաղում, ինչ վարչապետն էր ի սկզբանե ծրագրել: Եթե նախագահը հետևողական լինի իր առաջին գործողությանը և հանրության արժանապատիվ հատվածի պահանջն ի կատար ածի, պետք է գոնե վաղը դիմում ներկայացնի ՍԴ՝ վիճարկելով Փաշինյանի առաջարկության սահմանադրականությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը: